2015թ. ապրիլի 24-ին Իսպանիայի թագավորության մի շարք քաղաքներում, այդ թվում նաև Ալիկանտեում տեղի ունեցան ոգեկոչման արարողություններ` նվիրված 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի ցեղասպանության անմեղ զոհերի, այսօր արդեն սրբացած 1,5 միլիոն նահատակների անմահ հիշատակին:
«Հիշում եմ և պահանջում» խորագիրը կրող միջոցառումը կազմակերպվել էր Ալիկանտեի Լա Պալմերա զբոսայգում 2008թ. բարերար Թևոս Սաֆարյանի միջոցներով տեղադրված խաչքար-հուշակոթողի մոտ` Ալիկանտեի հայերի «Հայաստան» միության նախագահ Հասմիկ Քոչարյանի գլխավորությամբ:
Հուշակոթողին հարող տարածքը ձևավորված էր պատմական փաստերը ներկայացնող նյութերով` պաստառներ, մշակութային հուշակոթողների լուսանկարներ: Խաչքար- հուշակոթողի մոտ էին հավաքվել հայեր Ալիկանտե, Էլդա, Էլչե, Օրիուելա, Բենիդորմ, Մուրսիա, Սան Խուան, Սան Վինսենտե և այլ քաղաքներից: Հայերի հետ իրենց հարգանքի տուրքն էին մատուցում բազմաթիվ իսպանացիներ, Ալիկանտեի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` նախկին քաղաքապետ Լուիս Ալպերի Դիասը, ում պաշտոնավարման օրոք տեղադրվեց խաչքար-հուշակոթողը, որը օրեր առաջ վանդալիզմի ենթարկվեց: Փորձեցին հերթական անգամ վիրավորել և ահաբեկել մեզ` հուսալով, որ կկարողանան կանխել ապրիլի 24-ի ոգեկոչման արարողությունը: Այս միջոցառումը հաստատումն էր այն բանի, որ աշխարհում չկա որևէ ուժ, որը կարողանա հային վախեցնել և հետ պահել իր արդար պահանջից: Այն է`հիշողություն, արդարություն, փոխհատուցում:
Անահիտ Օհանյան
Լուսանկարները և տեսանյութերը` Armlur.am-ի