ՓԼՈՒԶՎՈՂ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի քաղաքապետարանի շենքի հարեւանությամբ գտնվող «Իջեւան» հյուրանոցն արդեն 15 տարի անմխիթար վիճակում է: Խորհրդային տարիներին այն քաղաքի խորհրդանիշն էր, սակայն իննհարկանի հյուրանոցը վաղուց արդեն չի գործում. այն կիսավեր, քայքայված վիճակում է: Իջեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ 2007 թվականի փետրվարի 5-ին հյուրանոցի շենքը սեփականաշնորհվել է Էդուարդ Ավետիսյանին: Քաղաքապետարանի աշխատակիցներն այդ մարդուն չեն ճանաչում եւ կարծում են, որ նա Իջեւանի բնակիչ չէ: Քաղաքապետարանից տեղեկացանք, որ սեփականատերն անցյալ տարի 524 հազար դրամ գույքահարկ է մուծել: Սակայն քաղաքապետարանում չկարողացան հայտնել՝ Ավետիսյանը գույքահարկի պարտք ունի, թե ոչ, քանի որ վերջինս հարկային հաշվետվություններ չի ներկայացրել: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց,  որ հյուրանոցի շենքի նկուղն ամբողջությամբ ողողված է ջրագծի վթարի հետեւանքով կուտակված ջրերով, շենքի հիմքը դարձել է խարխուլ եւ կարող է մի օր փլվել քաղաքապետարանի շենքի վրա, ինչի դեպքում հնարավոր են մարդկային զոհեր եւ մեծ ավերածություններ: Քաղաքապետը հույս հայտնեց, որ առաջիկայում օրենք կընդունվի սեփականաշնորհված եւ տարիներով անգործության մատնված շենքերի գույքահարկն ավելացնելու մասին, որպեսզի դրանց տերերը ստիպված լինեն շենքերը բարեկարգել եւ  գործարկել:




Լրահոս