ԲՀԿ-Ն ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդան Օսկանյանը, որին երեկ ԱԱԾ քննչական վարչությունը արդեն պաշտոնապես փողերի լվացման մեղադրանք առաջադրեց, հարցազրույց է տվել սեփական  «ՍիվիլՆեթ» կայքին եւ հայտարարել, թե առաջիկա նախագահական ընտրություններում  ԲՀԿ-ն պետք է ունենա սեփական թեկնածու: «Հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն այսօր Հայաստանում ծանրակշիռ եւ մեծ հեղինակություն  ունեցող կուսակցություն է, եւ ժողովուրդը նրանից մեծ ակնկալիքներ ունի, ես կարծում եմ, որ նա, միանշանակ, նախագահական ընտրություններին պետք է մասնակցի  սեփական թեկնածուով:  Բնական է, որ  առաջին հերթին  այդ թեկնածուն  պետք է լինի  կուսակցության առաջնորդը` Գագիկ Ծառուկյանը:  Սակայն եթե պարոն  Ծառուկյանը չուզենա  իր թեկնածությունը դնել, եւ կուսակցությունը կանգնի իմ թեկնածության վրա, ես պատրաստ եմ  ինձ վրա վերցնել այդ պատասխանատվությունը»,-ասել է Օսկանյանը: Ուշագրավ է, որ իր նախագահական նկրտումների մասին Օսկանյանն առաջին անգամ բացեիբաց հայտարարեց  հենց  իրեն մեղադրանք առաջադրելու օրը` այդպիսով, փաստորեն, էլ ավելի թեժացնելով այս գործընթացի ԲՀԿ բառապաշարով ասած` «քաղաքական կոմպոնենտը»: Հարցն այն է, սակայն, թե արդյոք այդ հայտարարությունը նա արել է ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանի  հետ համաձայնեցնելով, թե  հերթական անգամ առաջ է ընկել ԲՀԿ-ից` իր հայտարարություններով ծանր կացության մեջ դնելով հարազատ կուսակցությանը: Հիշենք, որ դեռ  ԲՀԿ-ի մարտին կայացած համագումարից սկսած` Օսկանյանը մշտապես հանդես է եկել այնպիսի հայտարարություններով, որոնցով այսպես թե այնպես ԲՀԿ-ին դրել է անհարմար վիճակի մեջ: Սակայն միեւնույն ժամանակ նաեւ այնպես է արել, որ կուսակցությունն ուզած- չուզած` ստիպված է եղել գոնե մասամբ հետեւել իր նախանշած  լուծումներին: Այդպես եղավ նաեւ ԲՀԿ-ի՝ կոալիցիա չմտնելու հարցում, երբ Օսկանյանը, դարձյալ առաջ ընկնելով Ծառուկյանից, շտապեց իր սեփական լրատվամիջոցով հայտարարել, թե ԲՀԿ-ն չպետք է մտնի կոալիցիա:  Տեւական ժամանակ նրա բոլոր հայտարարություններին ԲՀԿ-ն արձագանքում էր` «դա Օսկանյանի անձնական տեսակետն է» անփոփոխ  ձեւակերպմամբ: Անգամ  փողերի լվացման գործի ի հայտ գալուց հետո ԲՀԿ-ականները չորս ամիս շարունակ  լռում էին:  Եվ միայն  ԱԺ-ում  ԲՀԿ երկրորդ համարին անձեռնմխելիությունից զրկելու հարցը բարձրացվելուց հետո   կուսակցության ղեկավարությունը, այն էլ` ի դեմս ընդամենը խմբակցության քարտուղարի, ստիպված եղավ քաղաքական հայտարարություն անել, քանզի հակառակն անելն արդեն  ուղղակի կհարվածեր  ԲՀԿ վարկին: Եվ երկարատեւ բացակայությունից հետո Հայաստան վերադարձած ու Սերժ Սարգսյանի հետ գեներալ Սեյրան Սարոյանի որդու հարսանիքին մասնակցած Գագիկ Ծառուկյանի երեկվա  արձագանքն էլ, թե ամեն բան արվում է իր գիտությամբ, գալիս է եւս մեկ անգամ հաստատելու, որ ԲՀԿ-ն ժողովրդի լեզվով ասած` «նամուսի խաթեր» է պաշտպանում Օսկանյանին: Այս առումով միանգամայն օրինաչափ է Օսկանյանի` վերը նշված հայտարարությանը հետեւած ԲՀԿ խոսնակի արձագանքը. «Նախագահական ընտրությունների հետ կապված՝ կուսակցությունը նոր ասելիք չունի»:




Լրահոս