ՕԲԱՄԱՅԻ ՀԱՄԱՐ ԲԱՐԴ ԿԼԻՆԻ ՉԱՍԵԼ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ անհասկանալի է ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հետ կապված, այն դեպքում, երբ դեռեւս 1981 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանն իր նախագահական հռչակագրում 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցածը որակել է որպես ցեղասպանություն:

-Պարո՛ն Կարապետյան, այս օրերին հայ ժողովուրդը «շունչը պահած» սպասում է, թե արդյո՞ք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձում վերջապես կօգտագործի ցեղասպանություն բառը: Ըստ Ձեզ` այս անգամ եւս ԱՄՆ նախագահը կխուսափի 1915 թվականին տեղի ունեցածը «ցեղասպանություն» կոչելուց, թե, այնուամենայնիվ, նախագահական ժամկետի ավարտին, ի վերջո, կկատարի իր խոստումն ու կարտաբերի այդքան սպասված «ցեղասպանություն» բառը:
-Շատ յուրօրինակ իրավիճակ է ստեղծվել. աշխարհի շատ լուրջ կառույցներ ու անհատներ 100-ամյակի հետ կապված արտահայտում են իրենց դիրքորոշումը: Այդ ամենը սկսվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինի` ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տված պատարագի ընթացքում արած հայտարարությունից, որին գումարվեց Եվրախորհրդարանի որոշումը: Դրանից զատ կարեւորագույն երկրներից Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները որոշեցին այցելել Հայաստան ու իրենց հարգանքի տուրքը մատուցել Ծիծեռնակաբերդում, նրանց միացան Սերբիայի ու Կիպրոսի նախագահները: Ու այժմ այս ամենին գումարվում է Գերմանիայի շատ հետաքրքիր դիրքորոշումը. ամենայն հավանականությամբ Գերմանիայի դատապարտող որոշման մեջ կատարվածը եւս կանվանվի ցեղասպանություն: Այսինքն՝ 1915 թվականի դեպքերի հետ կապված հիմնական գործող պետություններից միակը, որը դեռեւս դիրքորոշում չի արտահայտել, ու հայտնի չէ, թե ինչ նպատակներ ունի, դա Մեծ Բրիտանիան է: Իսկ մնացածը, որոնք ինչ-որ առումով խառնված են եղել առաջին համաշխարհային պատերազմին, իրենց դիրքորոշումները ինչ-որ ձեւով արտահայտում են: Ի դեպ, ամենամեծ մարդասիրական օգնությունը ցեղասպանությունից հետո ցույց է տվել ԱՄՆ-ն:
-Ի՞նչ օգնության մասին է խոսքը:
-100 միլիոն դոլար փող են հանգանակել այն ժամանակ, որպեսզի օգնեն հայ ազգին, մարդիկ են եկել, բժիշկներ եւ այլն, ծերանոցներ ու մանկատներ են բացել, այսինքն` ահավոր մեծ օգնություն են ցույց տվել: Իսկ քաղաքական առումով էլ, ի վերջո, մանդատը՝ Արեւմտյան Հայաստանի հարցի կարգավորման պրոցեսի, տվել են Վուդրո Վիլսոնին, որից հետո նա հրաժարվել է եւ այլն: Դա պատմական փաստ է` Սեւրի պայմանագիրը, որի «հայկական մասը» հետեւանք է Հայոց ցեղասպանության: Հիմա նայեք, բոլորն անխտիր ինչ-որ մասնակցություն ունեն ու բոլորն անխտիր իրենց դիրքորոշումները սկսել են արտահայտել, նույնիսկ պատմաբանները, այդ թվում նաեւ Թուրքիայի ներսում որոշակի մարդիկ սկսել են կարծիք արտահայտել, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, որը պետք է ընդունել, ներողություն խնդրել եւ այլն: Ու կա Թուրքիայի կարծր դիրքորոշումը: Հիմա այս պարագայում ԱՄՆ-ն շատ բարեկամական է հանդես եկել ՀՀ-ի ու ցեղասպանության նկատմամբ, այն ժամանակ երբ դեռեւս ոչ ոք ձայն չէր հանում այդ մասին, 1981 թ-ին Ռեյգանը արտասանել է այդ բառը: Առավել եւս, որ ԱՄՆ 45 նահանգ օրենքի կամ հայտարարությունների ձեւով ճանաչել է այդ փաստն ու դատապարտել է: Հիմա Օբամայի պահվածքը ընդհանրապես որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Այսինքն՝ անհասկանալի է՝ այդքան բան անելուց հետո, ԱՄՆ այդ վերաբերմունքն ունենալով, առավել եւս խոստումներ տալով ամերիկայի հայությանը` ինչու է նա նման պահվածքով հանդես գալիս:
-Այս ամենը հաշվի առնելով` ինչո՞ւ ենք այդքան ձգտում, որ Բարաք Օբաման արտասանի ցեղասպանություն բառը, ի՞նչ է դա մեզ տալու, հատկապես, որ նախագահի ուղերձը որեւէ իրավական ուժ չունի, եւ բացի այդ` Բ. Օբաման այլեւս չի ղեկավարելու ԱՄՆ-ն:
-Գիտեք, ես ընդհանրապես կողմնակից չեմ այն դիրքորոշումներին, որ քաղաքականության ու դիվանագիտության մեջ անպայման արտասանած բառը պետք է դառնա ոսկի, արծաթ կամ բուտերբրոդի վրա քսված կարագ: Դա շատ անհասկանալի դիրքորոշում է դիվանագիտության ու քաղաքականության մեջ, ու որեւէ ձեւով բացատրություն չկա այն մարդկանց, որոնք ասում են, թե դա ոչ մի բան չի տա եւ այլն: Ես կարող եմ ասել, թե ինչու են դա ասում. այսինքն՝ փորձում են արդարացնել, որ չի ասել: Այնինչ մեզ` հայերիս համար հիմա ճանաչման գործընթացն ավարտելու համար կարեւորագույն խնդիրներից մեկը մնացել է Բ. Օբամայի տեսակետը, ոչ թե ուղղակի Բարաք Օբամայի, այլ ԱՄՆ-ի դիրքորոշումը: Դա, նշում եմ, մեզ պետք է ճանաչման համար, քանի որ մենք հիմա պայքարում ենք, որ աշխարհը մինչեւ վերջ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դրանից հետո լինելու է հատուցման գործընթացը, որը լրիվ այլ պրոցես է: Հիմա դեռեւս պետք է ավարտել ճանաչումը, իսկ երբ մենք կմտնենք հատուցման գործընթացի հետ կապված բանակցությունների փուլ, աշխարհի երկրները հատուցման հետ կապված արդեն կհայտնեն դիրքորոշումները: Մեզ հիմա պետք է ԱՄՆ-ի կողմից փաստացի ճանաչում: Այս անգամ շատ բարդ է ցեղասպանություն բառը չասելը:

 

 

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԹԱՏՐՈՆԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԵՆ ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 20-24-ին մեկնարկելու է ԵԽԽՎ նստաշրջանը, որին մասնակցելու է նաեւ հայկական պատվիրակությունն ու հանդես է գալու Հայոց ցեղասպանության վերաբերյալ ելույթներով: Երեկ ելույթ են ունեցել ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանն ու ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նախ ԵԽԽՎ լիագումար նիստում ընթացիկ զեկույցով հանդես է եկել ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Վերջինս Եվրոպայի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի զեղծարար քաղաքականության եւ Ադրբեջանի՝ հակամարտության խաղաղ լուծումը խաթարող ռազմատենչ հայտարարությունների ու սադրանքների վրա: Անդրադառնալով Արցախի հարցին՝ Նաղդալյանը նշել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, որը ղեկավարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, վտանգված է Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունների եւ ռազմական սադրանքների պատճառով: Հակամարտության լուծման հայկական դիրքորոշումը մնում է նույնը` այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում, խաղաղ բանակցությունների միջոցով` Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների հիման վրա:
Սակայն հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միայն հայկական կողմի ջանքերը բավարար չեն, քանի դեռ Ադրբեջանն անում է ամենը` սրելու իրավիճակը հակամարտության գոտում…»,-նշել է ԱԺ փոխխոսնակը:
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը, հայտարարել է, թե հարյուր տարի անց Թուրքիան շարունակում է հերքել անհերքելին. «Ցեղասպանությունն այն բառն է, որ պետք է օգտագործել: Արտաբերելուց սարսափելու փոխարեն մենք պետք է զարհուրենք նրանից, որ հետեւում է այդ լռությանը: Որքան ավելի ենք մենք անտեսում մի ցեղասպանությունը, այնքան ավելի սարսափելի է դառնում հաջորդը»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի ելույթը եւս վերաբերել է Հայոց ցեղասպանությանը: Նա նաեւ պատասխանել է ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին՝ հայտարարելով, որ հերթական անգամ Ադրբեջանի պատվիրակությունը ԵԽԽՎ դահլիճում էժանագին թատերականացված շոու է կազմակերպել: Նշենք, որ նիստի մեկնարկին ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հայտարարել էր, թե հայ զինվորները եւս չեն ուզում ծառայել այն տարածքներում, որոնք հայերին չեն պատկանում: Որպես ապացույց` նա ԵԽԽՎ դահլիճում ցուցադրել էր հայ պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի սպիտակ կտոր բարձրացրած նկարը, որի կեղծ լինելու մասին արդեն իսկ հայտնի է բոլորին:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 
ՄԻ ՔԻՉ ՉԻՆԱՑԻ
ՀՀ Կառավարությունն իր վաղվա նիստում պատրաստվում է հավանություն տալ Չինաստանի զբոսաշրջիկների` դեպի Հայաստան խմբային ճանապարհորդության արդյունավետ կազմակերպումն ապահովելու մասին որոշմանը: Այս որոշմամբ պետք է ապահովվի 2014 թվականի հուլիսի 15-ին Պեկինում ստորագրված «ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ՉԺՀ զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի միջեւ Չինաստանի զբոսաշրջիկների` դեպի Հայաստան խմբային ճանապարհորդությունը դյուրացնելու մասին» փոխըմբռնման հուշագրով ամրագրված նորմերը: Համաձայն ՉԺՀ օրենսդրության` Չինաստանից զբոսաշրջային խմբերով կազմակերպված ուղեւորությունները կարող են իրականացվել դեպի այն երկրներ, որոնք ՉԺՀ-ի կառավարության կողմից ստացել են հատուկ՝ «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» կարգավիճակ: Այլ կերպ ասած՝ ՀՀ իշխանությունները հույսները դրել են չինացիների վրա, եթե չինացիների մի պուճուր մասն էլ ցանկանա գալ Հայաստան, ապա նրանց թիվը մեր զբոսաշրջիկների սովորական թվից հաստատ ավելի շատ կլինի:

 

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԵԾ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 15-ին Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում երկու երիտասարդների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքն ավարտվել է նրանով, որ մասնակիցներից մեկին ստիպված են եղել շտապ հոսպիտալացնել: Ապրիլի 16-ին Քարակերտի բնակիչ, 27-ամյա Էդգարին հարազատները շտապ տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոն` գլխուղեղային վնասվածքով, ինչպես նաեւ՝ բազմաթիվ սալջարդերով: Ընդունող բժիշկներին նրանք ասել են, թե երիտասարդը վնասվածքը ստացել է տան աստիճաններից վայր ընկնելու արդյունքում: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվելուց առաջ նա կռվել է իր հարեւաններից մեկի` 32-ամյա Վարազդատի հետ: Իսկ պատճառը եղել են կենցաղային հարցերը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը` ավելացնելով, որ կատարվում է հետաքննություն:

 

ՊԱՇՏՊԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Ապրիլի 14-ին Գյումրու «Մոր եւ մանկան» հիվանդանոցում մահացած 6 ամսական Նարե Դավթյանի հայրը` Արմեն Դավթյանը, հանրային պաշտպանի կարիք ունի: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Դավթյանը: «Տեղեկացել եմ, որ երեխայի գործով նյութեր են նախապատրաստվում, եւ մեզ անհրաժեշտ կլինի պաշտպան: Ուստի խնդրում եմ համապատասխան կառույցներին՝ ինձ օգնեն: Չգիտեմ, թե ինչով կավարտվի այս պատմությունը, մենակ թե մտավախությունս այն է, որ մեզ շատ քաշքշուկի մեջ չգցեն, առանց այն էլ մեր հոգսը շատ է»,- ասաց Արմեն Դավթյանը: Նշենք, որ մահացած փոքրիկի հարազատները տեղի ունեցածի համար մեղադրում են հիվանդանոցի բժիշկներին: Իսկ, ըստ բժիշկների, երեխան բնածին հիվանդություն է ունեցել` հիդրոցեֆալիա, ինչի հետեւանքով էլ մահացել է:




Լրահոս