ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԱՐԿ Է ՏՎԵԼ ՏՐԱԿՏՈՐԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է իր հերթական զեկույցները՝ “ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2012թ. հունվար-օգոստոսին” եւ “Արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկումը բնեղեն արտահայտությամբ 2012թ. հունվար-օգոստոսին”:
Այդ զեկույցներում տեղ գտած տվյալների ուսումնասիրությունը բավական ուշագրավ փաստեր է բացահայտում Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ: Ավելի ճիշտ՝ ցույց է տալիս տնտեսական աճի ու հրաշքների մասին իշխանական քարոզչամեքենայի ստի մեխանիկան: Նույնիսկ իշխանության մեջ կգտնվեն հատուկենտ մարդիկ, որոնք կհավատան մանր ու միջին բիզնեսի զարգացման մասին իշխանությունների հեքիաթներին: Եւ ահա բլեֆը բացահայտվում է պաշտոնական վիճակագրությամբ: Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշները կառուցված են հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցող վայրիվերումների շնորհիվ: Ոլորտ, որը Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան զույգի մենաշնորհն է: Ոլորտ, որը, ըստ էության, ոչ թե արտադրվում է, այլ մշակվում կամ որպես հումք վաճառվում: Ու եթե հանենք  հանքարդյունաբերության ոլորտում գրանցված աճի ցուցանիշը, տնտեսության ոլորտում աճի մասին խոսելը ծիծաղելի կլինի:
Հանքարդյունաբերության ոլորտում նախորդ տարվա համեմատ որոշակի աճ գրանցվել է. օրինակ՝ 2012թ. արտադրվել է 17 հազար 225 տոննա ալյումինե փայլաթիթեղ, 2011թ.՝ 16 հազար 614 տոննա: Այս տարի արտադրվել է 101 հազար 505 տոննա պղնձե խտանյութ, նախորդ տարի՝ 80 հազար 646 տոննա: Մոլիբդենի խտանյութի արտադրությունը եւս աճել է. այս տարի արտադրվել է 6 հազար 943 տոննա, նախորդ տարի՝ 6 հազար 186 տոննա մոլիբդեն, եւ այդպես շարունակ: Իսկ ահա արտադրության շատ այլ ոլորտներում արդեն նախորդ տարվա համեմատ անկում է գրանցվել: Օրինակ՝ գորգերի, գուլպեղենի, տրիկոտաժեղենի, բամբակյա գործվածքների ու անկողնային սպիտակեղենի արտադրության ոլորտում այս տարի արտադրանքն ավելի քիչ է, քան նախորդ տարի: Նախորդ տարվա առաջին ութ ամիսներին արտադրված 15,4 տոննա գորգեղենի փոխարեն այս տարի արտադրվել է 7,6 տ: Նախորդ տարի արտադրվել է 39,7 տ բամբակյա գործվածքեղեն, այս տարի՝ 31,2 տ:
Բայց ամենամեծ աճը այս տարի կրկին ու կրկին գրանցվել է տրակտորաշինության ոլորտում: Ու մինչ միամիտները կփորձեն համացանցի կամ ծանոթ-բարեկամների միջոցով պարզել՝ Հայաստանում որտեղ կա տրակտորի արտադրության գործարան, շտապենք հիասթափեցնել: Մեր երկրում ոչ մի տրակտոր չի արտադրվում, պարզապես այդ մեքենայի մասերը բերվում են ՀՀ, իրար միացվում եւ վերջ: Արդյունքում՝ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մեզանում տրակտորաշինությունը գնալով նոր թափ է ստանում՝ իր աճի տեմպերով գերազանցելով անգամ ՌԴ-ին ու Բելառուսին: Բանն այն է, որ  եթե նախորդ տարի ՀՀ-ում “արտադրվել է” ընդամենը մեկ տրակտոր, ապա այս տարվա ընթացքում՝ միանգամից 143: Ասել է թե՝ միայն այս ոլորտում գրանցվել է աննախադեպ՝ 143 անգամ աճ:
Փոխարենը մի շարք ոլորտներում իրավիճակը պարզապես մտահոգիչ է: Այս տարի նվազել է նաեւ կաթնամթերքի, պահածոների, ոգելից խմիչքների արտադրությունը: Հասկանալի է՝ հատկապես պահածոներն ու ոգելից խմիչքները նաեւ արտահանվում են: Ու եթե նկատի ունենանք, որ նվազել են այդ ապրանքատեսակների արտադրության ծավալները, նշանակում է՝ նվազել է նաեւ արտահանումը: Եւ այսպես՝ 2011թ. արտադրվել է 2033,3 տ բանջարեղենի պահածո, այս տարի այդ թիվը կազմել է 1317,2 տ: Եթե նախորդ տարի արտադրվել է 2684 տ տոմատի պահածո, ապա այս տարի արտադրանքը կազմել է 1794 տ: Այս տարի ավելացել է միայն մրգային պահածոների արտադրանքի թիվը: Բայց դա պայմանավորված է 2012թ. մրգի առատ բերքով, երբ գյուղացիները հաճախ ստիպված են եղել բավական էժան գներով մթերման հանձնել իրենց բերքը, միայն թե այն չփչանա: Այս տարի նվազել է գինու, շամպայնի, գարեջրի արտադրանքը, իսկ հանքային ջրի արտադրանքի ծավալները գրեթե նույնն են մնացել:
Եւս մեկ ուշագրավ տվյալ՝ կապված երկրի տնտեսության վիճակի մասին: 2012թ. արտահանվել է 921 մլն եւ ներմուծվել 2686,8 մլն դոլարի ապրանք: Ներմուծման ծավալները 2,5 անգամ գերազանցում են արտահանման ծավալները: Մի փաստ, որն առավել քան մտահոգիչ է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

“Ժողովուրդ” օրաթերթ 09.10.12




Լրահոս