ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ «ԽՈՒԼԻԳԱՆ»
Րաֆֆի Հովհաննիսյանն այս տարվա հուլիսի 15-ին կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով: Տուժողը համագյուղացի Շիրազ Շահբազյանն է: Վրաստանի քաղաքացի, Շիրակի մարզի գյուղերից մեկի 29-ամյա բնակիչ Րաֆֆուն դատում են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
ՊՈՌՆՈ` ՀՆԱՄԱՇ ՄԵՔԵՆԱՅՈՒՄ
Գեղարքունիքի մարզի դատարանում քննվող մի գործով գավառցի Հովոն իր ընկեր Արմուշին ու նրա ծանոթ Գայուշին (տուժողների անունները փոխված են) անձնական օգտագործման «ՎԱԶ 2103» մակնիշի «բլած» մեքենայով տարել է ինչ-որ վայր, որտեղ նրանք սկսել են սեքսով զբաղվել, սակայն այնքան են տարվել, որ չեն նկատել՝ Հովոն բջջայինով այդ ամբողջը տեսագրում է: Վերջացրել են, ու Հովիկը միանգամից տեսագրությունն անլար հեռահաղորդակցման ճանապարհով փոխանցել է Արմուշին ու եւս երկու ընկերների:
ՀԱՅՑ՝ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԵՄ
ԱԺ նախկին պատգամավորի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում ծեծված եւ մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի դեպքից հետո Ռուբեն Հայրապետյանը ոչ մի կերպ չի ազատվում հասարակական հետապնդումներից: Այդ դեպքի հետ կապված արդեն երրորդ դատական գործը հավանաբար կմտնի դատարան: Ռ. Հայրապետյանի՝ Nouvelle d’Armenie ամսագրին տված հարցազրույցում «Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամներ Հրանուշ Խառատյանը, Գարեգին Չուքասզյանը, ինչպես նաեւ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ի միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն իրենց ուղղված վիրավորանք եւ սպառնալիքներ են նկատել: Հենց այդ հիմքերով էլ նրանք հայց են ներկայացրել Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նրանք պարզապես մտավախություն ունեն՝ կապված վաղեմության ժամկետն անցնելու հետ, քանի որ վիրավորանքի եւ զրպարտության դեպքում հստակ ժամկետներ կան. իմանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, սակայն 6 ամսից ոչ ուշ: Տվյալ դեպքում նրանց՝ հայց ներկայացնելու ժամկետը 1 ամիսն է: