«ԷՆՔԱՆ ՎԱՏՆ Ա, ՈՐ… ԿՆՈՋՍ ՉԵՄ ՃԱՆԱՉՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դպրոց չունինք, գազ չունինք, մանկապարտեզ չունինք, ճամփեք չունինք, տելեվիզր չունինք,  ջուր չունինք, հող չունինք, ժողովուրդն էլ սոված է: Մի խոսքով, ոչ մի բան էլ չունինք: Ամեն տարի կառավարությունից խոստանում են՝ էս տարի էս հարցը կլուծենք, էն մյուս տարի էն մյուս հարցը, բայց  էդպես էլ դրանք մնում են օդում: Սահմանի բերնին վիճակն անհուսալի է ու լարված: Խայտառակ դրություն է, գյուլլեն ճակատներիս՝ ապրում ենք, էլի՜: Վախը սրտներումս ապրե՞լ կլինի»,-Բերքաբեր համայնքի վիճակը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես ներկայացրեց գյուղապետ Սուրեն Խուդավերդյանը:
Տավուշի մարզի Բերքաբեր համայնքը գտնվում է Երեւանից՝ 161 կմ, մարզկենտրոնից՝ 28 կմ, իսկ պետական սահմանից 300 մ հեռավորության վրա: Ադրբեջանական Մազամի համայնքից գյուղը տարանջատվում է Ջողազի ջրամբարով: Բերքաբերը մարզի հնագույն բնակավայրերից է: Այստեղ է եղել Բագրատունիների ժամանակներից նշանավոր Գավարզին ժայռ-ամրոցը: Նախապես այն կոչվել է Ճոխազ, որը տարիների ընթացքում դարձել է Ջողազ:  20-րդ դարի կեսերին Տավուշի մարզի միակ բնակավայրն է եղել, որն ունեցել է կառուցապատման հատակագիծ: Այդ ժամանակ այն սկսել է զարգանալ որպես կարեւոր փոստային՝ քարավանային կայան:
Պատմական այսպիսի անցյալ ունեցող համայնքն այսօր բնաջնջման եզրին է: Նկատելի է բնակչության զգալի արտագաղթ: Ըստ համայնքապետի՝ 2000թ. գյուղում ապրում էր 618 մարդ, իսկ այսօր մնացել է 536 հոգի: Շուրջ 20 տարի առաջ, ըստ Խուդավերդյանի, գյուղի դպրոցում սովորում էր 160, այսօր՝ 43 աշակերտ, որից 4-ն առաջին դասարանցիներ են: Համայնքի բնակիչներից 280 հոգի աշխատանք չունի… Հողերի 80 %-ը սահմանի վրա է, 20-ն էլ՝ կրակոցի տակ: Համայնքապատկան շուրջ 900 հա որակյալ խաղողի եւ պտղատու այգիներ գտնվում են հակառակորդի հսկողության տակ:
«Մայրաքաղաքով հայրենիք չես պահի, այն սկսվում է սահմանից: Իսկ սահմանում վիճակն անհուսալի է ու լարված: Մեր հարեւանները զբաղված են խաղողի բերքահավաքով, կվերջացնեն ու կխանգարեն մեզ»,-վստահեցրեց գյուղապետը` նկատի ունենալով ադրբեջանական Մազամի համայնքի բնակիչներին:
Բերքաբերը 90-ականների սկզբին պատերազմական գործողությունների ամենաթեժ կետերից է եղել: «Ա՛յ հորդ Աստծուն մեռնեմ, վախով ենք ապրում, բա ի՞նչ, կարո՞ղ ա ուռա՜ ենք տալի, որ ըստի ենք: Դու ըլիս, չե՞ս վախի: Մի օրվա մեջ թուրքը գեղի միջին 300 հատ սնարյադ ա վեր ածել: Զոհեր տվեցինք: Արի գեղը, քեզ 10 դուռը շանց տամ, որ գյուլլեն ծակել ա»,-ասում է համայնքապետը եւ հավելում, որ  զինադադարի ժամանակ էլ գյուղը բազմաթիվ զոհեր է տվել: Ըստ Խուդավերդյանի՝ համայնքն ունի 8 զոհված եւ 35 վիրավոր ազատամարտիկների ընտանիքներ: Իսկ հրետակոծությունների հետեւանքով էլ գյուղի կառույցները գրեթե ամբողջությամբ վնասվել են, դարձել անօգտագործելի:
«Դպրոց չունինք, գազ չունինք, մանկապարտեզ չունինք, ճամփեք չունինք, ջուր չունինք, հող չունինք, տելեվիզր չունինք, ժողովուրդն էլ սոված է: Մի խոսքով, ոչ մի բան էլ չունինք»,-հոգոց հանելով՝ ասաց սահմանամերձ գյուղի ղեկավարը:
Խոսելով բնակչության զբաղվածության մասին` գյուղապետը ցավով նկատեց. «Ա՛յ քուր ջան, որ հող չունինք, զավոդ ու արտադրամաս չունինք, աշխատատեղեր մեզ որդե՞ն: Չեմ հըսկանում՝ մենք Չինաստանում ենք ապրում, որ զբաղվածության հարց լուծենք: Սա Հայաստանն է,  Հայաստա՜նը»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում բնակիչներից մեկը բողոքեց, որ Բերքաբերում հայկական  հեռուստաալիքները շատ վատ են հեռարձակվում. «Մեր գեղըմը միայն սպուտնիկովի ալիք ենք նայում, էն էլ մենակ Ադրբեջանի 5 ալիք ա բռնում: Հայկականը էնքան վատն ա, որ եթե կնիկս տելեվիզրով ելույթ ունենա, իրան չեմ ճանաչի: Բա դա բա՞ն ա»:
Մի խոսքով, ըստ գյուղապետի՝ «իրանց գեղըմը ամեն ինչ վատ ա», ու իրենց էլ ամեն տարի «խոսք ու հույս տվող» կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում:
Նկատենք, որ չնայած այս տխուր իրավիճակին՝ ՀՀ կառավարությունը Բերքաբերը չի ընդգրկել մարզերի զարգացման ծրագրում: Մինչդեռ ընդամենը 300 մ հեռավորության վրա գտնվող ադրբեջանական Մազամի համայնքի յուրաքանչյուր ընտանիք պետության կողմից ամսական 100 դոլարի փոխհատուցում է ստանում, որպեսզի չլքի գյուղը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս