Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցի շաբաթվա ընթացքում որերորդ անգամ Միացյալ Նահանգների պետքարտուղարության ամենօրյա ճեպազրույցների ժամանակ բարձրացվում է ցեղասպանության ճանաչման հարցը: «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ ապրիլի 24ին ամերիկացի լրագրողները նորից պարզաբանում ենք պահանջել պետդեպի գործող խոսնակ Մարի Հարֆից այս հարցի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշման և Բարաք Օբամայի հայտարարության վերաբերյալ: Լրագրողներից մեկն, ընդգծելով, որ այս տարի նույնպես ԱՄՆ նախագահը չկատարեց նախընտրական շրջանում տված խոստումը, նշել է, որ նախագահականի տարածած հայտարարության բովանդակությունը հարուցել է հայ համայնքի զայրույթը:
«Նախագահը շատ ազդեցիկ հայտարարություն է արել՝ խոսելով տեղի ունեցած պատմական իրադարձությունների մասին: Մենք հասկանում ենք, որ որոշ մարդիկ ակնկալում էին լսել այլ բառեր: Սակայն մենք գտնում ենք, որ սա է ճիշտ ուղին», պատասխանել է Մարի Հարֆը՝ հավելելով, որ այդ հայտարարությունից կարելի է հասկանալ՝ ինչպես է ԱՄՆ նախագահն իրականում վերաբերում այդ պատմական դեպքերին: Պետդեպի խոսնակը հայտնել է նաև, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանն ԱՄՆ պետքարտուղար Քերին քննարկել է, թե ինչպես ԱՄՆը կարող է աջակցել հայթուրքական հարաբերությունների կարգավորմանը և կաևորել, որ Թուրքիան հստակ քայլեր ձեռնարկի իր կառավարության հայտարարությունները Հայաստանի հետ հաշտեցմանը համապատասխանեցնելու ուղղությամբ:
Ի պատասխան՝ լրագրողը պետդեպի աշխատակցին խնդրել է վերհիշել ԱՄՆ նախագահի 2008-ի տեսակետը, սակայն Հարֆը նրան ուղղորդել է այդ հարցով դիմել Սպիտակ տանը: Հարցերի տարափից դժվար կացության մեջ հայտնված մամուլի խոսնակը նկատել է, որ նման հարցերով լրագրողներն այս շաբաթ իրեն դիմում են գրեթե ամեն օր: Տրված պատասխաններով չբավարարված լրագրողները բացատրություն են պահանջել. ի՞նչն է պատճառը, որ ԱՄՆ նախագահն, ընդունելով 100 տարի առաջ կատարված պատմական փաստերը, չի օգտագործում ցեղասպանություն բառը, մի՞թե ԱՄՆ-ը վախենում է Թուրքիայից, ի՞նչ կարող է Թուրքիան անել ԱՄՆի նման մեծ և հզոր պետության հետ: Կաշկանդված խոսնակը չի կարողացել պատասխանել հարցերին. «Ես չիգիտեմ` ի՞նչ պատասխան տալ»:
Ապրիլի 24ի ճեպազրույցի ընթացքում նաև հարց է բարձրացվել Աշխարհում կրոնական ազատությունների ԱՄՆ հանձնաժողովի` ապրիլի 23ին ընդունած հայտարարության մասին, որտեղ 1915 թվականի ոճրագործությունները նկարագրվում են ցեղասպանություն և մեջբերվում է Հռոմի Ֆրանցիսկոս պապին: «Կարո՞ղ ենք սա ԱՄՆ պաշտոնական դիրքորոշում համարել», հնչել է հարցը: Հարֆի խոսքով՝ Աշխարհում կրոնական ազատությունների ԱՄՆ հանձնաժողովն անկախ, խորհրդատվական հանձնաժողով է ՝ կազմված Կոնգրեսի կողմից: Այն գործադիր մարմնի մաս չէ, ուստի այդ հայտարարությունը չի փոխում ԱՄՆ կառավարության քաղաքականությունը: Մեկ այլ լրագրող էլ հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981 թվականի ապրիլի 22-ին 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն է անվանել: