ՀՀԿ-Ի ՍԻՐԵԼԻ ԵԺԿ-Ն ԱԴՐԲԵՋԱՆԻՆ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն (ԵԺԿ) այս ընթացքում ոչ միայն չարձագանքեց Ռամիլ Սաֆարովի արտահանձնման սկանդալին, այլեւ նախորդ շաբաթ տեղի ունեցած ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում փորձել է ամեն գնով խոչընդոտել, որ այդ հարցը քննարկման առարկա չդառնա:
ԵԺԿ-ի այս պահվածքն այնքան էլ զարմանալի չէր թվա, եթե չլիներ մեկ կարեւոր հանգամանք. ԵԺԿ անդամ են նաեւ հայկական երեք կուսակցություններ՝ իշխող ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգություն»-ը: Ու եթե Հայաստանի համար մեծ կարեւորություն ունեցող հարցում ԵԺԿ-ն նման պահվածք է դրսեւորում, կարելի է պատկերացնել այնտեղ հայկական երեք կուսակցությունների իրական ազդեցության, դերի ու կշռի, ավելի ճիշտ՝ դրանց բացակայության մասին:
Ճիշտ է, հայկական պատվիրակության անդամների ճնշումների ներքո ԵԽԽՎ-ն այնուամենայնիվ, քննարկման առարկա դարձրեց արտահանձնման պատմությունը: Սակայն փաստը, որ ԵԺԿ-ականները տեւական ժամանակ դիմադրել են այդ հարցում, ինքնին խոսուն է: Առավել եւս, Սաֆարովի արտահանձնման հետ կապված իրադարձությունների հետագա զարգացումների համատեքստում: Ինչպես հայտնի է ԵԺԿ-ի փոխնախագահներից մեկը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն է: Իսկ Հունգարիայի իշխանությունները երկու անգամ Հայաստանին առաջարկեցին վերականգնել սառեցված հարաբերությունները, նաեւ նշվեց, որ իրենք գործել են միջազգային օրենսդրության սահմաններում, բայց հետո Ադրբեջանը խաբել է իրենց՝ ներում շնորհելով Սաֆարովին: Իսկ դա նշանակում է՝ ե՛ւ Հունգարիան, ե՛ւ ԵԺԿ-ն պետք է շահագրգռված լինեին, որպեսզի ԵԽԽՎ-ում ջրի երես ելներ ողջ իրականությունը, նաեւ՝  բացահայտվեր Ադրբեջանի կեղծիքը: Բայց արի ու տես, որ նման բան տեղի չունեցավ: Ու մի բան էլ ավելին:
Այսքանից հետո հայաստանյան երեք կուսակցություններն էլ քար լռություն են պահպանում ԵԺԿ-ի վերաբերմունքի առնչությամբ, եւ առայսօր որեւէ մեկը չի փորձել պարզաբանումներ պահանջել ԵԺԿ պահվածքի վերաբերյալ: Հատկապես ՀՀԿ-ն՝ որպես իշխող հիմնական ուժ, պետք է նախանձախնդիր լիներ այս հարցում: Այնինչ ազգայնական այս կուսակցությունն ազգային հարցերի վերաբերյալ փորձում է ջայլամի քաղաքականություն վարել:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե Սաֆարովի հարցի քննարկմանը դիմադրել է ոչ թե ԵԺԿ-ն, այլ այդ կուսակցության անդամ որոշ պատգամավորներ: «ԵԺԿ-ում կան բազմաթիվ պատգամավորներ, որոնք անթաքույց պաշտպանում են Ադրբեջանի շահերը: Այնպես որ, այստեղ խոսել ԵԺԿ վերաբերմունքի մասին, ճիշտ չէ: Դա ոչ թե ԵԺԿ վերաբերմունքն էր, այլ այդ կուսակցության որոշ անդամների: Պարզապես ԵԺԿ-ն ամենամեծն է ԵԽԽՎ-ում, դրա համար էլ ադրբեջանական լոբբին այս խմբում նկատելի է»,-ասաց Դավիթ Հարությունյանը: Վերջինս նաեւ նշեց, որ այսքանից հետո ՀՀԿ-ն չի վերանայելու իր անդամակցությունը ԵԺԿ-ին:
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներից Նաիրա Զոհրաբյանը, սակայն, հակառակն էր պնդում: Նա «Ժողովուրդ»-ին ասաց, թե ԵԺԿ այս պահվածքն առնվազն տարօրինակ է: «Միջազգային հանրությունն ուղղակի միակամ դատապարտեց Ադրբեջանի եւ Հունգարիայի միջեւ կայացած խայտառակ գործարքը, ու առնվազն տարօրինակ է, թե ինչու հայաստանյան երեք կուսակցությունները, որ դիտորդ անդամ են ԵԺԿ-ում, որեւէ պարզաբանում չեն պահանջում իրենց մայր կուսակցությունից՝ նման բացահայտ վարքագծի համար,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով,-դա նաեւ ԵԺԿ վերաբերմունքն է իր դիտորդ եւ լիարժեք անդամների հանդեպ: ԵԺԿ-ն այսպես ցույց տվեց, թե իր համար ինչ արժեք ունեն դիտորդ ու լիարժեք անդամները»:
Հ.Գ. Ի դեպ, համեմատության համար նշենք, որ հայաստանյան քաղաքական ուժերից ՀՀՇ-ն Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ է: Եվ իր անդամակցության օրվանից՝ 2010թ. ի վեր, ՀՀՇ-ին երկու անգամ հաջողվել է Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների հայտարարություններում ամրագրել ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդիրները: Տարբերություններն ակնհայտ են, իսկ մեկնաբանությունները՝ ավելորդ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս