Ուռուցքաբանության ոլորտը ողբալի վիճակում է. ինչպես և որտեղ են վերապատրաստվելու նոր կենտրոնի մասնագետները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուռուցքաբանության կենտրոնի վերաբերյալ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են կատարվում նորմալ մասնագետների ներգրավման համար:

Զոհրաբյանը նշեց` ինքը վստահ է, որ շենքը վիզուալ առումով գեղեցիկ է լինելու, սակայն հետաքրքիր է` որակյալ մասնագետների ներգրավման առումով ինչ քայլեր են կատարվում:

«Մենք էլ, դուք էլ գիտեք, թե ինչ ողբալի վիճակում է գտնվում այս ոլորտը: Ինչպես և որտեղ են վերապատրաստվելու այդ բժիշկները, քանի  որ մենք այս ոլորտում նման մասնագետների դեֆիցիտ ունենք: Ինչ քայլեր են կատարվում, որպեսզի բովանդակային առումով ևս կենտրոնը լինի համապատասխան: Հանրության մեջ կարծիք կա և ես այդ կարծիքը կիսում եմ, որ հակաքաղցկեղային միջոցները, դեղերը, քիմիոթերապիայի դեղերը, որոնք բերվում են Եվրոպայից և մի քանի ընկերությունների կողմից, վաճառվում են իրարից տարբեր գներով»,- նշեց ԲՀԿ պատգամավորը:

Նախարար Մուրադյանը նոր կենտրոնի վերաբերյալ ասաց, որ բավականին մեծ գործընթացներ են գնում: «Նոր կենտրոնի մասին պետք է ասեմ` բավականին մեծ գործընթացներ են կատարվում` շինարարական և կազմակերպչական:  Գործընթացները ամբողջ աշխարհում են տեղի ուենում և չկա գեթ մի երկիր, որտեղ ուռուցքաբանության գործընթացները կանգնած են: Համակարգված աշխատանքների մասով կարող եմ ասել, որ ինչպես ամբողջ բժշկության, այնպես էլ ուռուցքաբանության մեջ խիստ կարևոր են չափորոշիչները և ուղեցույցները: Մենք ամրագրում են, որ չափորոշիչների տեղը և դերը շատ կարևոր է: Կփորձենք ամբողջ համակարգում առաջնահերթությունը տալ ուղեցույցներին և չափորոշիչներին»,- մանրամասնեց Արմեն Մուրադյանը և հավելեց, որ չափորոշիչներով առաջնորդվելը կչափագրի որակը կապված դեղորայքների մասով ևս, ինչպես նաև բազմաթիվ իրավական խնդիրների վերաբերյալ վերջնական պատկերացում կստեղծվի:

Իսկ դեղերի որակի և ազդեցությունների վերաբերյալ պատգամավորի բարձրացրած հարցի մասով նախարարն ասաց` ինքն էլ կիսում այդ մտահոգությունը, սակայն դեղերի վերաբերյալ առավել մանրամասն կխոսեն «Դեղորայքների մասին օրենքի» նախագծի քննարկման ժամանակ:

 

 




Լրահոս