ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՐԲ ՊԱՐՈՒՄ ԵՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Զոն Հեֆֆերնը կնոջ հետ երեկ մասնակցել է Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած պարային ֆլեշմոբին: Ամուսինները միացել են  պարային ռիթմին:

ԿԱՐԵԿՑՈՒՄ Է
«Մարդկային առումով կարեկցում եմ Օսկանյանին` տեսնելով նրա հոգեկան տվայտանքները, բայց որպես պետական գործիչ` կապված մարտի 1-ի դեպքերին նրա վարքագծով, ասել եմ, որ Օսկանյանը թող իր կաշվի վրա զգա այն, ինչ զգացել ենք մենք 10 տարի շարունակ»,-երեկ ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը:  Նրա գնահատմամբ` Օսկանյանը զոհ է Քոչարյանի ստեղծած համակարգի. «Հիշե՛ք Պողոս Պողոսյանին, Կուկուին եւ այլ դեպքեր: Ոչ մեկի նկատմամբ քրեական գործ չհարուցվեց, մարդիկ չկալանավորվեցին, 10 զոհերի մեղավորները չբացահայտվեցին»:

ՈՉ ՄԻ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 8-ին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակցի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Կարեն Հովհաննիսյանի վարորդը:

ՀԻՄԱ ԷԼ` ՍՐՏԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
«էրեբունի-Երեւան-2794» տոնակատարությունը կանցկացվի հոկտեմբերի 14-ին՝ «Իմ սրտի մայրաքաղաք» խորագրի ներքո: Այդ առթիվ հոկտեմբերի 14-ին՝ ժ. 08:30-ից, մայրաքաղաքի փոքր կենտրոնում կդադարեցվի երթեւեկությունը: Երեւանի 26 հրապարակներում եւ հարթակներում տեղի կունենան համերգներ, թեմատիկ ցուցադրություններ, գրական ընթերցումներ:

ԱՇՈՒՆ Է
Հոկտեմբերի 9-11-ին՝ առավելապես գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին, 12-ին եւ 13-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ՀՀ շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը արեւելյան շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:

ՀԱՑԸ ԹԱՆԿԱՑԱՎ
Մի քանի օր է` հանրապետությունում հացն ու հացամթերքը կրկին թանկացել են: Հացի տարբեր տեսակները թանկացել են 10-20 դրամով: Այն խանութներում, որտեղ հացի թանկացում չկա, առավել հավանական է, որ նվազեցվել է քաշը: Հացի հետ միաժամանակ թանկացել է նաեւ մակարոնեղենը: Թանկացման հիմնական պատճառը ալյուրի գնի աճն է, որն էլ իր հերթին պայմանավորված է ռուսական նավահանգիստներում ցորենի աննախադեպ բարձր գներով:

ՀՐԱԺԱՐՎԵՑ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարվել է մասնակցել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ հեռուստաբանավեճին: Վարչապետի խոսնակ Հարություն Բերբերյանը, Սարգսյանի այս որոշման հետ կապված, «Հենարան»-ին ասել է. «Առանց մեկնաբանության»:

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը երկարատեւ բացակայությունից հետո Հայաստան պետք է գար հոկտեմբերի 7-ին, սակայն նրա կուսակիցները «168 ժամ»-ի հետ զրույցում ասել են, որ նրա վերադարձը մեկ օրով հետաձգվել է: Քաղաքական շրջանակները սպասում են, թե Քոքոբելյանն ինչ պատասխան է տալու Րաֆֆի Հովհաննիսյանի` իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին, ըստ որոնց` Քոքոբելյանը չի կատարել նախօրոք ստանձնած պարտավորությունը եւ չի հրաժարվել պատգամավորական մանդատից:




Լրահոս