Եկե՛ք, մենք էլ մեր վրա վերցնենք հայ ժողովրդի ցավը. Արսեն Ավակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը սոցիալական ցանցի իր էջում Հայոց ցեղասպանության մասին գրառում է կատարել: Այն ներկայացնում ենք ստորև.

«Ցավդ տանեմ: Ամեն տարի նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Այսօր աղետալի իրադարձությունների 100-րդ տարելիցի օրն է: Եվրոպան հիշում է 1.5 միլիոն սպանված, տանջված, սովից մահացած հայերին, որոնց միակ մեղքը մարդասպանների առջև եղել է սխալ ազգությունն ու սխալ հավատը: Դա եղել է մանրակրկիտ ծրագրված ու պլանավորված սպանություն, որը տևել է երկու տասնամյակ:

Քառորդ դար անց Հիտլերը հռետորական հարց տվեց. «Այսօր ո՞վ է հիշում հայերի ոչնչացման մասին»: Պատասխանը դարձավ Հոլոքոստը: Հայոց ցեղասպանությունը միայն մեկ ժողովրդի աղետ չէ: Դա սարսափելի և դժբախտաբար դեռ չյուրացված դաս է ողջ մարդկության համար:

Մինչ այժմ որևէ երկիր, որևէ ժողովուրդ ապահովագրված չէ աղետի կրկնումից: Ուկրաինուհի լեգենդար բանաստեղծ Լինա Կոստենկոն հիանալի բանաստեղծություն է գրել, որը վերնագրված է «Ցավդ տանեմ»: Դա նշանակում է. «Քո ցավը վերցնեմ ինձ վրա»: Եկե՛ք մենք էլ մեր վրա վերցնենք հայ ժողովրդի ցավը, որպեսզի հիշողության միջոցով երբևէ չկրկնվեն աղետները: Ցավդ տանեմ»:




Լրահոս