«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, անդրադառնալով Արցախի «Վերածնունդ» կուսակցության անդամների դեմ սպառնալիքներին, վստահեցրեց, թե նման բան չկա. «Դա զուտ հայտարարություն է՝ ինչ-որ քաղաքական դիվիդենտներ շահելու համար»:
Մայիսի 3-ին Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրությունները խոստանում են թեժ լինել: Համենայնդեպս, Արցախը, որ մշտապես աչքի է ընկել ընտրություններում եւ, առհասարակ, քաղաքացիական կյանքում համերաշխության կոչերով, այս օրերին հայտնվել է լարված իրավիճակում: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն է տարածել իշխանությունների կողմից իրականացվող հալածանքների մասին: Ո՞վ է հալածում քաղաքական կառույցի ներկայացուցիչներին Արցախում եւ, առհասարակ, ի՞նչ հալածանքների մասին է խոսքը, «Ժողովուրդ»-ն այս հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեց նախ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ:
«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն ասաց, թե իրենց կուսակցության դեմ իշխանությունների որդեգրած քաղաքականությունն արդեն զգացվեց քարոզարշավի երկրորդ օրը. «Առաջին օրը Ստեփանակերտի տարբեր կոլեկտիվների հետ հաջողված հանդիպումներին հաջորդեցին սակավամարդ հանդիպումները: Դա շատ զարմանալի էր: Երբ հետաքրքրվեցինք, պարզվեց, որ հիմնարկների տնօրենները ցուցում էին ստացել մարդկանց արգելել մեզ հետ հանդիպումների գալը»:
Ըստ նրա` կուսակցության համակիրներից շատերին հանդիպում են ԱԱԾ բարձրաստիճան ծառայողներ եւ սպառնալիքներով պահանջում դադարեցնել քաղաքական ակտիվությունը. «Խոսքը մասնավորապես վերաբերում է ԱԱԾ հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Աշոտ Գրիգորյանին, ով հանդիպում է մեր համակիրներին, զգուշացնում «Ազգային վերածնունդ» կուսակցության օգտին չաշխատել, հակառակ դեպքում խոստանում խնդիրներ առաջացնել նրանց համար: Այդ նույն ծառայությունները ձեռնամուխ էին եղել մեր կուսակցության համակիրներից Էրիկ Օսիպյանին Արցախից հեռացնելուն, «հոգացել» էին արտերկիր մեկնելու նրա ծախսերը: Պարզ ասած՝ իշխանությունները քաղաքացուն վտարել են երկրից նրա քաղաքական դիրքորոշման համար»:
Ըստ մեր զրուցակցի` կուսակցության նկատմամբ հալածանքները նաեւ պայմանավորված են այն հանգամանքով, որ ըստ շրջանառվող լուրերի՝ կուսակցությանը աջակցում է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Ինչեւէ, Հայկ Խանումյանն ասաց, որ կատարվածի մասին իրենք դատախազության թեժ գիծ ահազանգել են եւ նկատում են, որ ահազանգի արդյունքում որոշակի պրոցես գնում է. «Մարդիկ են կանչել դատախազություն՝ բացատրություն պահանջելու համար, տեսնենք՝ ինչ կլինի»:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԼՂՀ դատախազ Արթուր Մոսիյանի հետ:
-Պարո՛ն Մոսիյան, Արցախի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հայտարարություններ է տարածում իշխանության ներկայացուցիչների կողմից հալածանքների մասին: Ի՞նչ քայլեր եք իրականացրել:
-«Ազգային վերածնունդ» կուսակցությունը դատախազություն չի դիմել այդ հարցով, մեկ ուրիշ հարցով էին դիմել: Իսկ, ահա, այս շրջանում այդ հալածանքների մասով իրենք դիմել են մեր թեժ գծին, մարդիկ զբաղվում են, եւ իրենց ներկայացված դիմումները քննարկվում են:
-Արդեն գրեթե 4 օր է անցել, ինչ կուսակցության նախագահը կոնկրետ անուններ է տվել. խոսքը մասնավորապես վերաբերում է ԱԱԾ հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Աշոտ Գրիգորյանին, ով հանդիպում է կուսակցության համակիրներին եւ սպառնում: Ավելին՝ նույն ծառայությունները ձեռնամուխ էին եղել կուսակցության համակիրներից Էրիկ Օսիպյանին Արցախից հեռացնելուն, «հոգացել» էին արտերկիր մեկնելու նրա ծախսերը: Այս ուղղությամբ կոնկրետ ի՞նչ քայլեր են արվել:
-Նման տեղեկատվությամբ դատախազություն ոչ ոք չի դիմել, իսկ ստացած բոլոր դիմումների հիման վրա մարդկանցից բացատրություններ ենք վերցրել: Կրկնում եմ՝ դիմումներն ընթացքավորված են օրենքով սահմանված կարգով:
-Միգուցե կուսակցությունը սպառնալիքների մասով դատախազությանը հանցագործության մասին հաղորդում հայտարարություն չի տրվել, սակայն մարդիկ մամուլով հայտարարել եւ կոնկրետ անուններ են տվել: Սա բավական չէ՞, որ դատախազությունն ընթացք տա քաղացու հայտարարությանը:
-Ամեն մեկը հայտարարություններ է անում առանց հիմնավորման: Այսինքն՝ օդում արված ցանկացած հայտարարություն դա դեռ չի նշանակում, որ համապատասխանում է իրականությանը:
-Իսկ Դուք չեք էլ փորձե՞լ գոնե հասկանալ, հայտարարության լրջությունը ուսումնասիրել:
-Կրկնում եմ՝ զանգվածային լրատվության միջոցներով արված հայտարարությունները մենք հիմք ընդունում ենք, բայց սրանք հիմնավորված հայտարարություններ չեն:
-Ինչո՞ւ եք այդքան համոզված: Միգուցե բարձրագույն իշխանությունից կոնկրետ հրահա՞նգ ունեք՝ ընթացք չտալ այդ հայտարարություններին:
-Որեւէ մեկի կողմից որեւէ ուղղորդում չկա: Կրկնում եմ՝ դրանք զուտ հայտարարություններ են՝ ինչ-որ քաղաքական դիվիդենտներ շահելու համար: Մենք ցանկացած հայտարարություն ստուգում ենք: Կրկնում եմ՝ նման բան չկա, իրականությանը չի համապատասխանում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՊԱՏՃԱՌԸ ՀՐԱՆՈ՞ԹՆ ԷՐ
«Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի մահացած վարորդ Արտյոմ Թորոսյանի հոր՝ Գերասի Թորոսյանի հետ: Նա ասաց, թե դեռ վաղ է որեւէ մեկի հասցեին մեղադրանք հնչեցնելը, առայժմ սպասում է քննության ավարտին:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Լոռու մարզում՝ Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին, «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը: Ըստ պաշտոնական տեղեկության՝ ավտոմեքենայի թափքում գտնվող 9 զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Վթարի հետեւանքով ստացած վնասվածքներից մահացել էր մեքենայի ղեկին եղած, ժամկետային զինծառայող Արտյոմ Գերասիի Թորոսյանը:
Ո՞րն էր վթարի պատճառը, արդյո՞ք ժամկետային զինծառայողը վարորդի ոչ բավարար հմտություն է ունեցել, թե՞ մեքենան է եղել անսարք վիճակում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մահացած զինվորի հայրը՝ Գերասի Թորոսյանը, պատմեց, որ իր որդին 6-րդ դասարանից վարորդ է եղել եւ լավ տիրապետել է վարորդական հմտություններին. «Բանակ գնալու առաջին օրից վարորդ է եղել, եւ որեւէ խնդիր չէր կարող առաջանալ իր հմտությունների մասով»: Իսկ ի՞նչ տեսակի վարորդական իրավունք ուներ մահացած 20-ամյա զինվորը: «Ժողովուրդ»-ի այս հարցին հայրը պատասխանեց. «Որդիս ուներ B, C, եւ եթե չեմ սխալվում՝ D կարգի վարորդական իրավունք, բայց դա հստակ չեմ հիշում: Մի խոսքով, իրեն օրենքով հասնում էր այդ տեսակի մեքենա վարելը»:
Ըստ հոր` իրեն պատմել են, թե վթարի պատճառը մեքենային ամրակցված հրանոթն է եղել. «Տղաները հոկտեմբերյան զորավարժությունների են եղել: Իրենց ավտոմեքենային ամրակցված է եղել հրանոթ, եւ այն ճանապարհին պոկվել է մեքենայից ու իր ծանրությամբ քաշել է ավտոմեքենան՝ գցելով ձորը»:
Ըստ նրա` քննությունից հետո նոր պարզ կլինի, թե իրականում ինչ է եղել, ուստի առայժմ կատարվածում որեւէ մեկին չի կարող մեղադրել:
Մահացած զինվորի հայրը` Գերասի Թորոսյանը, վստահեցրեց, որ իր որդին միշտ գոհ է եղել ծառայությունից, իսկ զորամասի հրամանատարությունը՝ որդուց. «6 ամիս էր մնացել՝ տուն գար: Երազում էր շարունակել ուսումը Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում»:
Վերջում հավելենք, որ ըստ ՀՀ «Ճանապարհային երթեւեկության կանոնների մասին» օրենքի՝ հրանոթով ամրակցված բեռնատար «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա վարելու համար անհրաժեշտ է ունենալ E կարգի վարորդական իրավունք: Իսկ ունեցել է արդյո՞ք այս կարգը մահացած զինծառայողը, թե ոչ, կպարզի ՀՀ քննչական կոմիտեն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը):
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
«ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՎԱԿԸ»
«Հետք»-ի ներկայացմամբ` Գագիկ Ծառուկյանը մոտ 40 առեւտրային ընկերություններում ունի բաժնեմասեր կամ միանձնյա սեփականատեր է: Բացի տեղական ընկերություններից՝ «Մուլտի Գրուպ» Կոնցեռից, Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու գործարանից, «Կոտայք» գարեջրի գործարանից, «Բելլեզա» խանութից, Օնիրա Քլաբից, «Արարատցեմենտ» գործարանից, «Փարավոն» ռեստորանային համալիրից, գազալցակայաններից, «Շուստով» առեւտրի տնից եւ այլն, Գագիկ Ծառուկյանին է պատկանում նաեւ բուլղարական «Գորնա Բանյա» հանքային ջրերի շշալցման գործարանի 90%-ը, Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում գտնվող «Ռիգա» հյուրանոցի 100% բաժնեմասը, նաեւ` մի քանի ընկերություններ Բելառուսում: Ծառուկյանին է պատկանում նաեւ Ռուսաստանում գործունեություն ծավալող ոգելից խմիչքներ արտադրող «Превелон Консалтинг Лимитед» ընկերության բաժնետոմսերի 33.34%-ը: Պատգամավորն ունի 641.130 եվրո արժողության ննջարանի կահույքներ, ինչպես նաեւ՝ 126.820 եվրո արժեքով ճաշասենյակի կահույք: Ադամանդե քարերով նրա ձեռքի ժամացույցն արժի 300.000 դոլար, ոսկե շղթայով եւ ադամանդե քարերով ձեռքի ժամացույցը՝ 500.000 դոլար, որից պատգամավորը երկու հատ ունի: Գ. Ծառուկյանի ադամանդե քարերով ոսկե 3 մատանիների ընդհանուր արժեքը կազմում է 4 մլն 700 հազար դոլար:
60 ՊԱՏՎԻՐԱԿ
Ապրիլի 24-ին Ցեղասպանության միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում կլինեն 4 պետությունների` Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի ու Սերբիայի նախագահները: Այս մասին երեկ հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նա նշել է, որ Կիպրոսի նախագահից բացի՝ այդ երկիրը ներկայացնելու է նաեւ խորհրդարանի ղեկավարը: Խոսելով ԵՏՄ անդամ երկրների ներկայության մասին` Վ. Սարգսյանը հայտնել է, որ Ղազախստանում այդ օրը նախագահական ընտրություններ են, եւ այդ երկրից պատվիրակություն չի սպասվում: Իսկ Բելառուսից կլինի պետական պատվիրակություն, սակայն ինչ մակարդակով, դեռեւս հայտնի չէ: Ընդհանուր պատվիրակների թիվը 60-ից անցնում է, երկրները ներկայացվելու են տարբեր մակարդակներով` նախարարներ, խորհրդարանի ներկայացուցիչներ եւ այլն: «Հայտնի է, որ Գերմանիայի նախագահն ապրիլի 23-ին Բեռլինում մասնակցելու է հիշատակի միջոցառման: Սուրբ Աթոռը ներկայացված է լինելու կարդինալների, այսինքն՝ նախարարական մակարդակով: Չեխիայի նախագահը նշել է, որ այդ օրը ինքը հանդիպում է ունենալու Վատիկանում, ուստի չի կարող մասնակցել Երեւանում կայանալիք միջոցառումներին»,-հայտնել է Սարգսյանը:
«ԵՂԲԱՅՐԱԿԱՆ» ՄԵՐԺՈՒՄ
Մոսկվայի քաղաքապետարանը չի թույլատրել հայկական սփյուռքի ներկայացուցիչներին բողոքի ակցիա անցկացնել Մոսկվայում՝ Թուրքիայի դեսպանատան դիմաց: Մոսկվայի քաղաքապետարանը բացասական պատասխան է տվել Ռուսաստանում հայերի միության դիմումին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ այս տարի եւս ավանդական բողոքի ցույցն անցկացնելու առթիվ: Armlur.am-ի տեղեկացմամբ` բողոքի ակցիան տեղի կունենա ապրիլի 24-ին՝ ժամը 15:00-ին, Գորկու այգում: