ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս անգամ ևս խուսափեց «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց: ԱՄՆ նախագահն իր ելույթում ողջունել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունն այն մասին, որ 1915-ին տեղի ունեցածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Օբաման նշել է, թե «ողջունում է Ֆրանցիսկոս պապի, թուրք և հայ պատմաբանների տեսակետները, ինչպես նաև բոլոր նրանց կարծիքները, ովքեր ջանքեր են գործադրել պատմության այս մութ էջերին լույս սփռելու ուղղությամբ»:
Armlur.am-ը զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի հետ` պարզելու նրա տեսակետն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարության հետ կապված:
-Պարո´ն Շիրխանյան, փաստորեն Բ. Օբաման այս անգամ ևս խուսափեց 1915 թվականին տեղի ունեցածը անվանել Ցեղասպանություն: Ի՞նչ կորցրեց այս ամենից Հայաստանը, արդյո՞ք սա կարելի է համարել Թուրքիայի հաղթանակը:
-Դրանից կորցրեց ինքը Օբաման, ինքը շատ մեծ բան կորցրեց, կորցրեց վստահությունը, կորցրեց հավատը, հարգանքը ոչ միայն իր, այլ նաեւ այդ երկրի հանդեպ, որովհետեւ Հռոմի պապի հայտարարությունից հետո, Եվրախորհրդարանի հայտարարությունից հետո Օբամայի խուսափելը միայն մի բան է նշանակում, որ այդ երկիրն ի վիճակի չի ընկալել ճշմարտություն եւ արդարություն: Ես նույնիսկ կասեի, որ մեզ համար վիրավորական է, եթե նա ընդունի Ցեղասպանությունը՝ մեր զոհերի հիշատակին է վիրավորանք այդքանից հետո: Ու դա մեզ բոլորովին պետք չէ, առավել եւս, որ Օբաման մտնելով Սպիտակ տուն` իր քայլերով, իր նախաձեռնություններով հրահրեց մի քանի երկրներում պարզապես ցեղասպանություն: Մեզ նրա ճանաչումը եւ ընդունումը պետք չէ՝ ես դա ընդունում եմ վիրավորանք մեր զոհերի հիշատակին:
-Այսինքն այն ինչ տեղի ունեցավ հայ ժողովրդի օգտին էր, գո՞հ եք
այս իրավիճակից:
-Ես ո´չ գոհ եմ, ո´չ դժգոհ եմ, տուժողը ինքն է, նա խայտառակ արեց իրեն եւ իր երկրին: Իսկ այդ խուսափողականությունը ես բացատրում եմ միայն մի բանով, որ վաղը կարող են նրանից պահանջել, որ ընդունի, որ իրենք իրականացնում են Ցեղասպանություն Սիրիայում, Ուկրաինայում եւ այլուր: Դրա համար ինքը խուսափում է այդ բառի, երեւույթի ընդունումից:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ