Օպերային պրիմադոննա, սոպրանո Հասմիկ Պապյանը, ով արդեն երկար տարիներ է՝ ընտանիքի հետ բնակվում է Վիեննայում, ինչպես շատ հայ արվեստագետներ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մի շարք համերգներ ունի աշխարհի տարբեր քաղաքներում: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է իր ծրագրերի մասին, պատմել, որ ինքն էլ Ցեղասպանության ականատես եւ հրաշքով փրկված ընտանիքի թոռ է, կիսվել է մեծ հայրիկի հետ կապված հիշողություններով: Հասմիկ Պապյանն արտահայտել է նաեւ իր դիրքորոշումը Հայաստանի կողմից Ցեղասպանության թեման աշխարհին հասու դարձնելու թեմայի շուրջ:
-Տիկի´ն Պապյան, հիշու՞մ եք` երբ եք առաջին անգամ լսել Հայոց ցեղասպանության մասին: Ինքներդ Ցեղասպանության ականատես եւ հրաշքով փրկված ընտանիքի թոռ եք, կպատմե՞ք այդ մասին:
–Դեռ փոքր տարիքից բնազդով եւ երեխայական հետաքրքրասիրության արդյունքում իմացել եմ այդ մասին, թեպետ տանը այդ թեմայով երբեւէ չեն խոսել: Այդ տեղեկությունը հոսում է երակներիս միջով, արյանս հետ. դա մեր ժառանգությունն է: Մեծ հայրիկս Սեբաստիայի նահանգից էր, նա ութ տարեկան է եղել, երբ տեսել է Ցեղասպանությունը, մեծացել է Հունաստանի ամերիկյան որբանոցում, 1927-ին վերադարձել է Հայաստան: Արդեն դեռահասության տարիքում լսել եմ որոշ պատմություններ այն մասին, թե ինչպես են մեծ հայրիկիս ընտանիքի անդամները գլխատվել, թե ինչպես նա հինգ տարի իր մորը չի տեսել, հետո հանդիպել է: Հիշում եմ` մեր տանը նույնիսկ տոնախմբությունների ժամանակ միշտ երգում էին հայկական երգեր, որոնցից գրեթե բոլորը տխուր էին: Հետագայում ինձ ավելի պարզ դարձավ, թե որտեղից էր գալիս այդ վիշտը:
-Հետաքրքիր է` ի՞նչ գիտեն Հայոց ցեղասպանության մասին Ավստրիայում, Գերմանիայում: Ձեր դիտարկմամբ` օտարները բավականաչափ իրազե՞կ են թեմայից:
-Այստեղի առաջադեմ հանրությունը գիտի մեր պատմությունը: Իհարկե, ամեն տարի գերմանական առաջատար լրատվամիջոցներում տպագրվում են այդ թեմայով հոդվածներ: Սակայն մեծ հաշվով, օրինակ, Գերմանիայում չգիտեն Ցեղասպանության մասին:
-Այս պարագայում պետք է որ է´լ ավելի կարեւորվի արվեստագետների դերը` Հայոց ցեղասպանությունն աշխարհին ճանաչել եւ դատապարտել տալու հարցում:
–Որեւէ հայ արվեստագետի ներկայությունը միջազգային ասպարեզում արդեն իսկ հաղթանակ է: Մեր բազմահազարանոց բանակը ապացույցն է այն բանի, որ մեզ չկարողացան հաղթել: Վերջերս, օրինակ, երաժիշտ Նարեկ Հախնազարյանը արտերկրում կատարեց «Ողբ» ստեղծագործությունը եւ ցնցեց դահլիճը. սա արդեն մեծ նվաճում է: Յուրաքանչյուր հայ արվեստագետ, անկախ այն հանգանքից` ուղղակիորեն խոսում է այդ թեմայով, թե`ոչ, իր արտահայտչամիջոցներով լցնում է դատարակությունը: Նույնիսկ լռությամբ մենք հաղթանակած ենք:
Իմ առաջիկա համերգներն էլ գրեթե բոլորը նվիրված են Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ելույթ եմ ունենալու Փարիզում, Մոսկվայում, Վաշինգտոնում, Բեյրութում, Մոնրեալում, Տորոնտոյում, Լոս Անջելեսում. ծրագրերս լեցուն են:
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի քայլերը` Հայոց Ցեղասպանությունը Թուրքիային եւ աշխարհին ճանաչել եւ դատապարտել տալուն ուղղված:
-Իմ խորին համոզմամբ` մենք նախ պետք է մեր երկիրը ծաղկեցնենք, կարողանանք աշխարհի հետ խոսել հավասարի իրավունքով բոլոր ասպարեզներում. այդ դեպքում արդեն մեզ հետ չեն կարող հաշվի չնստել: Իսկ մնացածը անհատների եւ կազմակերպությունների գործն է: Ես հավատում եմ հրաշքների: Եթե Թուրքիան ընդունի Ցեղասպանությունը, դա, գուցե լինի հրաշք մեզ համար, բայց դա կլինի շատ բնական մի բան, քանի որ իրենք պարտավոր են առերեսվելու իրենց պատմությանը եւ, նախեւառաջ, դա իրենց է հարկավոր: Իսկ Թուրքիայի դիրքորոշումը, նրա կողմից կազմակերպած անազնիվ միջոցառումները պարտության դրսեւորում են, որոնք խոսում են մեր ճշմարտացի լինելու մասին:
-Տիկի´ն Պապյան, Դուք Ձեր դստեր հետ խոսու՞մ եք Հայոց ցեղասպանության մասին:
-Իհարկե, ես նրան պատմել եմ այդ մասին` փոքր-ինչ մեղմ ձեւով: Հիշում եմ` երբ պատրաստվում էի դիտել Ցեղասպանության թեմայով «Սպի» ֆիլմը, աղջիկս ինձ հարցրեց` վստահ եմ արդյոք, որ ի վիճակի կլինեմ տեսնել այն: Դա ինձ զարմացրեց. այսպես թե այնպես նա հավաքում է այդ մասին ինֆորմացիան: Իսկ ամենակարեւոր բանը, որ փոխանցել եմ դստերս` հայոց լեզուն է: Դուստրս խոսում է հայերեն, եւ դրանով ամեն բան ասված է:
Աննա Բաբաջանյան