Պետք էր, որ իրենց նախարարն ինձ գող դարձնե՞ր, չստացվեց, ես գող չեմ. Աշոտ Աղաբաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը սրտնեղած է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը ստուգումներ է իրականացրել իրեն պատկանող «Հրազդան» տոնավաճառում եւ 60 մլն դրամի տուգանք սահմանել: Պատգամավորը մեզ հետ զրույցում նշել էր, որ այս խնդրի հետ կապված ցանկանում է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ:

Ա. Աղաբաբյանը նաեւ տեղեկացրել էր, որ ինքը դատական հայց է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարության դեմ, որպեսզի օրենքով սահմանված կարգով որոշվի, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ու արդյոք իր ղեկավարած կառույցը «արժանի է» նման չափի տուգանքի: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Ա. Աղաբաբյանի հետ՝ պարզելու, թե ինչ փուլում է դատական գործընթացը:

-Պարո՛ն Աղաբաբյան, Դուք հայտարարեցիք, որ դատի եք տվել ՀՀ ֆինանսների նախարարությանը, քանի որ «Հրազդան» տոնավաճառում իրականցված ստուգումների արդյունքում սահմանված 60 միլիոն դրամի տուգանքը հիմնավորված չեք համարում: Ի՞նչ փուլում է Ձեր ներկայացրած դատական հայցը, ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Ակնկալիք ունեմ ճշմարտության, որովհետեւ դա բանսարկություն է: Այսինքն՝ մենք ունենք պահեստասենյակներ, որտեղ մարդիկ իրենք ապրանքն են պահում, որը տրված է անհատ ձեռներեցին. դա իր գործունեությունն է, գործունեության ձեւն է: Մեր ստադիոնը կապ չունի այն պայմանների հետ, որ տվյալ մարդը վերցրել է պահեստային սենյակը եւ վարձավճար է տալիս: Թե ինչքան վարձավճար է տալիս, մենք դրա հետ որեւէ կապ չունենք: Այսինքն՝ մարդկանց տարել են, քննել եւ հասել նրան, որ նրանք ասել են, թե իրենք ամսական 10 հազար դրամ այդ պահեստասենյակի համար են տալիս: Բայց մենք ի՞նչ կապ ունենք դրա հետ, որ այդ գումարների հետեւանքով մեզ վրա տուգանքներ են գրել: Իհարկե, այս ամենը անհիմն է: Այսինքն՝ պետք էր, որ իրենց նախարարն ինձ գող դարձնե՞ր, չստացվեց, չի էլ ստացվի: Գողը ես չեմ:

-Դուք տոնավաճառի ստուգումներից եւ տուգանքից հետո հանդիպում եք ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հետ, արդյո՞ք այս թեմայի շուրջ զրուցել եք, ասել ե՞ք, որ Դուք գող չեք:

-Այդ ինֆորմացիան Դուք ինձանից շատ լավ գիտեք, դա արդեն տարածվել է, դրա մասին ես արդեն խոսել եմ, կարծում եմ՝ կրկնության կարիք չկա:

– Ում նկատի ունեք:

– Ով որ ինձ գող է անվանում, նրան նկատի ունեմ, ես չգիտեմ՝ ով է, վարչության պետ է, թե ինչ է, ես չեմ կարող ասել, բայց կրկնում եմ՝ ով ինձ գող է ասում, ես իրեն նկատի ունեմ, դա ինձ ինչ հետաքրքիր է, թե ով է:

-Ձեր կուսակցությունում ինչպե՞ս են վերաբերում այս ամենին, ինչո՞ւ Ձեր կուսակից ընկերները Ձեզ չեն օգնում այս իրավիճակից դուրս գալու համար:

-Գիտեք ինչ կա, թե ով է իմ խոսքն ընդունում, ինձ հետաքրքիր չի, ինձ հետաքրքրում է այն, որ ես ճիշտ եմ:

-Մեզ հետ զրույցում նշել էիք, որ ցանկանում եք այս հարցի հետ կապված հանդիպում ունենալ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ: Ի վերջո, հանդիպեցի՞ք Ս. Սարգսյանին, քննարկեցի՞ք Ձեզ հուզող հարցերը:

-Ես գտնում եմ, որ նման հարցերում իրեն չպետք է դիմվի, որովհետեւ եթե երկու հոգու մեջ ինչ-որ հարց կա, երկու հոգու մեջ պետք է լուծվի, երկրի նախագահին խառնենք ինչ-որ մի հատ հասարակ ֆինանսական բացթողման, կամ չգիտեմ՝ ինչ-որ դատավարության մեջ, ես ինձ երբեք նման բան թույլ չեմ տա: Դատը կլինի, ամեն ինչ պարզ կլինի:

-Իսկ ի՞նչ է լինելու «Հրազդան» տոնավաճառի հետ:

-Ահավոր վատ է «Հրազդան» տոնավաճառի վիճակը, որովհետեւ մեր ունեցած հասույթները կրճատվել են մոտավորապես 70 տոկոսով՝ Աբովյանում նոր տոնավճառ բացելու հետ կապված:

-Ըստ Ձեզ՝ այդ ամենի մեղավորը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյա՞նն է, որը Աբովյանում «տեղավորեց» Ձեր տոնավաճառի աշխատակիցներին:

-Ընդհանրապես ամեն ինչի մեղավորը… մեր պարագայում մինչեւ այսօր անհասկանալի է, թե ում ոտքն եմ տրորել: Եթե ճշմարտությունից ինչ-որ ոտք է տրորվում, դա էլ ինձ հետաքրքիր չի, ես շատ ծանր պայմաններում եմ աշխատել, սա նորություն չի:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս