Մայիսին կարող է նոր կառավարություն ձևավորվել. ո՞ր նախարարներն են վտանգի առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի երկրորդ կեսին, երբ արդեն լիարժեք ավարտված կլինեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառումները, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ Կառավարության կազմում էական փոփոխություններ կլինեն:

Նշենք, որ եթե քսան օր առաջ իշխանական կուլիսներում Կառավարության փոփոխության մասին խոսում էին զուտ որպես հնարավորություն, ապա այժմ այդ հեռանկարը ներկայացվում է, թե իբր քաղաքական որոշումն արդեն կայացվել է: Ըստ լուրերի՝ Կառավարության փոփոխության մասին կհայտարարվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստական աշխատանքներին պաշտոնապես մեկնարկ տալու հայտարարության հետ գրեթե միաժամանակ: Այսպիսով նախ՝ կլուծվի Հովիկ Աբրահամյանի անցավ պաշտոնանկության հարցը, քանի որ կներկայացվի, թե իբր նրան վարչապետի պաշտոնից ոչ պակաս կարեւոր գործ է վստահվելու` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շտաբի ղեկավարի գործը: Որպես գործադիրի ղեկավարի պաշտոնանկության հրամայական՝ իշխանական կուլիսներում խոսվում է, որ Հովիկ Աբրահամյանը չի կատարել վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո տված տնտեսական աճ ապահովելու խոստումը:

Մասնավորապես, նա պարտավորվել էր խոշորածավալ ներդրումներ բերել Հայաստան, ինչը նրան չի հաջողվել ու չի հաջողվում: Իսկ աշնանը մնացել է չորս ամիս, եւ եթե մինչ այդ Հայաստանին չհաջողվի 700 միլիոնից մինչեւ մեկ միլիարդ դոլարի ներդրումներ ներգրավվել, ապա տնտեսությունում անկանխատեսելի զարգացումներ կարող են տեղի ունենալ: Ըստ լուրերի՝ Հովիկ Աբրահամյանը փորձում է ժամանակ ձգել մինչեւ հուլիս, քանի որ համոզված է, որ գարնան ամիսներին Հայաստան այցելած հյուրերի աճը եւ գյուղատնտեսական տարվա ակտիվ շրջանի մեկնարկը որոշակիորեն կաշխուժացնեն տնտեսությունում ստեղծված մեռյալ վիճակը: Բայց, ինչպես արդեն նշեցին, պաշտոնապես նա ոչ թե պաշտոնանկ կարվի, այլ կտեղափոխվի «ավելի պատասխանատու» աշխատանքի, առավել եւս որ այդ փորձը կա: Հիշեցնենք, որ նա 2011 թվականին հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից եւ նշանակվեց ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետ:

Մյուս կողմից նկատենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների մեկնարկի արդյունքում միաժամանակ հնարավոր կլինի դաշնակցության հետ կոալիցիա կազմելու մտադրության մասին պաշտոնապես հայտարարել: Բայց սա այն դեպքում կլինի, եթե Սերժ Սարգսյանն իրականում որոշի փոխել Հայաստանի կառավարման կարգը` կիսանախագահականից դարձնելով խորհրդարանական: Այս խնդրին մենք դեռ կանդրադառնանք հետագա հրապարակումներում:

Ըստ լուրերի՝ վարչապետի հարցում Սերժ Սարգսյանը կարծես թե կողմնորոշվել է, այդ պաշտոնում գուցե նշանակվի ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Թեեւ այլ տարբերակներն էլ բացառված չեն, քանի որ Սարգսյանը մինչեւ վերջ երբեւէ որեւէ մեկի մոտ չի անկեղծանում:

Իսկ ինչ վերաբերում է գործադիրի մյուս անդամներին, ապա Կառավարության շրջանում պտտվող լուրերի համաձայն՝ նախարարներից իրենց պաշտոնները կպահպանեն միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի եւ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի դեպքում «դատավճիռները» կայացված են` նրանք կլքեն իրենց պաշտոնները: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի եւ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հետագա պաշտոնավարումն առավել շատ պայմանավորված կլինի այն հանգամանքով, թե արդյոք ՀՅԴ կցանկանա, որ նախարարական հենց այդ պորտֆելներն իրեն տրվեն, այդ դեպքում նշված երկու նախարարները եւս պաշտոնանկ կարվեն: Ըստ լուրերի՝ ՀՅԴ ցանկանում է, որպեսզի անպայման իրեն տրվի կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը: Այնպես որ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկությունը, կարծես թե, անխուսափելի է:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի եւ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետագա պաշտոնավարման հարցը դեռեւս անորոշ է:

Հավելենք, որ չի բացառվում` նախարարներից մեկ-երկուսը նշանակվեն որեւէ երկրում ՀՀ դեսպան: Այնպես որ, հետաքրքիր զարգացումներ են սպասվում ապրիլքսանչորսյան միջոցառումների ավարտից հետո:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս