Հողային պահանջները պետք է ներկայացնի Հայաստան պետությունը. ի՞նչ աշխատանքներ են տարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պահանջատիրության վերաբերյալ Հայաստանի կողմից մի շարք պատրաստություններ կատարվել են, բայց ավելի շատ կատարվել են Սփյուռքի կողմից: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ավստրիայից ժամանած փաստաբան Սուրեն Սերայդարյանը` խոսելով Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի և դրան հաջորդող պահանջատիրական քաղաքականության իրավական կողմերի մասին:

«Երբ համաշխարհաին պատերազմը սկսվեց, ո՛չ Ցարական Հայաստանի, ո՛չ Օսմանյան Հայաստանի մեջ պատրաստ չէինք այդ փոփոխություններին: Երբ 1908-ին երիտթուրքերը որոշեցին թուրքական ազգային պետություն հիմնել, մեր հայ ինտելեկտուալ բուրժուա դասակարգը հավատաց իրենց և իմ կարծիքով, ընկավ ծուղակը և ցեղասպանություն տեղի ունեցավ: Երբ Հայաստանը անկախացավ, դրան էլ պատրաստ չէինք: Երկու տարի հետո Կարմիր բանակը Հայաստան մտավ, դրան էլ պատրաստ չէինք: Հետո, մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը, թե՛ Սփյուռքը, թե՛ Հայաստանը իրենցով  էին զբաղված: Այսինքն` դժվար կյանքից դուրս գալով էին զբաղված: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սառը պատերազմի ժամանակ, բոլորս զոհ գնացինք այդ հակամարտությանը: Երբ սովետմիությունը փլուզվեց, մեր կադրերը չէինք պատրաստել անկախ Հայաստան լինելու համար: Մենք անկախության այն ժամանակից պատրաստ չէինք»,- շեշտեց նա և հավելեց` այսօր Միջին Արևելքում ևս փոփոխություններ են տեղի ունենում, բայց մենք չգիտենք, թե դրամք ինչպես կզարգանա:

Սուրեն Սերայդարյանը, խոսելով հստակ իրավական գործընթացների մասին, նշեց` առաջին հերթին ոչ թե Արևմտյան Հայաստանի կամ Կիլիկիայի հարցն է, այլ պահանջատերը բոլոր այն հայերն են, ովքեր ապրել են Օսմանյան կայսրության տարածքում: «Երկրորդը` Հայաստանի հանրապետությունն է: Մենք երբեմն խառնում ենք Արևմտյան Հայաստանը և այն հողերը, որոնք Արևմտյան Հայաստանին չէին պատկանում, այլ Ցարական Հայաստանին` Կարսի, Արդահանի շրջանը: Կարսի պայմանագրով, նշված հողերն անցան Թուրքական հանրապետությանը: Կարսի պայմանագրում կան 12 հոդվածներ, որոնք Թուրքիան երբեք չի կատարել: Սա ՀՀ-ի հարցն է, քանի որ միայն պետությունը կարող է սահմանների մասին համաձայնություն կնքել հարևան երկրների հետ: Սա հասարակական կազմակերպությունները չեն կարող անել: Եթե Հայաստանը ուզի և պատրաստ լինի քաղաքականորեն ու իրավականորեն, կարող է միջազգային դատարան դիմել»,- ասաց փաստաբանը:

Վերջինս գտնում է, որ պետք է աշխատանքի բաժանում տեղի ունենա` հողային պահանջատիրության մեջ Հայաստանը պետք է լինի, իսկ մնացած հարցերում` Ցեղասպանության ժառանգները: Սերայդարյանը շեշտեց` պետք է համագործակցություն տեղի ուեննա Հայաստանի և Սփյուռքի փաստաբանների միջև: Սակայն, նա հավելեց, որ այսօր դեռևս իրավաբանորեն պատրաստ չենք:

Ս. Սերայդարյանը կարծում է, որ Թուրքիայի հետ պետք է երկխոսություն տեղի ունենա, որպեսզի հասկանանք, թե Թուրքիան ինչի է պատրաստ: Բայց, հաշվի առնելով Էրդողանի հայտարարությունները, կարելի է հասկանալ, որ իրենք ոչ մի բանի պատրաստ չեն:




Լրահոս