Ազգային ժողովում քննարկվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը նախատեսում է բուժաշխատողների վերապատրաստում տարբեր մարզերից, որը կարող է կատարվել նաև առցանց տարբերակով` հաշվի առնելով տեղափոխման խնդիրները: Վերապատրաստումը տեղի կունենա տարբեր եղանակներով` սիմպոզիումներ, փորձի փոխանակում, կոնֆերանսներ և այլն: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ այս նախագծի արժեքը գերագնահատել դժվար է:
«Սակայն, նման համակարգի ներդնումը կարող է նպաստել ոչ միայն որակի բարձրացմանն, այլև նոր մեխանիզմների ներդրմանը: Այս նախագիծը նաև թույլ կտա կազմակերպել օտարերկրյա մասնագետների ներկայությունը Հայաստանում: Այս նախագիծը դրական արձագանք է ստացել կառավարությունում և խնդրում ենք, որ պատգամավորները կողմ քվերակեն նախագծին»,- իր խոսքում ասաց նախարարը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախարարից հետաքրքրվեց դեղորայքների որակական տարբերություններին, որոնք ներկրվում են Հայաստան: «Դրսում խմեք սովորական ցավազրկող «Նուրեֆեն» և գլխացավը կանցնի, իսկ Հայաստանում խմելուց հետո կկրկնապատկվի»,- նման համեմատություն արեց Զոհրաբյանը: Նախարարն էլ իր հերթին նշեց` համամիտ է, որ դեղորայքների որակական տարբերություն կա, սակայն իրենք քայլեր կատարում են նման դեպքերը բացառելու համար: