Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներն ամփոփեցին հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը և անդամներ Արփինե Հովհաննիսյանն ու Մհեր Շահգելդյանը:
Պատվիրակության ղեկավարը ներկայացրեց, որ ԵԽԽՎ-ում բարձրացվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Նա նշեց, թե այդ հարցն արդեն իսկ Եվրոպայի շատ երկրների քաղաքական օրակարգում է:
Հերմինե Նաղդալյանը նաև հայտնեց, որ պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանն առաջարկել է 1 րոպե լռությամբ հարգել բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը, որին արձագանքել են բոլոր պատվիրակները` բացառությամբ մի քանի թուրք պատվիրակի: Նա ընդգծեց, թե նույնիսկ ադրբեջանցի պատվիրակներն են այդ ժամանակ ոտքի կանգնել: Թուրք պատվիրակներից ոտքի է կանգնել միայն մի կին թուրք պատվիրակ, որն այնուհետև խնդիրների առաջ է կանգնել թուրքական պատվիրակությունում:
Ի թիվս այլ հարցերի` ԵԽԽՎ-ում քննարկվել է նաև «Իսլամական պետություն» կոչվող տեռորիստական կազմակերպության հարցը, որի շուրջ լուրջ քննարկումներ են եղել: Նաղդալյանի խոսքով` Հայոց ցեղասպանության հարց այնտեղ քննարկվել է ամենաբարձր մակարդակով և շատերն են դատապարտել նման ոճրագործությունները: Պատվիրակության անդամ Մհեր Շահգելդյանը ևս ընդգծեց, որ ԵԽԽՎ-ում Հայոց ցեասպանության հետ կապված Հայաստանի ձայնը իսկապես բարձր էր հնչում: