Այն, որ Վրաստանը պաշտոնապես դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ փաստ է: Այն, որ դրանում իր մեղքի առյուծի բաժինն ունի Թուրքիան, փաստ է: Այն, որ մեր՝ հայերիս հանդեպ դա ճիշտ դիրքորոշում չէ, ևս փաստ է: Բայց այդ նույն ժամանակ փաստ է նաև այն, որ Թուրքիայի հետ Վրաստանից շատ ավելի լավ հարաբերությունների մեջ գտնվող Գերմանիան Հայերի ցեղասպանության հարցը այսօր արդեն դուրս է բերում քաղաքական հարթությունից և փորձում այն դիտարկել արդարության և պատմական ճշմարտության տեսանկյունից:
Այո, փաստ է, որ Գերմանիայի նախագահը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ուստի` զարմանալի է, թե ինչու առնվազն Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի հետևում նրա օրինակին: Armlur.am-ի զրուցակիցն է վրացագետ Ալիկ Էրոյանցը:
–Պարո´ն Էրոյանց, կմանրամասնե՞ք Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման պատճառները:
-Խնդիրը տարածաշրջանում և մանավանդ Վրաստանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ է կապված: Կոնկրետ ներկա շրջափուլում Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանում այնքան են ուժեղացրել իրենց ազդեցությունը, որ այս առումով կարողանում են ճնշում գործադրել Վրաստանի գործող քաղաքական վերնախավի վրա: Թուրքիան հանդիսանում է Վրաստանի թիվ մեկ, իսկ Ադրբեջանը` թիվ երկու առևտրային գործընկերը: Նախորդ տարվա տվյալներով` ամենախոշոր ներդրումները Վրաստանում կատարվել են Ադրբեջանի կողմից: Այս առումով, իրոք, դժվար վիճակում են հայտնվել Վրաստանի իշխանությունները:
Իհարկե, հասունացել է պահը, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև պետք է գոնե խորհրդարանում քննարկման դրվեր, որոշակի հայտարարություններ հնչեին: Բայց դա կանգ է առել վերը նշված հանգամանքներով: Նշեմ, որ վրացի որոշ պատգամավորներ բարձրաձայնում են այն մասին, որ իրենք ստացել են նամակներ Անկարայից` նման հարցերում իրենց բարձրաձայնումներում զգույշ լինելու համար: Նման ճնշումներ կան, եղել են, և կարծում եմ` դեռ երկար ժամանակ կլինեն, քանի դեռ Վրաստանը չի կարողանա այլընտրանք գտնել, օրինակ, ի դեմս Ռուսաստանի: Այժմ Վրաստանը Ռուսաստանի հետ փորձում է բարելավել հարաբերությունները:
-Բացի քաղաքական և հասարակական շրջանակներից` Վրաստանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ի՞նչ մոտեցումներ կան, արդյոք վրացիները բավարար չափով տեղեկացվա՞ծ են 1915 թվականի դեպքերի մասին:
-Պետք է նշեմ, որ այստեղ խնդիր կա հասարակության շրջանում: Վրաց հասարակությունն անտեղյակ է այս պատմական փաստի վերաբերյալ: Ասեմ ավելին` նոր սերունդը ընդհանրապես տեղեկություններ չունի 1915 թվականի և դրան հաջորդող տարիների իրադարձությունների մասին: Վրաց հասարակության շատ քիչ տոկոսն է տեղյակ այդ մասին, ցավոք:
-Ո՞րն է դրա պատճառը:
-Սովետական միության տարիներին այդ հարցը արգելափակված էր, ինչպես նաև` Սաակաշվիլիի տարիներին: Վերջինս իր կառավարման տարիներին փորձում էր ամրապնդել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, և բնական է` եթե այդ ժամանակվա իշխանությունները մոտեցումները դրսևորեին հօգուտ մեզ, ապա կստացվեր հակաթուրքական քայլ: Այժմ, ինչպես տեսնում եք, այդ առումով ևս ոչ մի առաջընթաց չկա:
–Եվ դեռ ինչքան ժամանակ առաջընթաց չի լինի:
-Գիտեք, այս առումով կանխատեսումներ անելը շատ դժվար է: բայց ոմտական տարիներին, կարծում եմ` դժվար թե վրացական իշխանությունների կողմից որոշում ընդունվի հօգուտ մեզ: Նորից եմ ասում` դա կախված է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումից և Թուրքիայից ու Ադրբեջանից եկող ճնշումների չեզոքացումից: Դա մեծապես նպաստող գործոն կլինի: Բայց այս շրջափուլում այդ մասին կանխատեսելը դժվար կլինի: Բայց Վրաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ընդհանուր առմամբ դրական կարելի է գնահատել:
-Իսկ Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատանքն ինչպիսի՞ն է, ի՞նչ քայլեր են կատարվում, ակտիվություն կա դեսպանի կողմից:
-Նոր դեսպանի աշխատանքի մասին չեմ կարող որևէ մանրամասներ հաղորդել, բայց նախորդ դեսպանի մասին կարող եմ ասել, որ բավականին ակտիվություն նկատվել է:
Կարծում եմ` հետագայում հնարավորություն կունենանք ներկա դեսպանի գործունեության վերաբերյալ ևս տեղեկություններ ունենալ: