Պարզվում է՝ որ Հայաստանում եւս կան դատախազներ, դատավորներ, քննիչներ եւ այլ պաշտոնյաներ, որոնք այսօր ունեն փաստաբանական գրասենյակներ եւ «պասերով» աշխատում են:
Այսինքն՝ քաղաքացիներին պաշտոնյաներն ուղղորդում են իրենց պատկանող փաստաբանական գրասենյակներ, որտեղ «բարի փաստաբանները» «մաղարիչի» դիմաց լուծում են քաղաքացու խնդիրը, ինչի արդյունքում գոհ է մնում ե՛ւ քաղաքացին, ե՛ւ փաստաբանը: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը օրենքի մի նախագիծ է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն, որով նպատակ ունի արգելել բոլոր մարդկանց փաստաբանական գրասենյակ ունենալ, եթե նրանք փաստաբաններ չեն:
Սակայն որոշ փաստաբաններ պատրաստվում են դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՓՊ ունեցած մենաշնորհը դաշտում կոտրելու համար: Ավելին՝ ոմանք էլ ցանկանում են փաստաբանական ակումբ բացել:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել փաստաբան Էդուարդ Չինարյանի հետ, որը փաստաբանների ակումբի հիմնադիրներից է: Նա վստահեցրեց, որ ակումբը չի գործելու ՓՊ-ի դեմ, սակայն հրաժարվեց այլ հարցերի պատասխանեց:
Զրուցեցինք նաեւ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:
-Պարո՛ն Զոհրաբյան, նոր ստեղծվելիք ակումբի գաղափարը Ձեզ չի՞ մտահոգում, մասնավորապես կառույցը կարող է հետագայում ՓՊ-ին մրցակից դառնալ:
-Փաստաբանն ազատ, անկախ անձ է եւ ազատ է, ինքնուրույն այլ անձանց հետ հասարակական միավորումներ ստեղծել, իր գաղափարները առաջ տանել: Այս տեսանկյունից որեւէ խնդիր չեմ տեսնում: Մամուլում հնչեց այն ինտրիգը, թե պետք է մի քանի պալատներ ստեղծվեն, մեկ պալատը չի արդարացնում իրեն եւ այլն: Չասեմ, որ այս թեմաներն անհանգստացնող են, բայց հաճելի չեն, քանի որ փաստաբաններիս երազանքն էր` միասնական լինելը: Մեր ուժը միասնության մեջ է: Եթե կլինեն ակումբներ կամ անհատներ, որոնք կցանկանան այդ միասնականությունը պառակտել, դա, բնականաբար, մտահոգիչ կլինի փաստաբանների մեծամասնության համար:
-Ի սկզբանե տեղեկություններ տարածվեցին, որ 50-ից ավել փաստաբաններ կընդգրկվեն ակումբում: Սա ենթադրել է տալիս, որ փաստաբանների մասնատումը անխուսափելի է:
-Ես իրավաբան եմ եւ գիտեմ փաստաբանական ոլորտին վերաբերող օրենքները: «Փաստաբանության մասին օրենք»-ը պալատին օժտել է որոշակի գործառույթներով եւ լիազորություններով: Այսինքն՝ առանց պետական մարմինների միջամտության, հնարավոր չի լինի փաստաբաններին պառակտել, եթե կլինի այդպիսի քաղաքական տրամադրություն, ապա, այո՛, օրենսդրական առումով դա կարելի է իրականացնել: Իհարկե, մենք ունենք նաեւ միջազգային հանրություն, այլ փաստաբանական կառույցներ, եւ այդպես հեշտ չի լինի նույնիսկ պետական իշխանության համար: Այնպես որ, դա մի քանի անձանց ցանկությամբ չի կարող լինել, անհրաժեշտ կլինի օրենսդրական ճանապարհով անցնել:
-Խոսեցիք ՓՊ-ի լիազորությունների եւ օրենսդրական ճանապարհով փաստաբաններին մասնատելու մասին: Մեզ հասած տեղեկություններով՝ փաստաբանների մի մասը մտածում է դիմել Սահմանադրական դատարան` վիճարկելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ: Խոսքը վերաբերում է փաստաբանների արտոնագրի տրամադրմանը: Ըստ փաստաբանների՝ վերջիններս Սահմանադրական դատարանում փորձելու են հասնել նրան, որ միայն ՓՊ-ն փաստաբաններին արտոնագիր չտրամադրի: Ասել է թե՝ վերջիններս փորձում են Ձեր ձեռքից վերցնել մենաշնորհը: Ըստ Ձեզ` այս հարցը ՍԴ-ում վիճարկելով՝ հնարավո՞ր է հաջողության հասնել:
-Նախ մի կարեւոր բան պետք է արձանագրել, որ իմ անձը չի կարող մենաշնորհելու հետ կապ ունենալ, քանի որ ես այստեղ ժամանակավոր մարդ եմ ու պալատի աշխատակազմի հետ միասին ծառայում եմ փաստաբանների շահերին: Այսօր փաստաբան դառնալու համար իրավաբանը պետք է ընդունվի ՀՀ փաստաբանական դպրոց, սովորի եւ հետո փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովում քննություն հանձնի:
Ե՛ւ փաստաբանական դպրոցը, ե՛ւ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովն անկախ են եւ կախվածություն չունեն պետական մարմիններից: Նախկինում փաստաբանի քննությունն ընդունում էր պետական հանձնաժողովը: Հիմա պատկերացրեք՝ լինեն մի քանի պալատներ, խնդիր է ծագելու, թե որ կառույցը պետք է արտոնագրի, որի լուծումը բնականաբար կբերի նրան, որ պետական վերահսկողություն կսահմանվի: Կարծում եմ՝ բացասական կլինի այդ տարրանջատումը: Որպես իրավաբան, այդ օրենքը հակասահմանադրական ճանաչելու հիմքեր չեմ տեսնում:
– Ո՞վ եւ ինչո՞ւ է, ի վերջո, Ձեր դեմ դուրս եկել:
-Իհարկե, չի կարող պալատի աշխատանքը դժգոհություն չառաջացնել: Եթե փաստաբանների պալատը պատերազմ է հայտարարել «գրպանային փաստաբանների դեմ», Ձեր կարծիքով ի՞նչ կլինի: Մեր նպատակը փաստաբանի հեղինակությունը բարձրացնելն է, եւ այն կարող ենք անել ինքնամաքրմամբ: Հեշտ է մեղքը որեւէ մեկի վրա գցել, ասել, թե դատավորները, դատախազները վատ են աշխատում: Իհարկե, դա կարող է այդպես լինել, քանի որ իշխանություն ունեցող մարդկանցից շատ բան է կախված, բայց պետք է մեր աչքի գերան էլ տեսնենք:
-Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ փաստաբանների պալատի դեմ ստեղծվող ակումբի գաղափարի ակունքներում կանգնած են դատախազներ: Փորձե՞լ եք հասկանալ, թե ինչո՞ւ պետք է դատախազները ցանկանան վնասել ՓՊ-ին:
-Ես չունեմ այդպիսի տեղեկություններ, որ կոնկրետ պետական պաշտոնատար անձինք կարող են կանգնած լինել ակումբի ակունքներում: Բայց որ մենք փաստաբանության մասին օրենքի փոփոխության փաթեթ ենք կազմել եւ ներկայացնելու ենք արդարադատության նախարարությանը, աներկբա է:
Դրանով ուզում ենք փոխել, որ փաստաբանական գործունեությամբ զբաղվեն միայն փաստաբանները: Այսինքն՝ այդ օրենքի նախագծով մենք փորձում ենք արգելել, որ փաստաբանական գրասենյակի բաժնետեր լինի ոչ փաստաբան որեւէ մեկը:
-Այսինքն՝ այն դատախազները, դատավորներն ու քննիչները, որոնք փաստաբանական գրասենյակներ ունեն, նրա՞նք են Ձեր դեմ դուրս եկել:
-Հետեւություններ կանեք Դուք, քանի որ լրագրողների մոտ առավել լավ դա կարող է ստացվել: Դուք եք հասարակության ջերմաստիճանը լավ որոշում՝ Ձեր տեղեկատվության հիման վրա: Բայց ասեմ, որ միայն Հայաստանում չէ այս խնդիրը: Եվրոպական զարգացած երկրներում էլ կա:
Կային դատավորներ, դատախազներ կամ այլ պաշտոնատար անձինք, որոնք փաստաբանական գրասենյակների միջոցով լեգալացնում էին իրենց կաշառքները: Իրենց ազգականների անուններով ստեղծում են գրասենյակներ, որոնք էլ ունենում են իրենց փաստաբաններին եւ սկսում են աշխատել, սա ուղղակի արգելված է:
Մենք լավ պատկերացնում ենք, որ եթե դատախազն ունի փաստաբանական գրասենյակ, բնական է, որ նա չի ղեկավարվելու փաստաբանական սկզբունքներով, իսկ փաստաբանը չպետք է գործիք դառնա: Ուստի բնական է, որ մեր այս նախաձեռնությունը մի շարք գործընկերների մոտ անհանգստություն է առաջացրել: Կրկնում եմ՝ միայն ցանկությունը քիչ է ակումբ ստեղծելու համար: Մենք ինտելեկտուալ անձանց միություն ենք, փաստաբանների պալատը պատմություն ունի: Մարդիկ, ի վերջո, կարողանալու են թացը չորից տարբերել:
Քնար Մանուկյան