Ազգային ժողովում այժմ քննարկվում է «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների նախագծի և հարակից օրինագծերի փաթեթը: Նախագծով առաջարկվում է ներդնել դատական հաշտարարի ինստիտուտ, իսկ հաշտարար կարող են դառնալ 25 տարին լրացած անձինք՝ վերապատրաստման դասընթաց անցնելուց հետո:
Քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, թե ֆինանսական հաշտարարի ինստիտուտը համարում է խայտառակ տապալված ինստիտուտ:
«Հիմա մենք ներմուծում ենք նոր ինստիտուտ, որ կոռումպացված դատական համակարգի պայմաններում կարող է չաշխատել»,-նշեց նա:
Ն. Զոհրաբյանի խոսքով` հստակ նշված չէ, թե ինչ մասնագիտություն պետք է ունենա հաշտարարը: Նա ընդգծեց` քանի դեռ ՀՀ-ում չի լուծվել թիվ մեկ խնդիրը՝ դատական համակարգի անկախությունն ու կոռումպացվածությունը, հաշտարարի ինստիտուտը չի աշխատի:
Նախագծի զեկուցողն էր ԱՆ փոխնախարար Արսեն Մկրտչյանը, ով նշեց, որ ֆինանսական հաշտարարի ինստիտուտը ոչ մի կերպ համեմատելի չէ այս հաշտարարի հետ: «Ինստիտուտը բավականին խորը ուսումնասիրված է, կան նախադրյալներ, և կարծում եմ` այն կաշխատի մեր երկրում: Դատական համակարգի անկախութունը կարևոր է, բայց հաշտարարի ինստիտուտը ուղղակի կապ չունի դրա հետ», – նշեց նա:
Ն. Զոհրաբյանն էլ հիշեցրեց, որ ֆինանսական հաշտարար տիկինը դեկրետ գնալուց ստացավ 20 մլն դրամ, և գուցե իր համար այս առումով շատ նպաստավոր է այդ պաշտոնի առկայությունը: Նշենք, որ խոսքը ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կնոջ մասին է: