Վերջին օրերին Հայաստանը գտնվում էր համաշխարհային ուշադրության կենտրոնում: Ապրիլի 22-23-ին Երևանում անցկացված ֆորումը, 23-ին կայացած SOAD-ի համերգը, ինչպես նաև` երեկ տեղի ունեցած միջոցառումները համաշխարհային լրատվամիջոցներն ակտիվորեն էին լուսաբանում և նույնիսկ ուղիղ եթերով հեռարձակում:
Երեկ Հայաստանում էին գտնվում այնպիսի գերտերության նախագահներ, ինչպիսիք Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդն են: Նրանք երեկ ելույթ ունեցան Ծիծեռնակաբերդի զոհերի հուշահամալիրում, այնուհետև եռակողմ հանդիպում ունեցան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որը ևս ակտիվորեն լուսաբանվեց:
Մի քանի օր է, ինչ Հայաստանում և ամբողջ աշխարհում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված մի քանի միջոցառումներ. դրանք շարունակվում են նաև այսօր: Հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի նկատմամբ ուշադրությունն ու հետաքրքրությունը հասավ գագաթնակետին. երբեք Հայաստանի մասին այդքան չէր գրվել և չէր խոսվել: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա այս ամենը, իհարկե, չափազանց դրական ազդեցություն ունեցավ:
Իսկ այդ ամենի վրա էական ազդեցություն ունեցավ Քարդաշյան քույրերի այցը Հայաստան, հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի խելահեղ համերգը, այնուհետև` Հռոմի պապի կողմից մատուցված պատարագը, որի մասին խոսում են մինչ այժմ: Չպետք է մոռանալ ապրիլի 23-ին կայացած SOAD խմբի երևանյան համերգի մասին, որն ուղիղ հեռարձակմամբ լուսաբանում էին նաև միջազգային շատ լրատվամիջոցներ: Այս ամենի վերջակետը դրվեց երեկ. երբ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցավ զոհերի ոգեկոչման արարողությունը:
Ապրիլի 24-ն անցավ, սակայն Հայաստանը դեռ շարունակում է լինել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Այս առումով մի շատ կարևոր խնդիր կա, պետք է այնպես անել, որ պահպանվի այն բարձրությունը, որին մենք հասանք վերջին օրերին: Այս առումով 2014թ. ապրիլի 25-ը տարբերվում է մյուս տարիների ապրիլի 25-երից: Այսօր մենք ունենք բոլորի ուշադրության կենտրոնում գտնվող Հայաստան: