Հարցազրույցի այս հատվածում (սկիզբը նախորդ համարում) կիմանանք Սամվել Փիլոյանի ցանկությունների, արմատների, ընտանիքի եւ ձեռքի շնորհքի մասին, ինչի մասին նա երբեք չի բարձրաձայնում: Ի դեպ, շուտով սպասվում է նաեւ դերասանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը, որին մենք անպայման կանդրադառնանք:
-Ձեզ համար վիրավորակա՞ն չէ, որ երեկվա նորավարտը Ձեզ հետ նկարահանվում է ու Ձեզնից էլ շատ վարձատրվում:
-Եթե շնորհքով է, տաղանդավոր, ինձ համար վիրավորական չէ, բայց երբ պատահական մի անցորդի բռնում են ու նկարում, մի օր մեզ՝ մասնագետներիս հետ շփվելուց հետո էլ հաջորդ օրն ասում են ,բարեւ, կոլեգա՛ե, ա՛յ դա վիրավորական է: Չնայած մի պարզ ճշմարտություն կա. հեշտ ձեռք բերածը հեշտ էլ կորցնում ես: Իսկ ես ամեն ինչ ձեռք եմ բերել մաքառումով ու տանջանքով, դրա համար էլ այդ ամեն ինչը թանկ է ինձ համար:
-Ինչի՞ կարիք ունեք այսօր ամենից շատ:
-Ձեռք բերածը պահելու առաջընթացին նպաստելու եւ մեր մշակույթն ըստ արժանվույնս ներկայացնելու:
-Համամարդկային բաներ եք ասում, իսկ սեփական անձի համար ի՞նչ եք ուզում:
-Ես իմ մասին չեմ մտածում, ինձ համար ավելի կարեւոր են իմ մերձավորները: Այս աշխարհից բան չունենք տանելու: Ամբողջ աշխարհը շրջելով, տեսնելով, թե ինչ հրաշալիքներ կան, մեր բիբլիական երկրում շատ ավելի արժեքավոր բաներ եմ տեսնում: Պետք է կարողանանք այս գլոբալիզացիայի, գենդերային խնդիրների մեջ մեր տեսակը, մեր յուրահատկությունը, մեր ազգային մտածելակերպն ու կեցվածքը չկորցնել ոչ մի դեպքում: Իմ նախնիների մի մասը Բասենից են եկել, մյուս մասը՝ Արցախից: Ես ամուր կապված եմ արմատներիս ու չեմ ուզում գենս կորցնել:
-Մի քիչ Ձեր ընտանիքից պատմե՛ք:
-Ամեն ինչ ընտանիքից է սկսվում` նույն պետությունը, երկիրը: Եթե ամեն մեկս մեր հերթին պահպանենք ավանդույթները, մեր պետությունը երբեւէ չարիքի առաջ չի կանգնի: Ամուսնացած եմ, ունեմ աղջիկ ու տղա: Աղջիկս ամուսնացած է, ինձ երեք թոռնիկ է պարգեւել: Տղաս դեռ սովորում է Մանկավարժականի օպերատորական բաժնում, կինս էլ աշխատում է Սունդուկյան թատրոնում:
-Պարո՛ն Փիլոյան, ես գիտեմ, որ Դուք նաեւ ձեռքի մեծ շնորհք ունեք, ինչո՞ւ եք համեստաբար լռում:
-Երբեք ստեղծագործական քաղց չեմ ունեցել, այդ քաղցը կարողացել եմ բավարարել ընթերցանությամբ, արծաթից զարդեր կամ դիմակներ պատրաստելով, նկարում եմ, գրում: Երբ մարդու մեջ սրվակը լցվում է, ինչ-որ մի կերպ դուրս է ժայթքում: Գուցե գա ժամանակ, երբ իմ աշխատանքները ցուցադրվեն նաեւ Երեւանում:
-Կհիշե՞ք Ձեր կյանքի երջանիկ պահերից մեկը:
-Հստակ կարող եմ ասել, որ թատրոնից առավել ինձ հետաքրքրում է հայի բախտն ու ճակատագիրը, սիրտը, հոգին, մտածելակերպը: Իմ կյանքում գերագույն հաճույք ստացել եմ այն պահին, երբ 70 տարեկան թուրքը հայկական դրոշ էր կարում Թուրքիայում: Դա իմ կյանքի ամենաերջանիկ պահն էր: Ճիշտ է, ես 1 միլիոն 200 հազար թուման վճարեցի, բայց երեւույթն էր կարեւոր, որ թուրքը հայկական դրոշ էր կարում:
Հ.Գ. Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ դերասան Սամվել Փիլոյանը երկու անգամ ներկայացված է եղել կոչում ստանալու, բայց վերջին պահին նրա անունը դուրս է հանվել ցուցակից: Այդ հարցով դիմեցինք նրա պրոդյուսեր Մարգարիտա Դավթյանին, որը տվեց հետեւյալ պատասխանը. ,Դա ճշտե՛ք մշակույթի նախարարությունից: Իսկ առհասարակ, ես համաձայն եմ Սամվելի հետ, կոչումները խնդրելով կամ ծանոթությունով չեն ստանում: Թող ամենամեծ կոչումը լինի քո ժողովրդի սերը, որ քեզ տեսնելով՝ սեղմում է ձեռքդ ու շնորհակալություն հայտնում: Իսկ պաշտոնապես կոչում ստանալու հարցը թող մնա պատասխանատու ատյանների մարդկային ու մասնագիտական խղճի վրաե:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթ 06.10.12