«Մինչև Բաղրամյան 26-ից հրահանգը հասնում է կատարողներին, լրիվ ուրիշ բան է ստացվում». ինչու է ազատամարտիկն այսօր հրավիրվել ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոսում էինք ամեն ինչից, բայց ոչնչից չէինք խոսում: Պատասխանելով Armlur.am-ի հարցին, թե ինչն է եղել ոստիկանության Աշտարակի բաժին հրավիրվելու պատճառը, այսպես ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար ազատամարտիկ Արա Խուդավերդյանը: Վերջինս նշեց, որ մոտ 3 ժամ ոստիկանության բաժնում գտնվելով` իրավապահներից հետ խոսել է ամեն ինչից, սակայն` անիմաստ. «Ասում էին, թե այսօր էդ օրը չի, որ երթեր, հանրահավաքներ անեք, սիրուն չի, պետք չի: Հետո, երբ տեսան, որ չեն կարողանում համոզել, սկսեցինք ուրիշ բաներից խոսել: Բայց հասկացա, որ այդպես էլ ոչնչից չէինք խոսում»:

Ազատամարտիկը չբացառեց, որ նման իրավիճակում իր մի քանի ուրիշ ընկերներ ևս հայտնված կլինեն և հավելեց, որ հնարավոր է` սա «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների կալանավորման շարունակությունն է. «Ես չեմ բացառում, որ հեռախոսազրույցներն են լսում, հետևում են մեր անցուդարձին, դու նման իրավիճակների մեջ գցում: Մեր երկրում սա նորմալ երևույթ է դարձել»:

Արա Խուդավերդյանի խոսքով` ամեն մեկն իր ձևով է փորձում կատարել իրեն ուղղված հրահանգները. «Մինչև քաղաքական կուրսը թելադրող Բաղրամյան 26-ից հրահանգը հասնում է ամենացածր դիրքում գտնվող ենթակային, արդյունքում լրիվ ուրիշ բան է ստացվում: Դե, դա իրենց խնդիրն է, իհարկե: Չնայած, նրանք էլ չեն կարող ասել, թե որ պահին ինչ հրահանգ կստանան, ժամը մեկ ինչ նոր պատվեր կլինի»:

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ իրենք իրենց հարգանքի տուրքը մատուցել են Մեծ եղեռնի զոհերին, և իրենք` որպես ազգապատկան և ազգապահպան ներկայացուցիչներ, աններելի քայլեր, ինչպես ազգուրացությունն է, չեն անում. «Երբեք մեր վերքի վրա աղ չենք լցրել` ի տարբերություն ոմանց, ովքեր անգամ չհասկացան, թե ազգը որն է և ինչ է նշանակում ազգային պետություն ունենալ: Այնպես, որ էլի եմ կրնում` այսօր հավաքվելու ենք և մեր պահանջները ներկայացնենք»:




Լրահոս