Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բացառիկ հոդված է հրապարակել հեղինակավոր Time ամսագրում, որտեղ անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: «Քույրս՝ Քլոեն, դուստրս՝ Նորթը, ամուսինս՝ Քանյե Ուեսթը և ես այս ամիս վերջապես այցելեցինք Հայաստան։ Այնքան շատ մարդ է մոտեցել ինձ ու ասել, որ տեղյակ չի եղել Ցեղասպանության մասին։ Այս բիզնեսում այնքան էլ շատ հայեր չկան: Եթե կարող ենք ուշադրություն գրավել, այդ դեպքում ինչո՞ւ անգործ նստենք», «Արմենպրես»ի փոխանցմամբ գրել է Քարդաշյանը։
«Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն» վերտառությամբ հոդվածում Քարդաշյանը կոչ է արել ԱՄՆ Նախագահին եղելությունն իր անունով կոչել, իսկ Թուրքիային՝ ճանաչել այն: «Ես ուզում եմ, որ Նախագահ Օբաման օգտագործի «ցեղասպանություն» բառը։ Շատ հիասթափեցնող է, որ նա դա չի արել՝ որպես Նախագահ։ Մենք կարծում էինք, որ դա տեղի կունենա այս տարի։ Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք, հաստատ շարժվում ենք ճիշտ ուղղությամբ», գրել է հայտնի հեռուստաաստղը, ապա հավելել, որ արդեն ժամանակն է, որ Թուրքիան ևս ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ «Դա ներկայումս այնտեղ բնակվող մարդկանց մեղքը չէ, դա տեղի է ունեցել 100 տարի առաջ։ Ես հավատում եմ, որ եթե նրանք ճանաչեն և ընդունեն դա, մենք բոլորս կարող ենք առաջ շարժվել», հավելել է Քիմ Քարդաշյանը:
Հոդվածում նա պատմում է, թե ինչպես են իրենք մեծացել՝ լսելով իրենց հայրիկի պատմություններն հայկական ծագման և ժառանգության մասին. «Դա մեր կյանքի մեծ մասն էր կազմում: Մենք ուտում էինք հայկական ուտեստներ, լսում պատմություններ։ Մեզ ասել էին, որ գաղթի ժամանակ շատ հայեր փոխել են իրենց ազգանվան «յան» վերջավորությունը, քանի որ վախենում էին իրենց կյանքի համար»։ «Ինչ էլ որ անեք, աղջիկներ, երբեք չփոխեք ձեր ազգանունը՝ այն Քարդաշյան է», հոր խոսքերն է մեջբերել Քիմ Քարդաշյանը: Քարդաշյանների նախնիները Լոս Անջելես են տեղափոխվել 1914ին՝ մինչև Ցեղասպանությունը: Իրենք այսօր Հայաստանում հարազատներ չունեն, որովհետև ոչ ոք ողջ չի մնացել:
Քիմ Քարդաշյանի խոսքով՝ Ցեղասպանությունը հիշելու նպատակն է, որ այն այլևս երբեք չկրկնվի։ «1.5 մլն մարդ սպանվել է, և ԱՄՆ-ն կարող է ձևացնել, որ դա երբեք չի կատարվել։ Չեմ կարծում, որ դա ճիշտ է», գրել է Քարդաշյանը։ Անդրադառնալով Հայաստան կատարած այցելությանը՝ նա պատմում է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրենց Հայոց ցեղասպանության 100ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկ կրծքանշաններ է տվել: «Մանուշակագույնն իմ դստեր սիրելի գույնն է, դրա համար նա ուզում է ամեն օր կրել այն։ Երբ նա մեծանա, ես նրան կպատմեմ այդ զարդի իրականննշանակությունը։ Ես կիսով չափ հայ եմ, սակայն մեծացել եմ իմ հայ ինքնության շատ մեծ զգացողությամբ, և ես ցանկանում եմ, որ իմ դուստրն ունենա նույն զգացողությունը», ընդգծել է Քարդաշյանը: