«Ժողովուրդը» տեղեկացավ, որ ՀՀ բնապահպանական պետական տեսչության Տավուշի բաժնի աշխատակիցները ուսումնասիրություններ են կատարել «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ տանող ճանապարհին ապօրինի հատված 34 ծառերի, այդ տարածքում առաջացած սողանքային գոտու վերաբերյալ: Այդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ապօրինի ծառահատումներ, իրոք, կատարվել են, եւ նշված տարածքում առկա է սողանք:
Բնապահպանական տեսչության Տավուշի բաժնից հայտնեցին, որ սողանքային երեւույթների մասնագետները կարող են ասել, թե սողանքի առաջացումը որքանով է կապված այդ ծառերի հատման, «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ տանող ճանապարհի կառուցման հետ: Իրավապահներից ստացված տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի բաժինը քրեական գործ է հարուցելու նշված ապօրինի ծառահատումների կապակցությամբ: Հիշեցնենք, որ «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի մերձակա տարածքում ապօրինի հատումները կատարվել են 2014թ. նոյեմբերին: Հայկական բնապահպանական ճակատն այդ մասին համացանցում տեսանյութ է տեղադրել, որտեղ երեւում է, որ ապօրինի ծառահատողները փայտի կտորներով ծածկել են հատված ծառերի բները, որպեսզի քողարկեն դրանք:
«Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի ճանապարհին հատված 34 ծառից 28-ը գտնվում են Իջեւանի, 6-ը՝ Սեւքարի անտառտնտեսությունների տարածքում: Այդտեղ 500 մետր երկարությամբ սողանք է առաջացել: Տվյալ տարածքում գոյություն ունի սողանքի վտանգ, ուստի ծառահատումներ չպետք է կատարվեին: Մեր տեղեկություններով՝ նշված տարածքից վերեւ գտնվող հատվածում հատվել են արջատխլենու ծառեր, որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում, ուստի դրանց հատումն արգելված է: Հավելենք, որ «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ը շահագործող «Մեգաէներջի» ՍՊԸ-ի դեմ բնությանը պատճառված վնասների համար քրեական գործ է հարուցված, որի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի քննչական բաժինը:
Նշված քրեական գործով նշանակված են մի շարք փորձաքննություններ: 2012թ. մայիսից «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ը կառուցելու նպատակով, առանց համայնքի կողմից տրված շինթույլտվության, շինարարական աշխատանքներ են կատարվել, որոնց ժամանակ աշխատել է ծանր տեխնիկա, բազմաթիվ ծառեր հատվել են, հողի շերտի փոփոխություն է եղել:
2012թ. աշնանը Գետահովիտ համայնքի բնակիչների բողոքի արդյունքում դադարեցվեց «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցումը: 2012-ի դեկտեմբերին Գետահովտի բնակիչները դիմեցին ՀՀ գլխավոր դատախազություն՝ առանց շինարարական թույլտվության ՓՀԷԿ-ի կառուցման ժամանակ բնությանը պատճառած վնասի համար քրեական գործ հարուցելու համար: Նշենք նաեւ, որ 2013թ. հունիսի 3-ին «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի շինարարությունում աշխատող էսկավատորի վրա ժայռը փլվել էր, ինչի արդյունքում 1986թ. ծնված էքսկավատորավար Արտյոմ Խալաթյանը տեղում մահացել էր:
Ոսկան Սարգսյան
Տավուշ