Երեկ ուշ երեկոյան Տավուշի մարզի N զորամասի զինվորները, հրամանատար Սամվել Մինասյանի ղեկավարությամբ, ջահերով երթ են կազմակերպել Այգեձոր համայնքի կենտրոնում:
Armlur.am-ի հետ զրույցում Այգեձոր համայնքի ղեկավար Սասուն Սաֆարյանը պատմեց, որ զինվորները ջահերով երթ կազմակերպվել էին առաջին անգամ. «Երեկոյան ժամը 20:00-ին սկսվեց երթը: Մոտ 70-ից ավել զինվոր` իրենց սպայական կազմով, հրամանատարության ղեկավարությամբ, եկան գյուղի կենտրոն:
Մենք գյուղի կենտրոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող ունենք: Տղաներին ուղեկցում էր քահանան: Բոլորս մեր զինվորների հետ միասին աղոթեցինք մեր նախնիների հիշատակի համար: Չնայած անձրևոտ եղանակ էր, զինվորները թրջվել էին, բայց դա չխանգարեց, և մեր զինվորները մոտ մեկ ժամ ջահերով կանգնած մնացին ու մասնակցեցին միջացառմանը»:
Նշենք, որ այսօր էլ զինվորները Տավուշի մարզի Նորաշեն հանայնքում գտնվող Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողի մոտ ծաղկեպսակ են դրել:
Մեզ հետ զրույցում Տավուշի մարզի N զորամասի հրամանատար Սամվել Մինասյանը ասաց, որ ապրիլի 24-ը ուղերձ է աշխարհին. «Այսօր և, առհասարակ, միշտ հիշում ենք մեր նահատակներին, հարգանքի տուրք մատուցում նրանց հիշատակի համար: Ապրիլի 24-ը ուղերձ է աշխարհին, որ այլևս երբեք նման բան թույլ չենք տա: Մեր նախնիների թափված արյունն ու կորցված հայրենիքը մեզ միասնության է կոչում և մեր հաղթական բանակով, կանք ու դեռ շատանալու ենք»: