ԲՌՆԻ ՉԵՆ ՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն երեկ անդրադարձել է Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության  «Հայրենակիցներ» ծրագրի իրականացմանը Հայաստանում: Մասնավորապես` ի պատասխան հայկական կողմից հնչող այն մտահոգություններին, թե այդ ծրագրով Հայաստանը հայաթափվում է, ՌԴ դեսպանն ասել է. «Ոչ ոք հայերին բռնի ուժով Ռուսաստան չի տանում»: Ինչ խոսք, դեսպանն իրավացի է, խնդիրն էլ հենց այն է, որ 21-րդ դարում ոչ ոք չի էլ կարող հայերին բռնի ուժով տանել որեւէ տեղ, այդ թվում եւ` Ռուսաստան: Հետեւաբար` դա պետք է անել  նրանց համոզելով, ավելի ճիշտ` գայթակղելով հեշտ տրվելիք ու արագ բարեկեցությամբ, ինչն էլ արվում է Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության հայաստանյան ներկայացուցչության կողմից: Նշենք, որ 2006-ին մեկնարկած այս ծրագիրը,  որն ի սկզբանե ժամանակավոր էր, անցած սեպտեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հաստատվեց որպես անժամկետ: Ասել է թե` այն գործելու է` շարունակելով  դեպի ուրալյան հեռուները գրավել աղքատության շեմին հայտնված մեր հայրենակիցներին: Միայն անցած չորս տարիների ընթացքում, ըստ ոչ պաշտոնական, սակայն հավաստի տվյալների,  «Հայրենակիցներ» ծրագրի  ներկայացուցչություն է դիմել շուրջ 26 հազար ՀՀ քաղաքացի, որոնցից 1500-ն արդեն իսկ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից եւ մշտական բնակության մեկնել ՌԴ: Վերջերս էլ ԱԺ-ում ի պատասխան  «Ժառանգություն» խմբակցության  պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հնչեցրած մտահոգության, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց. «Ռուսաստանի միգրացիոն  ծառայության կողմից իրականացվող  պետական ծրագիրը այն ձեւով եւ այն ֆորմատով, որ իրականացվում  է այլ հանրապետություններում, մեզ համար ընդունելի չէ եւ մտահոգում է ՀՀ կառավարությանը»: Վարչապետը նաեւ հավելեց, որ ՀՀ կառավարության  այդ մտահոգության մասին տեղյակ է նաեւ ռուսական կողմը, որը խոստացել է ուղիներ գտնել  խնդրի լուծման համար: Եվ  ահա երեկ Ռուսաստանի դեսպանն այդ հարցի շուրջ հանդես է գալիս բավական կտրուկ, եթե չասենք` ոչ դիվանագիտական հայտարարություններով, որոնց հիմնական հասցեատերն, ըստ ամենայնի, ծրագրի շուրջ հրապարակային մտահոգություն հնչեցրած Տիգրան Սարգսյանն է: Մասնավորաբար` դեսպան Կովալենկոն, զուգահեռներ տանելով ԱՄՆ Գրին քարտի ծրագրով մեկնածների եւ «Հայրենակիցներ» ծրագրի միջեւ, նման հարցադրումներ արեց. «Ի՞նչ է, ինչ-որ մեկը հային բռնի քաշում-տանում է Ռուսաստա՞ն, եթե դուք փակեք ներկայացուցչությունը, մարդիկ էլ  չե՞ն գնա: ԱՄՆ Գրին քարտի ծրագրով ավելի շատ մարդ է մեկնել` 5000 հոգի, քան այս ծրագրով: Ինչի՞ մասին է խոսքը, ինչի՞ շուրջ է աղմուկը»: Իսկ թե ինչի շուրջ է դեսպան Կովալենկոյի  բարձրացրած աղմուկը, կարծում ենք՝ ավելորդ բացատրության կարիք չունի: Ամեն դեպքում, օտարերկրյա դեսպանի այս հարցադրումներն, ըստ էության, հիմնավորված լինելով հանդերձ, չեն կարող վիրավորական չլինել  հյուրընկալ երկրի վարչապետի համար:  Իրեն հարգող վարչապետի:




Լրահոս