Այսօր հոգեկան առողջության միջազգային օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոգեկան առողջության մասին խոսեցին ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը և ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը: Սամվել Թորոսյանն ասաց, որ հոգեկան առողջությունը առողջության անբաժանելի մասն է: Բանախոսը նաև ներկայացրեց հոգեկան առողջության միջազգային սահմանումը՝ հոգեկան առողջությունը ոչ միայն հիվանդության բացակայությունն է, այլև լիակատար ֆիզիկական, հոգեկան, սոցիալական բարեկեցության վիճակը: Բժշկի գնահատմամբ՝ դա մի վիճակ է, որն անհրաժեշտ է բոլորիս, քանի որ դեպրեսիաները համաշխարհային պրոբլեմ են: Ըստ բանախոսի՝ Հայաստանում հաշվառված հոգեկան հիվանդները 45 հազար են, որոնց շարքում կանայք քիչ են, քանի որ խուսափում են ստացիոնար բուժումից:
Համատեղ ասուլիսի ընթացքում Հրանտ Ավանեսյանն ասաց, որ հոգեկան խնդիրների առաջացման համար կան ժառանգական, կենսաբանական, հոգեբանական և սոցիալական պատճառներ: Նրա խոսքով՝ առաջին երկուսը բժշկական խնդիրներ են, որոնք առողջապահության համակարգում են լուծում գտնում, իսկ վերջին երկուսը լայն պրոբլեմատիկ իրավիճակներն են, որոնք առկա են հասարակությունում: