Քաղաքի բոլոր կանգառներում երթուղայինի սպասող բազմաթիվ դժգոհ մարդիկ, 16-ի փոխարեն մոտ 30 ուղեւորի տեղափոխող միկրոավտոբուսներ. ահա այսպիսին էր երեկ առավոտյան Գյումրու ներքաղաքային երթուղիների վիճակը:
Վարորդների հավաստմամբ` պատճառը ՀՀ տրանսպորտի տեսչության մասնագետների այցն էր ու իրականացված ստուգումները, որոնց ընթացքում տուգանվել են միկրոավտոբուսների ու անհատ տաքսու մի շարք վարորդներ: Տրանսպորտի տեսչության մասնագետների այցի մասին լսելով՝ միկրոավտոբուսների վարորդներից շատերը դուրս չէին եկել երթուղի` այդպիսով խաթարելով հասարակական տրանսպորտի բնականոն գործունեությունը:
Արդեն օրվա կեսին միկրոավտոբուսների աշխատանքը մի փոքր կարգավորվել էր: Թիվ 18 երթուղայինը սպասարկող վարորդներից մեկն ասաց, որ առավոտից իրենց երթուղին աշխատել է սովորականի նման, եւ գիծ են դուրս եկել բոլոր վարորդները, մինչդեռ մենք ուղեւորներից արդեն տեղեկացել էինք, որ բավական երկար ժամանակ իրենք սպասել են այդ երթուղայինին: Թիվ 26 երթուղայինի վարորդներից մեկն էլ ասաց. «Չնայած նրան, որ իմ փաստաթղթերի հետ կապված որեւէ խնդիր չկար, այնուամենայնիվ, ես առավոտյան դուրս չէի եկել աշխատանքի: Այս գիծը ունի մոտավորպես 30 միկրոավտոբուս, բայց առավոտ երթուղի դուրս էր եկել դրանցից ընդամենը 3-4-ը»: Նույն այս համարի երթուղայինից օգտվող ուղեւորներից մեկն էլ նշեց, որ ժամը 11:30-ի սահմաններում երթուղայինին սպասել է ավելի քան 20 րոպե ու աշխատանքից ուշանալու պատճառով ստիպված մի կերպ տեղավորվել ու գնացել է: Մինչ իրեն անհրաժեշտ կանգառ հասնելը ուղեւորը լսել է վարորդի եւ նրա կողքին նստած ուղեւորի խոսակցությունը, թե միկրոավտոբուս չկա, որովհետեւ վարորդները վախեցել ու գիծ դուրս չեն եկել, բայց թե ինչից են վարորդները վախեցել, իր համար մնացել է անհասկանալի:
Տեղի ունեցածի հետ կապված՝ փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՀ կապի ու տրանսպորտի նախարարության մարզային տեսչության ղեկավար Ալբերտ Դերձակյանից: Վերջինս տեղեկացրեց, որ այսօր կատարվել է ուղեւորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսների եւ տաքսիների ստուգում, որի ընթացքում ստուգվել է դրանց փաստաթղթերի համապատասխանությունը: Նա նշեց, որ նման ստուգումներ հաճախ են իրականացվում, եւ իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում կազմվում են ակտեր, տուգանվում վարորդներ. «Վարորդների մեծ մասը չի ունենում ուղեւորափոխադրում իրականացնելու համար համապատասխան լիցենզիա, ուղեւորափոխադրում իրականացնում են սպիտակ պետհամարանիշերով, այնինչ ե՛ւ միկրոավտոբուսները, ե՛ւ տաքսիները պետք է ունենան դեղին պետհամարանիշ»:
Ա. Դերձակյանը նշեց, որ տուգանքների չափերը տարբեր են՝ սկսած 2000 դրամից մինչեւ 50 հազ. դրամը, իսկ եթե իրավախախտումը կրկնվում է տարվա մեջ երկրորդ անգամ, տուգանքի չափը կրկնապատկվում է: Ի դեպ, նշենք, որ նման ստուգումներ իրականացնելուց առաջ վարորդները չեն իրազեկվում, բայց թե ինչպես էին այդ մասին տեղեկացել ու երթուղի դուրս չեկել, վարորդները չցանկացան ասել:
Գյումրի