Վերջերս անդրադարձել էինք Հայաստանում բաց բաժնետիրական ընկերությունների ստեղծման և արժեղթղերի շուկան աշխուժացնելու խնդրին: Թեման ավելի քան արդիական է հատկապես ներդրումների ծավալների նվազման ֆոնին: Ընկերության կողմից ֆոնդային բորսա դուրս գալը, ինչպես ներկայացրել էինք, բավականին ծավալուն գործընթաց է, և որպեսզի ընկերությունն այն հաջող իրականացնի, պետք է շուկայում համապատասխան դիրք, ֆինանսական կայուն վիճակ և զարգացման տեսանելի հեռանկարներ ունենա:
Շուկայում ստեղծված իրավիճակը բիզնեսին մտածելու տեղիք է տալիս, և պահանջում նոր իրողությանը համապատասխան լուծումներ գտնել: Հայ բիզնեսմենները ևս ստիպված են լինելու վերանայել իրենց ռազմավարությունը և կրկնել արտասահմանյան բիզնես զարգացման սցենարը: Վերջին տասնամյակում արտերկրում մեծ թափ է հավաքում տարբեր ընկերությունների կողմից կազմակերպաիրավական ձևի փոփոխությունը և բաց բաժնետիրական ընկերությունների վերակազմավորումը: Դա բնականոն է հատկապես ԱՄՆ-ի և եվրոպական երկրների համար: Բայց արդեն իսկ հետ չեն մնում նաև հետխորհրդային երկրները: Օրինակ, մի քանի տարի առաջ Ղազախստանը նախաձեռնեց «ժողովրդական IPO» ծրագիրը, որի նպատակն էր հնարավորություն տալ բնակչությանը գնելու երկրի խոշոր կազմակերպությունների բաժնետոմսերը և զարկ տալ արժեթղթերի շուկայի հետագա զարգացմանը: IPO-ն ենթադրում է ընկերության բաժնետոմսերի թողարկում և վաճառք ինչպես ինստիտուցիոնալ ներդրողներին, այնպես էլ` լայն հասարակությանը: Զարգացնելով արժեթղթերի շուկան` պետությունը բնակչության համար ստեղծում է խնայողություններն ապահով պահելու ևս մեկ գործիք, իսկ ընկերությունները ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով ներգրավում են լրացուցիչ ֆինանսավորում:
Մասնավոր և ինստիտուցիոնալ ներդրողների ներգրավումն իր հերթին կբարձրացնի բիզնեսի որակը և կխթանի ներդրումների շուկայի զարգացումը Հայաստանում: Ցանկացած երկրում այն կազմակերպությունները, որոնց արժեղթղթերն ազատ շրջանառվում են շուկայում, վայելում են հանրության վստահությունը, ավելի թափանցիկ են և ընկալելի սպառողների կողմից: Այսինքն ընկերությունները դառնում են «հանրային» և վերահսկվում են շատ թվով բաժնետերերի կողմից, այլ ոչ թե ամբողջությամբ կառավարվում մեկ կամ երկու-երեք անձի կողմից:
Շուկայի մասնակիցներն ասում են, որ Հայաստանում փող կա, սակայն չկա պատկերացում բաժնետոմսերի վերաբերյալ` որպես գումարի ներդրման ապահով միջոց: Հուսանք, որ Հայաստանում նման կուլտուրայի ձևավորման համար երկար ժամանակ չի պահանջվի, իհարկե` լավ առաջարկի պայմաններում:
Անի Ստեփանյան