ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ armlur.am-ի
Երեկվանից Ստրասբուրգում սկսվել են միտինգներ եւ նստացույցեր` ի պաշտպանություն Ժիրայր Սէֆիլյանի եւ նրա ընկերների: Նախկին քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են նստացույցի եւ արդեն հայկական դրոշով վրան ունեն: Նա նաեւ հավելել է, որ իրենք ակնկալիք ունեն, որ ժողովրդավար Եվրոպան հետեւողական կլինի քաղբանտարկյալների հարցերին եւ քայլեր կձեռնարկի, այլապես, Մանուկյանի խոսքով, ոչնչով չեն տարբերվի պուտինյան Ռուսաստանից կամ ռուսաստանյան Պուտինից:
ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ՝ եթե հասարակական կազմակերպությանը պատկանող մեքենան վաճառքի է հանվել, ապա այդ դեպքում վաճառքի գումարի 20%-ը պետք է տրվի պետությա՞նը: Կխնդրեի պատասխանել՝ կա՞ նման բան եւ ի՞նչ տոկոսային հարաբերակցությամբ:
Արման Հարությունյան (30 տարեկան, պատմաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրում են` ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք չունեցող իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունները, այդ թվում՝ հիմնարկները, օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցչությունները:
«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` ՀԿ-ն ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել միայն առեւտրային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց մասնակցելու միջոցով:
Եթե նշված դեպքում ՀԿ-ն ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացնում առեւտրային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց մասնակցելու միջոցով, ապա այդ կազմակերպությունը օրենքի 3.1 հոդվածի համաձայն՝ կհամարվի ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրող: Նույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ-ի դրույքաչափը սահմանվում է 20%` ապրանքների ու ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ: Ինչ վերաբերում է շահութահարկին, ապա ՀԿ-ները համարվում են շահութահարկ վճարող եւ միակ առանձնահատկությունը «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված է օրենքի 8-րդ եւ 11-րդ հոդվածներով (հարկման առումով ոչ առեւտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում` անդամավճարները) եւ ծառայությունները չեն դիտվում եկամուտ, իսկ այդ անհատույց ստացված ակտիվների (այդ թվում` անդամավճարների) գծով ծախսերը կամ դրանց հաշվին կատարված ծախսերը չեն համարվում ծախս): Այլ առանձնահատկություն ՀԿ-ների համար օրենքով նախատեսված չէ, եւ վերջիններիս կողմից գործունեության (այդ թվում` մեքենայի իրացումից ստացվող հասույթը) արդյունքներով շահութահարկը հաշվարկվում եւ բյուջե է վճարվում ընդհանուր սահմանված կարգով:
ՀՀ ֆինանսների նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով, եթե հասարակական կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացնում առեւտրային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց մասնակցելու միջոցով, ապա նա պարտավոր է վաճառքի գումարի 20%-ը վճարել պետությանը:
ՀԱՐՑ. Մոտ երկու տարի առաջ հայրս բանկից վարկ էր վերցրել, սակայն նա այժմ մահացել է: Խնդրում եմ պարզաբանել՝ վարկառուի մահանալու դեպքում բանկն իրավունք ունի՞ տոկոսներ հաշվարկել:
Նարեկ Հովհաննիսյան (39 տարեկան, ինժեներ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Վարկառուի մահվան դեպքում վերջինիս իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ վարկային պայմանագրից բխող, նույն ծավալով փոխանցվում են նրա ժառանգներին: Ժառանգության ընդունումը տեղի է ունենում ժառանգատուի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում: Այսինքն՝ վարկառուի մահվանից վեց ամից հետո վարկառուի՝ վարկային պայմանագրից բխող իրավունքներն ու պարտականությունները փոխանցվում են նրա ժառանգներին, որոնք ընդունել են ժառանգությունը: Ընդ որում, վերոնշյալ վեց ամսվա ընթացքում վարկային պայմանագրից բխող տոկոսադրույքների հաշվարկը չի դադարում:
Ֆինանսական հաշտարարի գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ բանկն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխել տոկոսի չափը՝ կախված ֆինանսական շուկայից, բանկի ներգրաված եւ\կամ շուկայում տեղաբաշխած միջոցների տոկոսադրույքների տատանումներց եւ\կամ եթե ֆինանսական շուկայում իրատեսական են դարձել վարկի տարեկան տոկոսադրույքի փոփոխման նախադրյալները: Բանկը տոկոսի չափի փոփոխման մասին առնվազն 30 օր առաջ ծանուցում է վարկառուին, ինչը հիմք է հանդիսանում ծանուցման մեջ նշված ժամկետից փոփոխված տոկոսը կիրառելու համար: Եթե վարկառուն համաձայն չէ փոխված տոկոսի հետ, ապա նա իրավունք ունի վաղաժամկետ լուծել համապատասխան համաձայնագիրը՝ կատարելով բանկի հանդեպ տվյալ համաձայնագրով իր ունեցած պարտավորություններն ամբողջ ծավալով: