ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի` ապրիլի 24-ի ավանդական ուղերձում, ինչպես արդեն կանխավ հայտնի էր, բացակայում էր «Ցեղասպանություն» եզրույթը, եւ այս առումով Օբաման մեծ հիասթափություն առաջացրեց ինչպես աշխարհասփյուռ հայության, այնպես էլ` առաջադեմ մարդկության մոտ: Հերթական անգամ արդարության վերահաստատման վեհ առաքելությունը զոհաբերելով քաղաքական շահերին`այնուհանդերձ, Օբամայի այս տարվա ուղերձը որոշակիորեն տարբերվում էր նախորդ տարիների ուղերձներից դրանում տեղ գտած մի քանի ուշագրավ հիշատակումներով: Մասնավորապես` առաջին անգամ ԱՄՆ-ի նախագահն իր ուղերձում հիշատակել է Հայոց ցեղասպանության ամենամեծ վկայողներից մեկին` 1915թ. Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան սըր Հենրի Մորգենթաուին եւ «ցեղասպանություն» եզրույթի հեղինակին` Ռաֆայել Լեմկինին, ով հենց հայերի հետ կատարվածը գնահատելով էր դեռեւս 1933թ. գրել իր հայտնի հոդվածը` դրանում հայերի հետ կատարվածը հիշատակելով որպես «ցեղասպանություն»:
«Երբ 1915-ի սոսկալի իրադարձությունները բացահայտվեցին, ԱՄՆ-ի դեսպան սըր Հենրի Մորգենթաուն տագնապի ազդանշան հղեց ԱՄՆ-ի իշխանություններին և հակամարտության մեջ մտավ օսմանյան ղեկավարության հետ: Նրա և այսօրինակ այլ ջանքերի շնորհիվ երևան եկավ ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին և ավելի ուշ իր ազդեցությունը թողեց այնպիսի իրավապաշտպանների աշխատանքի վրա, ինչպիսին էր Ռաֆայել Լեմկինը, ով իր ներդրումն ունեցավ Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հռչակագրի [դաշնագրի] ընդունման գործում»,- ասված է Օբամայի ուղերձում: Այս երկու անունների հիշատակմամբ` ԱՄՆ-ի նախագահը, փաստորեն, արձանագրում է, որ կիսում է կատարվածը Ցեղասպանություն ճանաչելու նրանց մոտեցումը:
Օբամայի ուղերձի շեշտադրումներից կարեւոր էր նաեւ Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ի կողմից կատարվածը 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակելու մասին ապրիլի 12-ի պատարացում արած հայտարարության ողջունումը. «Մենք ողջունում ենք Ֆրանցիսկոս պապի, թուրք և հայ պատմաբանների տեսակետները, ինչպես նաև` բոլոր նրանց կարծիքները, ովքեր ջանքեր են գործադրել պատմության այս մութ էջերին լույս սփռելու ուղղությամբ»,- ասված է ուղերձում:
Հռոմի Պապի հայտարարության ողջունումը եւս այն կիսելու անուղղակի ամրագրում է: Եվ այս առումով ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան, 1915թ. կատարվածը «ցեղասպանություն» որակելու համար պաշտոնանկ արված Ջոն Էվանսը խորհուրդ է տալիս Օբամայի այս ուղերձը կարդալ առավել ուշադիր` դրանում առկա ձեւակերպումներում տեսնելով ԱՄՆ-ի նախագահի իրական դիրքորոշումը: Ըստ դիվանագետի` «Հիմա հիասթափվելու ժամանակը չէ, հիմա ավելի ակտիվ գործելու եւ առաջ շարժվելու ժամանակն է»: