Իտալիայի հավաքականը երեկ ևս մեկ մարզում անցկացրեց Կովերչանոյում, ըստ որի իտալական լրատվամիջոցները փորձել են պատկերացնել, թե ինչ կազմ խաղադաշտ դուրս կբերի “Կոմիսարիո տեկնիկո” Չեզարե Պրանդելին և, մասնավորապես, ինչ դասավորվածություն նա կընտրի, հաղորդում է “Արմսպորտը”։ Ըստ ամենայնի, Իտալիան կխաղա 4-3-1-2 տարբերակով։
Պաշտպանության գծում, կենտրոնում կգործի “Յուվենտուսի” Բարցալյի-Բոնուչի զույգը։ Եզրերում կխաղան հավաքական վերադարձած Դոմենիկո Կրիշիտոն՝ ձախից, Կրիստիան Մաջիոն՝ աջից։
Կիսապաշտպանների եռյակը կունենա այսպիսի տեսք. հենակետայինների պարտականությունները կկատարեն Դանիելե Դե Ռոսսին ու Կլաուդիո Մարկիզիոն, իսկ նրանց թիկունքից կգործի Անդրեա Պիրլոն։
Եռյակի առջևում, հարձակվողների թիկունքում կխաղա Ռիկարդո Մոնտոլիվոն, ով կփորձի օգնել հաջողության հասնել Մարիո Բալոտելիին, ինչպես նաև ևս մեկ հարձակվողի։ Երկրորդ հարձակվողը կլինի կամ Պաբլո Օսվալդոն, կամ Սեբաստիան Ջիովինկոն։
Մարզման վերջում Պրանդելին փորձարկել է նաև 4-3-3 տարբերակը։ Այստեղ կազմից դուրս է մնում Մոնտոլիվոն, և նրա փոխարեն ևս մեկ ֆուտբոլիստ միանում է հարձակմանը։ Ստացվում է Ջիովինկո – Օսվալդո – Բալոտելի եռյակը՝ առջևում։