Մեր հանրապետությունում ինսուլին դեղամիջոցի կարիք ունեցող շաքարային դիաբետով հիվանդները մշտապես կանգնում են խնդիրների առաջ: Այս անգամ էլ նրանք սպասում են, թե երբ են ի վերջո ստանալու ֆրանսիական դիաբետոն դեղամիջոցը, որի բաժանումը ՀՀ բոլոր բժշկական հաստատություններում, պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում եւ դեղատներում պետք է սկսված լիներ դեռ ապրիլի 1-ից:
Արդեն քսան օր է, ինչ «Ժողովուրդ»-ը այս խնդրի շուրջ դժգոհություններ եւ ահազանգեր է ստանում: Դիաբետով հիվանդ քաղաքացիների պնդմամբ՝ առողջապահության նախարարությունը խոստացել էր ապրիլի 1-ից տրամադրել ֆրանսիական դիաբետոն դեղահաբերը, սակայն դրանք մինչ օրս չկան:
Այս կապակցությամբ ՀՀ ԱՆ բժշկական տեխնոլոգիաների եւ մարդասիրական օգնության համակարգման բաժնի պետ Վարդուհի Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Այդ դեղահաբերը բաժանվելու են հուլիսի 1-ից, իսկ ապրիլի 1-ին դեռ այդ գործընթացը վերջացած չի եղել:
Իսկ հիմա այդ ընկերության հետ գործընթացն ավարտվել է: Մեզ էլ են քաղաքացիները նման խնդիրների շուրջ ահազանգում: Նաեւ ասում են, որ փոխնախարար Վահան Պողոսյանը հայտարարել է, թե քաղաքացիները կարող են դեղատներից 36 դրամով գնել այդ դեղահաբերը: Թյուրիմացություն է եղել»:
Մինչդեռ քաղաքացիները հակառակն են պնդում. նրանց խոսքով՝ ապրիլի 1-ից ֆրանսիական արտադրության «Դիաբետոն» դեղահաբերը ստանալու մասին տեղեկությունը հայտարարվել է հեռուստատեսությամբ՝ պատասխանատու պաշտոնյաների շուրթերից, եւ եթե անգամ թյուրիմացություն եղել էլ է, ապա ոչ իրենց կողմից:
Իսկ մինչ այդ նշենք, որ բժշկական կազմակերպություններն արդեն ստացել են հնդկական դեղի եռամսակային խմբաքանակը եւ այն իրացնելու են մինչեւ ֆրանսիական խմբաքանակի հասնելը: Արդյունքում` ինսուլինի կարիք ունեցող քաղաքացիները ստիպված օգտագործում են հնդկական արտադրության այդ դեղահաբերը, որոնցից մշտապես դժգոհել են: Հենց այդ դժգոհությունները նկատի առնելով` ՀՀ Կառավարությունը որոշել է փոխել մատակարարին եւ պայմանագիր է կնքել ֆրանսիական ընկերության հետ:
Այսինքն՝ այսուհետ Հայաստանում շաքարային դիաբետ ունեցող հիվանդների 2015-2019 թվականների կարիքները բավարարելու համար պետությունը հակադիաբետիկ դեղերը գնելու է «ԼեԼաբողատուաղ Սեղվիե» ընկերությունից՝ 1 հաբը 0,06 եվրո գնով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հիշեցնենք, որ գործադիրն այս տարվա հունվարի 30-ին հավանություն էր տվել «ՀՀ կարիքների համար Դիաբետոն 60մգ դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» որոշման նախագծին:
Որոշման նպատակն է պետական բյուջեից հատկացվող միջոցների շրջանակում 2015-2019 թվականներին ապահովել շաքարային դիաբետով տառապող հիվանդների Դիաբետոն 60մգ դեղի պահանջարկը: Որոշման ընդունմամբ՝ 2015 թվականի գնման պլանով նախատեսված գումարի տնտեսումը կկազմի 79 մլն 610 հազար դրամ: Ըստ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանի՝ այս կերպ միաժամանակ կապահովվի մրցակցային գնման արդյունքում ձեռք բերվող դեղի դիմաց ծախս-որակ լավագույն արդյունքը:
Հավանաբար, այսպես մտածել էր նաեւ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը, ում որոշմամբ դիաբետիկներին պետբյուջեով տրվող դեղորայքը փոխվեց: ԱՆ-ն գնեց հնդկական արտադրության դեղամիջոցներ` «Diazon MR», «Diamar M», «Diamed M», որոնք շատ հիվանդների ու բժիշկների պնդմամբ՝ արդյունավետ չէին, եւ դրանց արդյունքում վերջին շրջանում ավելացել է ինսուլինակախյալ հիվանդների թիվը:
Նշենք, որ դրանից առաջ շաքարախտով հիվանդները պետբյուջեից ստանում էին ֆրանսիական արտադրության «Diabeton MR», «Amaril» եւ եվրոպական տարբեր երկրների արտադրության «Medformin» կամ «Glyukofash» դեղամիջոցները:
Ներկայումս հիվանդ քաղաքացիներից շատերը դժգոհում են, որ այդ դեղորայքը դրական ազդեցություն չի ունենում: Նրանց պատմելով՝ հիվանդը դեղը խմում է, բայց գլյուկոզայի քանակը նրա արյան մեջ չի կարգավորվում: Թեեւ առողջապահության նախկին նախարար Դ. Դումանյանի շնորհիվ պետությունը 2014 թվականին կարողացավ զգալի խնայողություններ անել՝ ծախսը նվազեցնելով 186 մլն 672 հազար դրամով, սակայն դրա արդյունքում մեծացավ ինսուլինակախյալ քաղաքացիների թիվն ու դժգոհությունը:
Այս ամենի արդյունքում եւս մեկ խնդիր է առաջ եկել: Բանն այն է, որ այս տարվա համար առողջապահության նախարարության կողմից շաքարային դիաբետով տառապող հիվանդների դեղապահովումն իրականացնելու նպատակով պլանավորվել եւ ըստ ճշտված գնումների պլանի՝ նախատեսվել է 9 մլն 500 հազար դեղահաբ, սակայն իրական պահանջը կազմում է 12 մլն դեղահաբ: Մինչդեռ «Դիաբետոն» (Գլիկլազիդ) 60մգ դեղի պահանջարկը տարեկան աճում է 10 եւ ավել տոկոս` կապված հիվանդների թվաքանակի ավելացման հետ: Ավելին՝ 2019 թվականին անհրաժեշտ կլինի 13 մլն 900 հազար դեղահաբ, ինչը հնարավոր չի լինի ապահովել ներկայիս բյուջետային միջոցներով եւ գնման ընթացակարգերով:
Այս կապակցությամբ բժշկական տեխնոլոգիաների եւ մարդասիրական օգնության համակարգման բաժնի պետ Վարդուհի Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Պետական միջոցներից ելնելով՝ այս տարի պայմանագիրը այդ գումարի շրջանակներում է կնքվել, իսկ հաջորդ տարի մի փոքր շատ կլինի: ԱՆ-ն երբեւիցե դեղահաբերի մասով 100 տոկոսով չի ապահովել, այն միշտ ինսուլինով 100 տոկոս ապահովված չի եղել: Բայց տարիների ընթացքում ապահովվածությունը եղել է 27 տոկոս, իսկ հիմա այն հասել է մոտ 70 տոկոսի»: Իսկ թե մնացած 2.5 մլն դեղահաբի պահանջի հարցն ինչպես պետք է լուծվի, ԱՆ աշխատակիցը դժվարացավ ասել: Ի դեպ, վիճակագրական տվյալներով՝ Հայաստանում հաշվառված է ավելի քան 62 հազար շաքարային դիաբետով հիվանդ, սակայն կան ոչ քիչ թվով հիվանդներ, որոնք հաշվառված չեն:
Սյունէ Համբարձումյան