Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանի ունեցած հաջողությունները Թուրքիայի ձախողումների հետևանքն են: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
-Պարո՛ն Գրիգորյան, Հայաստանում և Թուրքիայում նույն օրը միաժամանակ երկու միջոցառում էր նշվում: Դուք հետևե՞լ եք Գալիպոլիի միջոցառոմներին, ինչպիսի՞ տպավորություն ստացաք:
– Ինձ ընդհանրապես հետաքրքիր չէր, թե իրենք ինչ են արել: 15 երկրի ղեկավար էր ներկա, բայց, երբ Գաբոնի, Պակիստանի և Ադրբեջանի նախագահներն են ներկա, ես չեմ համարում այդ միջոցառումը հաջողված: Մենակ երկու երկրներից լուրջ պատվիրակություններ կային` միայն Ավստրալիայից և Նոր Զելանդիայից և դա հասկանալի էր: Մյուս երկրների նախագահները կա´մ Աֆրիկայից էին, կա´մ մուսուլմանական երկրներից, ովքեր Առաջին համաշխարհային պատերազմի հետ ընդհանրապես կապ չունեին: Ես չեմ համարում, որ իրենք ինչ-որ բանի հասան և այդ պատճառով չեմ հետևել Գալիպոլիի միջոցառումներին:
– Ապրիլի 24-ին համաշխարհային մամուլի ուշադրությունը Հայաստանի կողմն է եղել: Այս դեպքում Թուրքիայի միջոցառումները կարելի՞ է ձախողված համարել:
– Իմ կարծիքով` Թուրքիան սխալ արեց, որ չվավերացրեց արձանագրությունները. սխալ է անում, որ սահմանը պահում է փակ և հենց այդ գործոններն էլ ուժեղացրեցին ճնշումը Թուրքիայի վրա: Եթե թուրքերն այս հաշտեցման պրոցեսը բնականոն ավարտեին արձանագրությունների վավերացմամբ, ապա աշխարհն այսպիսի մեծ թափով չէր ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ` Թուրքիան այս երկու տարվա մեջ հայկական հարցերով լուրջ սխալներ արեց, որն էլ բերեց նրան, որ Հայաստանը վերադարձավ հին կոնցեպտին: Հին կոնցպտն այն է, որ Հայաստանը երրորդ պետությունների միջոցով ճանաչել է տալիս Հայոց ցեղասպանությունը, և Հայաստանն ինքն է այս առումով մեծ աշխատանք տանում: Թուրքիան նորից մեզ համար մնում է լուրջ խնդիր, իսկ Ռուսաստանը` գլխավոր բարեկամ: Հայաստանը ստիպված եղավ վերադառնալ այս հին կոնցեպտին:
Մեծ հաջողություն էր, որ Հռոմի պապն ընդունեց Հայոց ցեղասպանությունը, Հռոմի պապը պատարագ մատուցեց, որը համաշխարհային մասշտաբի նշանակություն ունի: Սա նշանակում է, որ Հայաստանի և սփյուռքի ջանքերը պսակվեցին մեծ հաջողությամբ: Չպետք է մոռանալ, թե Ավստրիայում և Գերմանիայում ինչ փոփոխություններ են գնում: Գերմանիան և Թուրքիան լուրջ դաշնակիցներ են եղել, այդ թվում` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն հիմա ստացվում է, որ Գերմանիայի նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, և դա լուրջ թուլացնում է Թուրքիայի դիրքերն աշխարհում: Դա է պատճառը, որ ես կարծում եմ` Թուրքիան սխալներ արեց: Մեր հաջողությունները նաև Թուրքիայի ձախողումների հետևանքն են, այլ ոչ թե միայն մեր լավ աշխատանքի:
– Թուրքիայի տարբեր պաշտոնյաներ վերջերս կոշտ հայտարարություններ հնչեցրեցին Գերմանիայի և Հռոմի պապի, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին: Այս ամենը կարո՞ղ է խոչընդոտ հանդիսանալ Թուրքիայի և նշված երկրների հետագա հարաբերությունների վրա:
– Ես կասեմ, որ հարաբերություններն արդեն իսկ վատանում են: Վատանում են ոչ միայն Ցեղասպանության հարցի պատճառով, այլ պատճառներ ևս կան, սակայն այս խնդրի հետ կապված Թուրքիայի ցավոտ ռեակցիան բերում է նրան, որ ավելի է վատանում Թուրքիայի վիճակը միջազգային ատյաններում: Իրոք, Թուրքիան դինամիկ զարգացող երկիր է, տնտեսապես շատ է զարգացել, բայց Թուրքիան գերագնահատեց իր ուժերը: Նրանք մտածում էին` եթե հարստացան, ուժեղացան, բոլորն իրենց դուդուկի տակ են պարելու, սակայն այդպես չէ և պարզվեց շատ պետությունների համար պատմական արդարությունն ավելի կարևոր է: Պատկերացրեք` ինչ ծիծաղելի վիճակում է գտնվում Թուրքիան, ամեն օր մի դեսպան է ետ կանչում: Դեսպանի հետ կանչումը հազվադեպ դեպքերում է լինում և այստեղ շատ ծիծաղելի իրավիճակ է ստացվում:
-Սակայն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, թե Թուրքիան հետաքրքրված է ԵՏՄ-ով: Ինչպե՞ս կարող են Հայաստանն ու Թուրքիան մեկ միությունում լինեն, եթե սահմանները փակ են:
– Նազարբաևի հայտարարությունը նոր չէ, նա անցյալ տարի ևս այդ մասին խոսել է: Ինքն ուզում է, որ այդ դաշինքը լայնանա, որպեսզի սկսի աշխատել: Բայց դա իր ցանկությունն է, քանի որ Ղազախստանի շահերից է ելնում դա: Բայց այսօրվա տենդենցները` Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո, Պուտինի Հայաստան գալուց հետո, պարզ է, որ ռուս-թուրքական հարաբերությունները կապրեն որոշակի պրոբլեմատիկ ժամանակաշրջան, քանի որ Պուտինին ուղղված հայտարարությունները կոշտ էին, և Ռուսաստանը չի հանդուրժի ու չի ների դա:
Նաիրա Հովհաննիսյան