Թուրքիայի սոցիալիստական կուսակցությունների մեծ մասը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի 9 սոցիալիստական կուսակցություններից 5­ը բացահայտ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին հայտնում է թուրքական OdaTV հեռուստաալիքի կայքը` մեջբերելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական բոլոր ձախամետ կուսակցությունների արտահայտած դիրքորոշումները: Այսպես, Թուրքիայի Ազատություն եւ համերաշխություն կուսակցության (ՃDP) կողմից Հայոց ցեղասպանության 100­ամյա տարելիցի կապակցությամբ ապրիլքսանչորսյան ուղերձում թուրքական իշխանություններին կոչ է արվում ոչ թե ժխտել Ցեղասպանությունը, այլ «ճանաչել եւ հասկանալ»:

«Հավատում ենք, որ հայկական հարցի լուծման տիրույթը ոչ թե օտար երկրների խորհրդարաններն են, այլ ինչպես մեր եղբայր Հրանտ Դինքն էր ասել, անմիջապես այդ իրադարձությունների հիմնական կողմերը եւ մեր այս հողերը: Իշխանությունները պետք է վերջ դնեն իրենց մերժողական քաղաքականությանը, հայերին հասցված վատությունը պետք է ճանաչել եւ հասկանալ: Հայաստանի հետ սահմանադուռը պետք է բացվի եւ կոչվի Հրանտ Դինքի անունով: Պետք է վերացվեն Հայաստանի դեմ բոլոր արգելքները, սահմանափակումները եւ զարգացվեն տնտեսական, սոցիալական ու մշակութային կապերը», ­ուղերձում է նշել է ՃDP­-ը: Թուրքիայի աշխատանքի կուսակցության (EMEP) ապրիլի 24­ին տարածած հայտարարության մեջ ասվում է. «1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն բնութագրելու համար պատրվակներ չեն կարող հնարվել: Իրականություն այն է, որ դա ծրագրված ցեղասպանություն է: Դա թուրք եւ մուսուլման չեղածներից Թուրքիան «մաքրելու» գործողություն էր»:

Հայոց ցեղասպանության 100-­ամյա տարելիցի հետ կապված sendika.org կայքում հրապարակած ուղերձում Թուրքիայի «Ժողովրդական տների» գլխավոր քարտուղար Նուրի Գյունայը նշել է. «Առանց ցեղասպանություն եզրի օգտագործման հայերի հետ պատահածի մասին խոսել հնարավոր չէ: Առանց հայի ցավը հանգստացնելու, հնարավոր չէ վերացնել թուրքի եւ քրդի ամոթը: Անկախ նրանից, թե ինչ են ասում քաղաքական գործիչները, պետք է ընկալել ցեղասպանության իրողությունը: 1915 թվականին տեղի ունեցածի հետ հաշվի նստելը դժվար է լինելու, բայց մենք դա կարողանալու ենք ընկալել եւ կատարել»:

«Դեմոկրատական իրավունքների ֆեդերացիա» կուսակցության (DHF) տարածած հայտարարության մեջ ասվում է. «Մեր աշխարհագրությունում իսկական կոտորած, շահագործում, բռնաճնշում, ասիմիլյացիա եւ ֆաշիզմ է տեղի ունեցել: Հարյուրավոր տարիներ թուրք­սունի նախատիպից դուրս բոլոր այլ հավատքի եւ էթնիկ խմբերը կամ հարկադրաբար ասիմիլացվել, կամ սպանվել են: Մենք մեր բոլոր անդամներին ու համակիրներին հրավիրում ենք մասնակից լինել այդ պատմական անարդարության եւ ցեղասպանության դատապարտմանը»: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Հավասարություն սոցիալիստական կուսակցությունը (ESP):

Նշելով, որ 1915­ը բոլոր թուրքերի վզից կախված մարդկության խնդիր է, ապրիլի 24­ի հետ կապված հայտարարության մեջ ESP­ը նշել է. «Հայոց ցեղասպանության 100­ամյա տարելիցը շահագործող, մարդասպան, ցեղասպան թուրքական պետության կողմից բոլորիս վրա դրված սեւ բիծի հարյուրամյակն է: Կոտորածների քաղաքականությունն այս պետության հանցանքն է, դա մեր բոլորի վրա դրված մարդկության հարց է: Ցեղասպանության հետ Թուրքիայի առերեսումն իսկական ազատություն կբերի մեր ժողովրդին:

Մենք պարտավոր ենք շահել այդ ազատությունը: Ցեղասպանության 100­ամյա տարելիցին մենք կիսում ենք հայ ժողովրդի ցավերը, եւ խոստանում, որ պայքարելու ենք նոր հավասար, եղբայրական եւ ազատ աշխարհ ստեղծելու համար»: Մնացած թուրքական սոցիալիստական կուսակցությունները թեեւ բացարձակ կերպով չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն, Թուրքիայի իշխանություններին կոչ են արել առերեսվել սեփական պատմությանը եւ հետեւություններ անել: Թուրքիայի սոցիալիստական կուսակցություններից միայն տխրահռչակ հակահայ Դողու Փերինչեքի գլխավորած «Վաթան» կուսակցությունը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանությունը «իմպերիալիստական սուտ» է:




Լրահոս