ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՔԱՄՈՒՆ ԵՆ ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այս տարի մշակույթի ոլորտին հատկացվել է` «Մշակութային ծառայություններ»` 15 միլիարդ 539 միլիոն 777 հազար դրամ, որից «Հուշարձանների ամրակայում, նորոգում եւ վերականգնում» ծրագրով` 300 միլիոն դրամ (21 հուշարձանի համար). այն կազմում է մշակույթի ոլորտի ընդհանուր բյուջեի 1.9 %-ը: Բացի այն, որ սա հուշարձանների պահպանության գործի համար չնչին մի գումար է, դեռեւս պարզ չէ` դա իր նպատակին ծառայելու է, թե ոչ:

Եթե ուսումնասիրելու լինենք այն հուշարձանների ցանկը, որոնք ամրակայվելու, նորոգվելու եւ վերականգնվելու են 2015-ի համապատասխան ծրագրով, դրանց թվում կտեսնենք, օրինակ, Քոբայրավանքը, որի վերականգնողական աշխատանքների հետ կապված Վերահսկիչ պալատը դեռեւս 2007-2008 թթ. ստուգումների ընթացքում կոպտագույն խախտումներ էր հայտնաբերել: Մասնավորապես, 321 միլիոն դրամ էր հատկացվել այն ընկերությանը, որը պետք է զբաղվեր Քոբայրավանքի ու Հնեավանքի վերականգնողական աշխատանքներով, սակայն արդյունքում հայտնաբերվել էր 57 միլիոն դրամի փաստաթղթերով ուղղակի չհիմնավորված ծախս, կատարված աշխատանքն էլ անարդյունավետ էր գնահատվել: ՀՀ Լոռու մարզի Քոբայրավանք համալիրի վերականգնման եւ ամրակայման աշխատանքների համար 2014-ի պետական բյուջեից եւս հատկացվել է 17 միլիոն դրամ, եւ հետաքրքիր է, որ դեռ 2015-ին էլ նախատեսված է տրամադրել 18 միլիոն դրամ: Բանից պարզվում է, որ տարիներ շարունակ հուշարձանի վերականգնման համար տրվում են գումարներ, որոնք կամ չեն ծառայում իրենց հիմնական նպատակին եւ գրպանվում են, կամ էլ չեն բավականացնում: Եվ այսքանից հետո էլ դեռ վերականգնման աշխատանքները ոչ արդյունավետ են եւ կատարվում են խայտառակ վատ որակով:
«Հայաստանում հուշարձանների վերականգնման աշխատանքերով զբաղվում են ոչ մասնագիտացած ընկերություններ, որոնք ընտրվում են ծանոթ-բարեկամի միջոցով: Շենք-շինություն կառուցող կազմակերպությունը շահում է նաեւ հուշարձան վերականգնելու մրցույթը, որը կատարելապես սխալ է: Նույն Քոբայրավանքի վերականգնման համար, եթե չեմ սխալվում, սրբատաշ քար է կիրառվել, ինչն անթույլատրելի է: Պարզապես այդ քարը բերում են իրենց ծանոթների քարհանքից, ինչը ձեռնտու է իրենց»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց հայագետ, պատմաբան Արգամ Այվազյանը:
Մեկ այլ հուշարձանի` ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղի Գոշավանք համալիրի Մխիթար Գոշի դամբարանի վերականգնման եւ ամրակայման աշխատանքների համար 2014-ին հատկացվել է 6 միլիոն 500 հազար դրամ, եւ դեռ 2015-ին էլ նախատեսված է հատկացնել 8 միլիոն դրամ: Իսկ, ահա, ՀՀ Կոտայքի մարզի Կամարիս համայնքի Սբ.Հովհաննես եկեղեցու վերականգնման եւ ամրակայման համար 2014-ի ծրագրով տրամադրվել է 20 միլիոն 500 հազար դրամ եւ դեռ 2015-ին էլ եկեղեցու վերականգնման եւ տարածքի բարեկարգման համար նախատեսված է հատկացնել 13 միլիոն 500 հազար դրամ, որում ներառված են վերականգնման աշխատանքների եւ դրանց որակի տեխնիկական եւ հեղինակային հսկողությունների համար հատկացված գումարները:
Այս պարագայում հարց է ծագում` ո՞ւր են գնում հատկապես այս վերջին նպատակով հատկացված գումարները, եթե որոշ հուշարձանների վերականգնումն ու ամրակայումը տարիներ շարունակ հետաձգվում են, կամ գրանցվում է անարդյունավետ աշխատանք, եւ դեռ էլի գումարներ են հատկացվում` ներառյալ տեխնիկական եւ հեղինակային հսկողության համար:
«Տեխնիկական եւ հեղինակային վերահսկողությամբ զբաղվող ընկերությունները դարձյալ ենթարկվում են մշակույթի նախարարությանը եւ ձեւական բնույթ են կրում: Երբեք հաշվի չեն առնվում վերականգնող, նախագծող ճարտարապետների դիտողությունները, ի՞նչ վերահսկողության մասին է խոսքը»,- մեզ հետ զրույցում վրդովված նկատեց Ա. Այվազյանը:
Ընդ որում, եթե հուշարձանների վերականգնման եւ ամրակայման աշխատանքների համար նախատեսված գումարից հանում ենք տեխնիկական եւ հեղինակային հսկողություն իրականացնող ՍՊԸ-ներին տրամադրվող գումարները, վերջում բուն նպատակի համար մնում է չնչին մի գումար, ուստի պարզ չէ` ինչպես տնօրինել եւ որ մի ուղղությամբ ծախսել ընդհանուր գումարը:
Փաստ է, որ վերոնշյալ խնդիրները լուծելու համար ՀՀ մշակույթի նախարարությունը մինչ օրս կառուցողական քայլերի չի դիմել, դե, իսկ հուշարձանների պահպանությամբ զբաղվող կառույցն էլ, որ գործում է մշակույթի նախարարության ենթակայության ներքո, ինչպես Ա. Այվազյանն է նկատում՝ «վերջին տասը տարիների ընթացքում չի կարողացել շտկել իր փլուզված մեջքը»:

 

 

 
Ի՞ՆՉ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ ԱՐՄՍԹՐՈՆԳԻ ՄԱՍԻՆ

Օրերս երեւանյան ակումբներից մեկում` «Yans»-ում, տեղի ունեցավ լեգենդար ջազմեն Լուի Արմսթրոնգի թոռ ներկայացող Չարլի Արմսթրոնգի համերգը: Հայտնի է, որ նա երգիչ է, մի շարք ստեղծագործությունների հեղինակ, հասարակական գործիչ, բիզնեսմեն եւ պրոդյուսեր: Սակայն հայ հանրությունը սոցցանցերում ակտիվ քննարկումներ տարավ այն հարցի շուրջ, թե արդյո՞ք Չարլի Արմսթրոնգն իսկապես Լուի Արմսթրոնգի թոռն է: Ոմանք սոցցանցերում անգամ նրան անվանեցին ինքնակոչ. «Հայաստան եկած թոռանը Ռուսաստանից դուրս ոչ ոք չի ճանաչում»,-գրեց բլոգեր Տիգրան Քոչարյանը (Փիղ):

Եթե ուսումնասիրելու լինենք Լուի Արմսթրոնգի կենսագրությունը, կտեսնենք, որ նրա ամուսնություններից եւ ոչ մեկի արդյունքում սերնդի շարունակականություն չի գրանցվել: Եվ միայն 2012-ի դեկտեմբերին 57-ամյա մի կին` Շարոն Փրեսթոն -Ֆոլթան, պնդել է, թե ինքը Արմսթրոնգի դուստրն է, ծնվել է Լուի Արմսթրոնգի եւ պարուհի Լյուսի Փրեսթոնի միջեւ 1950-ականներին սկիզբ առած սիրավեպի արդյունքում: Նշենք, որ 1955-ին իր մենեջերին` Ջո Գլասերին գրված նամակում Արմսթրոնգը հաստատել էր, որ Փրեսթոնի նորածին երեխան իր աղջիկն է, եւ մենեջերին պատվիրել վճարել ամսական 400 դոլար նպաստ մորը եւ երեխային:
Առհասարակ, Լուի Արմսթրոնգի անձնական կյանքի վերաբերյալ տվյալները շատ չեն, եղածներն էլ` վիճարկելի: Այս հանգամանքն էլ Չարլի Արմսթրոնգի անձի հետ կապված ավելի խորը կասկածի տեղիք է տալիս: «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց «Yans» ակումբի մամուլի ծառայության հետ, որտեղից հարցի շուրջ ստացված պատասխանները եւս հստակ չէին: «Չարլի Արմսթրոնգի ընտանեկան կարգավիճակը շատ բարդ է եղել, շատ բաներ մինչեւ վերջ հայտնի չեն»,- փոխանցեցին ակումբից: Մեր հարցին` դա նշանակում է, որ իրենք չե՞ն բացառում, որ Չարլին Արմսթրոնգի թոռը չէ, ակումբից պատասխանեցին. «Մենք ո՛չ բացառում ենք, ո՛չ էլ չենք բացառում, Չարլին հայտնի է որպես Լուիի թոռ, նրան ճանաչում են արտասահմանում…»: « Գուցե նա Արմսթրոնգի խո՞րթ թոռն է, ոչ կենսաբանական»,- մեր այս հարցադրմանը, այդուամենայնիվ, տրվեց հաստատուն դրական պատասխան. «Ո՛չ, նրա կենսաբանական թոռն է: Մենք մի քանի բան գիտենք, բայց դրանք իմացել ենք նրա հետ անձնական խոսակցության ժամանակ, ուստի չենք կարող այդ մասին խոսել: Երեւի ճիշտ կլինի` մյուս այցի ժամանակ ինքը փաստաթղթերը հավաքի ու պատմի իր ընտանիքի պատմությունն այն սահմանների շրջանակում, որը թույլ կտա ընտանեկան էթիկետը»,-մեկնաբանեցին ակումբից:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԹՈՒՐՔԵՐԸ ԿԵՐԳԵՆ ՀԱՅԵՐԵՆ
Ապրիլի 22-ին Ստամբուլում տեղի կունենա համերգ` նվիրված 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալված եւ կարճ ժամանակ հետո սպանված հայ մտավորականների հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, համերգի ընթացքում ելույթ կունենան «Քարդեշ թյուրքուլեր» («Եղբայրական երգեր») անսամբլը, Արա եւ Օնիկ Դինքջյանները, Յորդի Սավալըն, իսկ թուրք երգիչներ Օսման Քավալըն եւ Հասան Սալթըքը կկատարեն հայերեն երգեր: Համերգի ընթացքում կհնչեն աքսորված եւ սպանված հայ գրողների ստեղծագործություններից: Առաջին անգամ կկատարվի Զուլֆու Լիվանելիի` Կոմիտասին նվիրված ստեղծագործությունը:

 

ՀԱՅ` ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ
Ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերին շուտով ՀՀ քաղաքացիություն կշնորհվի. այս մասին հայտնել է երաժիշտը ապրիլի 20-ին՝ իր եւ Արա Գեւորգյանի համատեղ ասուլիսի ժամանակ: Արա Գեւորգյանն իր հերթին հույս է հայտնել, որ հնարավոր կլինի ապրիլի 24-ին հենց Ծիծեռնակաբերդում Դեքերին պաշտոնապես հանձնել հայկական անձնագիրը:
«Ծնունդով ոչ, բայց ընտրությամբ հայ եմ, շատ եմ սիրում հայերին: Ես ինձ նույնացնում եմ այս ժողովրդի հետ` նախ լինելով քրիստոնյա. հայերի Ցեղասպանությունը եղել է հենց այն պատճառով, որ նրանք քրիստոնյա են: Սպանվողներն իմ քույրերն ու եղբայրներն են եղել»,- ասել է Դեքերը:
Արա Գեւորգյանի` Ցեղասպանությանը նվիրված «Ադանա» ստեղծագործության բառերի հեղինակը հենց Դեքերն է: Իսկ այս անգամ Դեքերն ու Արա Գեւորգյանը միավորվել են «Սեւ ապրիլ» կոչվող նախագծի շուրջ: Այն Ցեղասպանության մասին երկու երգ է ներառում` հայերեն եւ անգլերեն:

 

ԵՎՍ ՄԻ ԵՐԵԽԱ ԿՈՐԴԵԳՐԵՆ
Հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը մտադիր են Սիրիայից երեխա որդեգրել: TheExpress-ի փոխանցմամբ` Սիրիայում տեղի ունեցածը պարզապես սարսափեցրել է Ջոլիին: «Անջելինան անձամբ է ծանոթացել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին: Նա եւ Բրեդն այն կարծիքին են, որ այժմ հերթական երեխան որդեգրելու ճիշտ ժամանակն է: Հնարավոր է, որ երեխան լինի իգական սեռի»,-նշել է լրատվամիջոցի աղբյուրը:
Հիշեցնենք, որ Ջոլին ու Փիթն ունեն երեք կենսաբանական եւ երեք որդեգրված զավակ:




Լրահոս