Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ` Հայաստան ժամանած ԴԱՀԿ ծառայության գործընկեր ավելի քան 10 երկրի ներկայացուցիչներ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշամալիր` հարգելու 1915թ. Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Լրագրողների հետ զրույցում Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենն ասաց, որ Հայաստանում առիթ է ունեցել լինել մի քանի անգամ «Առաջին անգամ չէ, որ Հայաստանում եմ, սակայն թույլ տվեք ասել, որ այսօր շատ կարեւոր օր է: Միջացառմանը մասնակցելով` եւս մեկ անգամ ցանկանում ենք մեր խոսքը ասել ամբողջ աշխարհին արդարադատության վերականգման վերաբերյալ»: Անդրադառնալով Հայաստանում ԴԱՀԿ ծառայության եւ միջազգային կառույցների հետ համագորակցությանը` Լեո Նետենը նշեց, որ Դատական կատարողների միջազգային միությանը անդամակցում է 85 երկիր, որոնց անդամ կդառնա նաեւ Հայաստանը.
«Մենք փորձում ենք միասնական համընդհանուր կերպով ընդունված օրենքները եւ ընթացակարգերը իրականացնել: Դատարանների կողմից հրապարակած որոշումները կմնան թղթի վրա, եթե չլինի Դատական ակտերի հարկադիր կատարողների ծառայությունը: Մենք ցանկանում ենք ապահովել լավագույն փորձի փոխանակումը, այսինքն կուտակում ենք այդ փորձը եւ կիսում այն տարբեր երկրների հետ: Երեկ մենք տեսանք այդ փորձը, օրինակ, Հայաստանի Հանրապետությունը ունի մի ձեռքբերում, ամուսնալուծությունների գործերի դեպքում շատ երկրներում դատարանը որոշում է կայացնում առանց երեխաների մասին մտածելու, մինչդեռ Հայաստանը կարողացել է հասնել այն զարգացման աստիճանին, որ հաշվի է առնվում երեխաների առողջությունը եւ բարեկեցությունը»:
Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի գլխավոր տնօրեն Եվա Լիեդստրոմն ասաց, որ առաջին անգամ է լինում Հայաստանում.
«Հրաշալի երկիր է, հրաշալի է նաև այսօրվա միջոցառման կազմակերպվածությունը: Այս պահից սկսված բոլոր մտքերս կապված են եւ կապված են լինելու Հայոց ցեղասպանության հետ :Առաջին հերթին շատ հպարտ եմ, որ իմ երկրի կառավարությունը ընդունել եւ հաստատել է այս սարսափելի արարքները, որոնք ի վերջո բերել են ցեղասպանության»: Հարցին, թե ինչ քայլեր պետք է արվեն, որպեսզի այս ոճրագործությունը իրականացրած երկիրը եւս ընդունի պատմական իրողություն, Եվա Լիեդստրոմը պատասխանեց. «Նրանց պետք է բերել այստեղ, ցույց տալ հուշարձանը, մասնակցեն այս ողջ իրողությանը, քանի որ սա է ոգին»: