Սերժ Սարգսյան. Իշխանությունը չի վայելում ժողովրդի վստահությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008թ. մայիսի 18-ին Երեւանում Սերժ Սարգսյանի եւ Եվրոպայի ու Եվրասիայի երկրների ԱՄՆ օգնության համակարգող Թոմ Ադամսի միջեւ 90-րոպեանոց բավականին հետաքրքիր մի հանդիպում է տեղի ունեցել: Այն արձանագրված է «Վիկիլիքսի» կողմից հրապարակված արխիվային փաստաթղթերից մեկում, որը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փե նինգտոնը: Քննարկման հիմնական թեման Հայաստանում մարդու իրավունքներն ու ժողովրդավարական հիմնախնդիրներն են: Ամերիկացիները հանդիպման ընթացքում Սարգսյանի առաջ բարձրացրել են բավականին ցավոտ հիմնահարցեր, որոնց հետ կապված նա ակնհայտորեն չի կարողացել իրական հակափաստարկներ ներկայացնել: Հատկանշական է, որ սույն հանդիպումը Փենինգտոնը որակել է իբրեւ «հիասթափություն», քանզի Սերժ Սարգսյանը փաստացիորեն իրենից հեռացրել է պատասխանատվությունը:

Այսպես, ԱՄՆ-ից ժամանած պաշտոնյան հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանի առաջ բարձրացրել է լուծման կարոտ մի շարք հարցեր՝ փորձելով նրան հակել ժողովրդավարական բարեփոխումներ անելու անհրաժեշտության գաղափարին: Ուշագրավ է, որ իր դիտողություններում Ադամսը բավականին խիստ է գտնվել: Նա արտահայտել է իր մտահոգությունները Սարգսյանի վարչակազմի քայլերի նկատմամբ՝ դժգոհելով վերջինիս վերաբերմունքից նախագահական ընտրությունների ու մարտի 1-ի արդյունքում առաջացած ժողովրդական համատարած զայրույթի հանդեպ: Նա կարեւորել է մի շարք քայլեր, որոնք իշխանությունը պետք է իրականացներ՝ Մարտի 1-ի սպանությունների արդար հետաքննություն, ընտրախախտումների կապակցությամբ լրջագույն քրեական հետապնդումներ, քաղաքական բանտարկյալների ազատ արձակում, ընդդիմությանը ցույցերի ու սեփական մոտեցումներն ազատ արտահայտելու հնարավորության ընձեռում:

Ակնհայտորեն Սերժ Սարգսյանը չի դիմացել այդքան ճշմարտություն իր դեմքին ասելու ԱՄՆ պաշտոնյայի համարձակությանը եւ հակադարձել է, որ ինքն ամենեւին չի կիսում ամերիկացիների տեսակետը՝ կապված հատկապես ընտրությունների հետ: Նա ընդունել է, որ որոշ թերություններ եղել են, սակայն պնդել է, որ դրանց պատասխանատուները դատապարտվել են, այդ թվում՝ իշխանության կողմնակիցները: Հետաքրքիր է, որ Սարգսյանի՝ զեկուցագրում արձանագրված խոսքին անմիջապես հաջորդում է Փենինգտոնի նկատառումը, որ ընտրախախտումների համար մի շարք ձերբակալություններով հանդերձ՝ դրանց բացարձակ մեծամասնությունն ընդդիմության ներկայացուցիչներ են, եւ ոչ թե Սերժ Սարգսյանի կողմնակիցներ:

Իսկ քաղբանտարկյալների առնչությամբ Սարգսյանն ասել է, որ ինքը չգիտի, թե ում նկատի ունի ամերիկացի դիվանագետը: Նա հավելել է, որ ձերբակալվածները ծանր հանցանքներ են գործել, ուստի պետք է պատժվեն: Հատկանշական է, որ 2008թ. մայիսին տեղի ունեցած այս զրույցի ընթացքում դեռ ոչ մի ձերբակալվածի գործով դատաքննություն չէր սկսվել: Այսինքն՝ դատարանը դեռեւս չէր որոշել՝ ձերբակալվածներից ով է մեղավոր, եւ արդյոք պետք է պատժվի, մինչդեռ Սերժ Սարգսյանը նրանց հանդեպ արդեն իսկ կայացրել էր իր միանձնյա մեղադրական դատավճիռը: Փենինգտոնը հայտնում է, որ զրույցի ողջ ընթացքում պաշտպանվող Սարգսյանը, այդուհանդերձ, խոստովանել է, որ իր իշխանությունը չի վայելում ժողովրդի վստահությունը:

Իհարկե, Սարգսյանն այդքան ազնիվ չէր լինի, եթե այդ վստահությունը չկապեր մի անհեթեթ պատճառաբանության հետ: Ըստ նրա՝ ժողովրդի վստահության բացակայության խնդիրն օրենքի կիրառությանն է վերաբերում, ինչի հանդեպ մարդիկ սխալ ընկալում ունեն. «Երբ մենք փորձում ենք հարկային համակարգը դարձնել ավելի ազնիվ, պայքարել կոռուպցիայի դեմ եւ օրենք կիրառել, մարդիկ ավելի են դժգոհում»: Նրա կարծիքով՝ Հայաստանի քաղաքացիներն ավելի են դժգոհելու, քանզի հարկային ու մաքսային ոլորտներում նախաձեռնված ռեֆորմներն արագանալու են: Ստացվում է, որ իշխանությունն այսքան ժամանակ երկիրը մատնել է կոռուպցիայի ու թշվառության՝ զերծ մնալով իրական փոփոխություններից միայն ու միայն ժողովրդի բողոքը չբորբոքելու նպատակամղումով:

Սակայն մի՞թե Սերժ Սարգսյանի կողմից հարկային արդար վարչարարություն եւ մաքսային ազնիվ կարգավորումներ երբեւէ շրջանառվել են, որ ՀՀ քաղաքացիներն էլ դրանց համար դժգոհեին: Այդօրինակ բողոքը տեղի է ունենում բացառապես հարկային վարչարարության ընտրողականության շնորհիվ, երբ հարկային ծանր բեռի տակ կքում են սովորական ձեռներեցները, փոքր ու միջին բիզնեսը, մինչդեռ Սարգսյանի անմիջական շրջապատն օգտվում է անթույլատրելի արտոնություններից ու մենաշնորհներից: Վերջապես, այդ «ազնիվ» հռչակված քաղաքականության արդյունքում Սարգսյանի մերձավորները շարունակաբար հարստանում են, իսկ հասարակ քաղաքացիներն անողոքաբար հարստահարվում: Ըստ երեւույթին, հենց Սարգսյանը լավ չի ընկալում օրենքի տրամաբանությունը, որի գերագույն իմաստը բոլորի հանդեպ հավասար կիրառությունն է:

Կիսվելով հանդիպման շուրջ սեփական տպավորություններով՝ ԱՄՆ ներկայացուցիչ Փենինգտոնը այն համարում է հիասթափություն՝ կապված ժողովրդավարական բերափոխումների հարցում Սերժ Սարգսյանի անդրդվելի մոտեցման հետ: Նա արձանագրում է, որ ժողովրդավարության ու ազատությունների հարցում Սարգսյանը թվում է համառ եւ նույնիսկ փոքր ու խորհրդանշական քայլերի հարցում՝ անկարող: Դիվանագետը համոզված է, որ Սերժ Սարգսյանը կենտրոնացած է իր հակառակորդներին պատժելու վրա: Հատկանշական է, որ հեղինակը Սարգսյանին անուղղակիորեն մեղադրում է անպատասխանատու պահվածք դրսեւորելու մեջ՝ պնդելով, որ ՀՀԿ առաջնորդը Հայաստանի ողջ խնդիրների պատասխանատվությունը բարդում է միայն ընդդիմության վրա:

Նժդեհ Հովսեփյան




Լրահոս