Օրերս ՀՀ էկոնոմիկայի, քաղաքաշինության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարների ուղեկցությամբ Շիրակի մարզում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նախ ծանոթացավ Գյումրիում կառուցվող տեխնոպարկի շինարարական աշխատանքներին, այնուհետեւ մասնակցեց Մարալիկում սոցիալական բնակֆոնդի համար կառուցված բնակարանների բացման արարողությանը:
Գյումրիում տեխնոպարկ կառուցելու գաղափարն արծարծվում էր դեռեւս 2006թ.-ից, սակայն միայն այս տարվա հունիսից մեկնարկեցին տեխնոպարկի շինարարական աշխատանքները, որոնք նախատեսված է ավարտել 2013թ. վերջին: Տեխնոպարկի տնօրեն Գուրգեն Պարոնյանի վստահեցմամբ՝ այս գաղափարի իրականացման համար ամենալուրջ խնդիրը ներկայում որակյալ կադրեր ունենալն է, ինչի համար ինտենսիվ աշխատանքներ են տարվում կրթական ոլորտում:
Սոցիալապես անապահով ընտանիքների, միայնակ տարեցների ու մանկատան շրջանավարտների համար Մարալիկում կառուցված ու կահավորված սոցիալական բնակարաններն առաջինն են հանրապետությունում: Երեք շենքերի 59 բնակարաններ արդեն ունեն հասցեատերեր: Նրանց մի մասը, բնակարանամուտ տոնելու իր ուրախությունը չթաքցնելով, կիսվում էր մեզ հետ, ոմանք էլ չէին ցանկանում խոսել՝ ուրախ չլինելով հենց Մարալիկում բնակարան ունենալու հանգամանքից:
Մանկատան սան 18-ամյա Լիլիթ Ստեփանյանը, որը սովորում ու միաժամանակ աշխատում է Երեւանում, մեզ հետ զրույցի հենց սկզբում ասաց, որ բացարձակ ուրախ չէ. «Աշխատանք, քոլեջ պետք է թողնեմ ու գամ ստեղ ապրեմ, բայց ստեղ ոչ մի բան չկա: Եթե բնակարանը ստանալուց հետո չգամ ապրեմ, ապա այն կվերցնեն ինձանից, ու հիմա չգիտեմ՝ ինչ եմ անելու»:
Բնակարանների շահագործման արարողությանը մասնակցելու համար շենքերի բակում հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ, բայց նրանց մեծ մասի նպատակը ոչ թե վերը նշված արարողությանը մասնակցելն էր, այլ վարչապետին իրենց խնդրանքը, դիմում-բողոքն անձամբ փոխանցելը: Քաղաքացիներից շատերը վարչապետին դիմում էին իրենց աշխատանքով, բնակարանով ապահովելու, սոցիալական նպաստի վերականգնման հարցերով: Քաղաքացիներին լսելուց ու իրեն հասցեագրված նամակները վերցնելուց հետո վարչապետը պատասխանեց նաեւ լրագրողների մի քանի հարցերի:
Անդրադառնալով տեխնոպարկին` Տ. Սարգսյանը նշեց, որ շինարարական աշխատանքները իրականացվում են բարձր որակով, եւ շինարարներն անգամ ժամանակացույցից երկու ամիս առաջ են ընկել: Իսկ թե կառավարության հայտնի նիստից ու Սերժ Սարգսյանի նկատողությունից հետո ինչ է փոխվել, Շիրակի մարզում «ատկատներ» հայտնաբերվել են, թե ոչ, վարչապետն ասաց. «Կոռուպցիոն երեւույթները բնորոշ են բոլոր քաղաքներին, եւ այդ հիվանդությունը տարածված է ՀՀ-ում: Մենք այս անգամ սկսել ենք ավելի կոշտ պայքար. եթե նախկինում բավարարվում էինք նկատողություններով կամ վերադարձնում էին պետությանը հասցված վնասները, ապա հիմա պատիժները կլինեն ավելի խիստ՝ մարդիկ կհեռացվեն աշխատանքից, քրեական գործեր կհարուցվեն»:
Գյումրի