ՀՀԿ-ն որոշեց մինչեւ տարեվերջ հրավիրել արատահերթ ժողով կամ համագումար՝ հայտարարելով առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի առաջադրման մասին: Այս տեղեկատվության մեջ, ըստ էության, որեւէ նորություն չկա, քանզի Ս. Սարգսյանի` ՀՀԿ-ի կողմից առաջադրման հարցում որեւէ մեկը չէր էլ կասկածում: Պարզապես դեռեւս երկու ամիս առաջ հայտարարելով` ՀՀԿ-ն, ըստ էության, ժամանակ է տալիս ԲՀԿ-ին` կողմնորոշվելու համար: Թե ինչ կորոշի Գագիկ Ծառուկյանը` այս հարցի պատասխանն այսօր գրեթե նույնքան անորոշ է, որքան եւ 2011թ. փետրվարի 19-ին, երբ դեռեւս կոալիցիայի անդամ ԲՀԿ-ն ստորագրեց հայտնի հուշագրի տակ, որից հետո Ծառուկյանը շրջանառության մեջ դրեց «այդ մասին հաջորդ դասին» իր հայտնի «թեզը»: Սակայն այսօրվա ՀՀԿ որոշումից հետո պարզ դարձավ, որ «հաջորդ դասն» արդեն պետք է ավարտված լինի մինչեւ ՀՀԿ համագումարը: Փորձենք դիտարկել հնարավոր տարբերակները: Տարբեակ ա. ԲՀԿ-ն առաջադրում է Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը: Այս դեպքում ԲՀԿ թեկնածուն հաղթելու առավել մեծ շանսեր կարող է ունենալ` հաշվի առնելով Ծառուկյանի իրապես բարձր վարկանիշը, նրա հզոր ֆինանսական լծակներն ու ռուսական համապատասխան շրջանակների աջակցությունը: Տարբերակ բ. ԲՀԿ-ն առաջադրում է Վարդան Օսկանյանի թեկնածությունը: Սա համեմատաբար ավելի թույլ տարբերակ է, թեկուզ հենց այն պատճառով, որ Օսկանյանի ընտրվելու շանսերն ավելի փոքր են: Նախ` նրա վիճելի հեղինակության` Ռոբերտ Քոչարյանի հետ ասոցացվելու, մարտի 1-ի եւ ամերիկյան աղանդավորական կազմակերպության հետ բացահայտված հարաբերությունների պատճառով: Այստեղ կա եւս մեկ կարեւոր հանգամանք. ինչ էլ որ ասելու լինենք, հայաստանաբնակ հայերի մեծ մասի համար Օսկանյանը մնում է սփյուռքահայ` «ախպար» բառի հակասական իմաստներով:
Տարբերակ գ. ԲՀԿ-ն սատարում է ՀԱԿ-ի թեկնածուին, եթե դա, իհարկե, լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այս տարբերակը պակաս հավանական է` թե Ծառուկյան-Տեր-Պետրոսյան համադրության, թե ՀԱԿ առաջնորդի առաջադրվելու իրական հեռանկարի տեսանկյունից: Իսկ ՀԱԿ-ի կողմից ցանկացած այլ թեկնածուի առաջադրման դեպքում, ԲՀԿ-ն չի զոհաբերի սեփական ամբիցիաներն ու սատարի այլ ուժի: Առավել եւս, որ այդ ուժը ԲՀԿ-ից տասնյակ անգամ պակաս վարկանիշ ունի այսօր: Տարբերակ դ. ԲՀԿ-ն սատարում է Ռոբերտ Քոչարյանին, եթե, իհարկե, վերջինս առաջադրվի: Իսկ որ նա, կարծես թե, նման ցանկություն չունի, գնալով ավելի տեսանելի է դառնում: Եվ վերջապես` տարբերակ ե. ԲՀԿ-ն ի վերջո, սատարում է Սերժ Սարգսյանին` «ելնելով մեր պետության շահերից»:
Թե որ տարբերակը կիրականանա, դժվար է ասել, սակայն արդեն իսկ տեսանելի է, որ առավել հավանականը երկրորդ ու վերջին տարբերակներն են: Ի դեպ, վերջինի հետ կապված արդեն իսկ հետաքրքիր մեսիջներ է հղում Արտաշես Գեղամյանը` ասելով, թե եթե պետության շահը պահանջի, ապա Սերժ Սարգսյանն անգամ իրեն կսատարի: Եթե նկատեցիք՝ արմատական ընդդիմադիր դաշտը մնաց ՆԺԿ նախահահ Արամ Կարապետյանին: