Սերժ Սարգսյանը գնում է ԱՄՆ, որպեսզի խուսափի՞ ԵՏՄ անդամ երկրների նախագահներների հետ հանդիպումից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն երկու օր է՝ լուրեր են շրջում այն մասին, որ Սերժ Սարգսյանը մայիսի 7-ից 8-ը այցելելու է ԱՄՆ, իսկ մայիսի 9-ին լինելու է Մոսկվայում, որտեղ մասնակցելու է Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ-ի հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթին: Սերժ Սարգսյանի աշխատակազմը այս լուրերը մինչ օրս ո՛չ հերքել եւ ո՛չ էլ հաստատել է: Ավելին՝ նախագահականը մի տեսակ փորձում է այդ այցելության լուրը, որքան հնարավոր է, գաղտնի պահել: Բանն այն է, որ այցելության առիթը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ամերիկայի հայ համայնքի կողմից Վաշինգտոնում կազմակերպվելիք միջոցառումներն են: Սակայն այդ միջոցառումները ծրագրավորվել են դեռ մարտից, եւ «Ամերիկայի ձայնն» այդ մասին բազմիցս հայտարարել է: Ուստի տարօրինակ է, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմը չի փորձել դրանք մեկ-երկու օրով տեղաշարժել:

Բանն այն է, որ մայիսի 8-ին` հաջորդ օրը կայանալիք շքերթից առաջ, Մոսկվայում պետք է տեղի ունենա Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների հանդիպումը: Ակնհայտ է, որ ԱՄՆ կատարելիք այցը Սերժ Սարգսյանի համար պատրվակ է՝ այդ հանդիպմանը չմասնակցելու եւ միայն շքերթի օրը Մոսկվա մեկնելու, ընդհանուր արարողակարգին աննկատ մասնակցելու ու վերադառնալու համար: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է ԵՏՄ-ն որպես տնտեսական «ապաստան» ընտրած Սարգսյանը խուսափում այդ միության անդամ երկրների նախագահների հետ հանդիպումից»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս