Հայաստանի Հանրապետությունը Ռիգայում կվերահաստատի Եվրոպական Միության հետ համապարփակ համագործակցության իր պատրաստակամությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսի հետ համատեղ ասուլիսում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով` ապրիլի 27-ին կայացած բանակցությունների ընթացքում մեծ հատված է հատկացվել Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերություններին:
«Համատեղ հռչակագրում ասվում է, որ Հայաստանը և Եվրամիությունը ցանկանում են շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով և ձևաչափերով, որոնք չեն հակասում այլ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին»,- ասել է Նալբանդյանը` պատասխանելով բելգիացի լրագրողի հարցին, թե Հայաստանն ինչ ակնկալիքներ ունի մայիսին Ռիգայում կայանալիք Եվրոպական միության Արեւելյան գործընկերների (ԱլԳ) գագաթնաժողովից:
ՀՀ արտգործնախարարը նաև վստահություն է հայտնել, որ այս դիրքորոշումը կվերահաստատվի նաև Ռիգայում կայանալիք գագաթաժողովում:
Բելգիայի Թագավորության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսն իր հերթին նշել է, որ որպես Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահող երկիր Բելգիան ցանկանում է, որ բոլոր անդամ պետությունները գագաթնաժողովին ներկայանան իրենց ողջ ներուժով և արձանագրած հաջողություններով, բայց և առաջ գնալու պատրաստակամությամբ:
«Մենք մշտապես կարծել ենք, որ պետք է աշխատել տարբեր գործընկերների հետ: Հանգամանքը, որ ԵՄ-ի հետ ստորագրվել են պայմանագրեր, չի նշանակում, որ հնարավոր չէ պայմանագրեր ունենալ մյուս հարևանների, օրինակ` Ռուսաստանի կամ ասիական այլ երկրների հետ»,- նշեց բելգիացի դիվանագետը: