Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Ըստ պաշտպանական կողմի` դատարանը կանխակալ դիրքորոշում ունի և պաշտպանական կողմը տուժող կողմի հետ գտնվում է անհավասար պայմաններում:
Պաշտպանական կողմի դժգոհության առիթ հանդիսացավ տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի շուրջ 20 միջնորդությունների ներկայացումը, որոնք ըստ պաշտպանական կողմի, ներկայացվել են օրենքի խախտմամբ: Պաշտպանական կողմը մասնավորապես դժգոհում է, որ նախաքննության ընթացքում տուժող կողմի նկատած բացթողումները լրացնելուն ուղղված միջնորդություններում հղումներ էին կատարվում դեռևս դատարանի կողմից չհետազոտված ապացույցներին՝ մասնավորապես ամբաստանյալների ու վկաների նախաքննական ցուցմունքներին: Պաշտպանական կողմը դժգոհություն հայտնեց, որ տուժող կողմը հունիսի 17-ին, “Հարսնաքար” ռեստորանային համալիրում տեղի ունեցածը որակում է որպես սպանություն, մինչդեռ ըստ նախաքննական մարմնի որակման՝ բռնարարքը որակվել է որպես դիտավորությամբ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնել և ծեծ:
Հիշեցնենք, որ ստացած ծանր մարմնական վնասվածքներից մահացել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը և տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել ու ծեծի ենթարկվել ևս 4 տուժողներ:
“Փաստինֆո”