Հոկտեմբերի 6-ին ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել էր Վայոց ձորի մարզ` մասնակցելու գյուղական համայնքների 2-րդ համաժողովի ամփոփիչ լիագումար նիստին: “Ժողովուրդ”-ի աղբյուրները հայտնում են, որ նիստից հետո Սարգսյանը “ներքին հրահանգ” է տվել ՏԻՄ ընտրություններում չընտրված բոլոր քաղաքապետերին ու գյուղապետերին` սահմանված ժամկետից շուտ հրաժարականներ ներկայացնել:
“Ժողովուրդ”-ը նշում է, որ չընտրված, բայց գործող համայնքապետերը, ըստ “Տեղական ինքնակառավարման մարմինների մասին” ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի, 30 օր իրավունք ունեն պաշտոնավարել: Սակայն Սարգսյանը հորդորում է խախտել օրենքը և ժամանակից շուտ հրաժարականներ ներկայացնել: Այս առիթով արդեն հրաժարականի դիմում գրած Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանը “Ժողովուրդ”-ին ասել է. “Կարծում ենք սենց ճիշտ ա, որովհետև տենց տորմուզ ա անում քաղաքի զարգացմանը, քաղաքի աշխատանքներին: Ես իմ համար եմ տենց արել, որ նոր քաղաքապետը իր գործն անի”: