
Primecrime.ru-ն հայտնում է, որ Թուրքիայում նախորդ շաբաթ արտասահմանցի օրենքով գողերի մեծածավալ հավաք է կայացել, որին մասնակցել են, այսպես կոչված, «հասանականները»: Նրանք հիմնականում բնակվում ու գործում են Մոսկվայում:
Հավաքի ամենաուշագրավ որոշումը եղել է բելառուսցի 4 օրենքով գողերի (Մումու, Պաշտետ, Մեդվեժոնոկ և Լեբեդ) «կարգալույծ» անելը, որը հիմնավորվել է նրանով, որ վերջինները չեն արդարացրել իրենց տրված վստահությունը և անհրաժեշտ կերպով չեն դրսևորել իրենց:



Նրանցից ոմանք նույնիսկ իրավապահների կողմից ծեծի են ենթարկվել ու այդ անպատվությունն անպատասխան են թողել, ինչը գողական օրենքներով աններելի է:

Թուրքիայում կայացված մեկ այլ որոշում էլ վերաբերել է վերջին շրջանում Շաքրոյի գործունեությանը: Նա «հասանականների» կողմից թագադրված շուրջ 1.5 տասնյակ «գողերի» է տիտղոսազրկել, այդ թվում` բելառուսցի Սաշա Կուշներին:

Ինչպես «հակադեդական» կոալիցիայում ընդհանրապես, այնպես էլ Թուրքիայի հավաքում առաջատար դեր է վերապահված եղել ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևին: Նա բավական խիստ է արտահայտվել Ահմեդ Շալինսկու հասցեին, ով հրաժարվել էր իրենց առաջարկից, բայց ընդունել էր «հասանականների» առաջարկած տիտղոսը: Ռովշանն ասել է, որ նման պահվածքը սազական չէ «գողին», ինչպիսին ինքն Ահմեդին չի համարում:

Միաժամանակ հավաքին ներկա Ռովշանի համախոհ և Վոլտերի փեսա Դաթո Սվանը հենց Ռովշանին է հիշեցրել նրա նկատմամբ «հասանականների» ներկայացրած պահանջների մասին, որոնք ձևակերպված ու փաստաթղթավորված են նրանց կողմից:

Ըստ նույն աղբյուրի՝ Դաթոն այդ առիթով ասել է, որ ինչ պատճառով էլ ստեղծված լինեն և ով էլ որ ստորագրած լինի այդ պահանջների տակ, Ռովշանը պետք է հավաք կազմակերպի ու կարգավորի հարաբերությունները բոլոր նրանց հետ, ովքեր իր նկատմամբ վատ են տրամադրված: Իսկ մինչ այդ նա չի կարող իրեն լիիրավ զգալ: