Փետրվարի 5-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքում Անահիտ Զաքևոսյանի սպանության գործով սայլը, կարծես թե, տեղից շարժվում է: Armlur.am-ի հետ զրույցում Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանն ասաց, որ այս օրերին գյուղում խոսակցություններ կան, թե կնոջ սպանության գործով որոշակի կասկածյալներ կան.
«Այս խոսակցությունների հետ կապված ես փորձել եմ ոստիկանությունից տեղեկանալ, թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով, ինձ ոչինչ չեն ասում: Երևի դա էլ ճիշտ քայլ է: Գիտե՞ք` ես հանդիպել եմ սպանված կնոջ ամուսնուն, հետաքրքրվել եմ, բայց այդ մարդն իրեն շատ վատ է զգում, ուստի քաղաքավարությունից ելնելով ինձ թույլ չեմ տալիս շատ հարցեր տալ, սպասենք տեսնենք»:
Հիշեցնենք, որ 51-ամյա Անահիտ Զաքևոսյանին սպանել էին իր սեփական տանը` դանակի 55 հարվածներով: Ավելի վաղ հայտնել էինք, որ սպանության գործով գրեթե բոլոր հարևանները հարցաքննվել են: Ավելին՝ ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ սպանված կնոջ ամուսինը տեսել է հանցագործին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը նշել է, որ սպանված Անահիտի ընտանիքը գյուղում փոքրիկ խանութ ունի, որն էլ նրանց ապրուստի միջոցն է: «Ամուսնացած էր, ամուսնու հետ խանութում էին աշխատում: Երեկոյան 9-ի կողմերն Անահիտն ամուսնուն ասել է, որ գնում է տուն՝ հեռուստացույց դիտելու, և այս դեպքն է պատահել: Գյուղում բոլորը շոկի մեջ են, չենք հասկանում, թե ինչը կարող էր լինել այս սպանության պատճառը»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասել է համայնքի ղեկավարը: